Բաժիններ՝

«Գռեհկությունն ինձ մոտ ևս սրտխառնոց է առաջացնում». Լիլիթ Կարապետյան (լուսանկարներ)

90-ականների «սեքս սիմվոլ» համարվող երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ մեր զրույցի թեմաները բազմազան էին` մեծ աղմուկ հանած «Ժամանակին» երգի տեսահոլովակից` մինչև անձնական կյանքին վերաբերող գաղտնիքներ:

Այն, որ Լիլիթը մարտական, սակայն դրական էր տրամադրված լրագրողների՝ երբեմն նաև ոչ այդքան կոռեկտ հարցերին, ակնհայտ էր հարցազրույցի առաջին իսկ րոպեներից: Ի վերջո, երգչուհին իր ընտրած ասպարեզում է` դեռևս «անհիշելի» ժամանակներից:

Եվ արդեն վաղուց հասցրել է ինչպես հարկն է՝ կոփվել: Կյանքի հարվածներին դիմակայելու ունակությունը նա ձեռք է բերել դեռ մանկուց, երբ 9 տարեկանում կորցրեց հորը, իսկ տարիներ անց ցավալի պատահարի արդյունքում կորցրեց երիտասարդ եղբորը…

«Երբ մարդն իր կյանքում կորցնում է ամենահարազատներին, նա այլևս ընդունակ է տանել անգամ ամենաչար մարդկանց ատելությունը` առանց կոտրվելու և չարանալու: Նա պարզապես ընդունում է իրականությունը՝ իբրև փաստ: Իսկ իրականությունն այն է, որ մարդիկ այս աշխարհի երեսին տարբեր են: Այո, նրանց մեջ միշտ էլ կլինեն քեզ սիրողներ, քեզ ատողներ, քեզ խաբողներ և քեզ նախանձողներ… Նորմալ է, այդպես էլ պետք է լիներ»,- նշում է Լիլիթ Կարապետյանը:7

Կարդացեք նաև

– «Ժամանակին» երգի տեսահոլովակիդ առաջացրած բումը նախատեսվա՞ծ էր, թե՞ ինքնըստինքյան ստացվեց:

– Կարելի է ասել՝ և՛ նախատեսված էր, և՛ ինքնըստինքյան ստացվեց: Սակայն հաստատ կանխատեսված չէր, որ այն այս տեսակ աղմուկ և հետաքրքրքություն կառաջացներ հանրության մեջ: Երկարատև լռությունից հետո ես պետք է կամ այսպիսի մուտք ունենայի, կամ էլ էլի ոչինչ չանեի: Բայց նմանօրինակ իրարանցում իմ անձի շուրջ հաստատ չէի կանխատեսել:

1

– Ինչո՞վ էր պայմանավորված 6 տարվա լռությունդ:

– Հիմնական լռությունը պայմանավորված էր որդուս լույս աշխարհ գալով: Ես դարձա մամա և շատ երջանիկ եմ, որ իմ կյանքում կա մարդ, ում սիրում եմ կյանքիցս առավել. իմ տղան է` Կարեն-Ալեքսը:

Վերջին տեսահոլովակս 2008-ին էր, «Սիրո պատմություն» էր կոչվում, այն բոլորովին այլ ոճի մեջ էր` շատ ռոմանտիկ, նուրբ… Դրանից հետո՝ 2009 թվականին, ծնվեց որդիս: Հետո արդեն տրվեցի երեխա մեծացնելու գործին, որին զուգահեռ՝ սկսեցին անձնական խնդիրներն ի հայտ գալ… Ես դեռ պատրաստ չէի նորից ամեն ինչ սկսելու:

Կոնկրետ ասելիք էլ չունեի: Ես ինքս պետք է հասկանայի, որ ամեն ինչ հասունացել է այն աստիճան, որ պետք է այդ ամենով կիսվել, այդ ամենի մասին պատմել… Չի կարելի պարզապես ինքնահաստատվելու, ինքնագնահատականի համար բեմ բարձրանալ:

 

3

4

– Նշեցիր, որ հասունացավ ասելիքդ: Ի՞նչ ասելիքի մասին է խոսքը:

– Հոգեվիճակս հասունացավ այն աստիճան, որ պատրաստ էի կիսվել մարդկանց հետ իմ ասելիքով: Եթե դու արել ես գործ, և քո հոգեվիճակը չի համապատասխանում այդ գործին, դու պարզապես առանց հասկանալու, թե ինչ ես անում` երգ ես ձայնագրել, տեսահոլովակ ես նկարել և ինքդ քեզանից գոհ ապրում ես: Այդպես չպետք է լինի: Ես հասկացա, որ իմ մեջ եռում է այդ ամենն, ու ես պետք է իմ միջից դա դուրս հանեմ:

– Ասելիքը երգի բառերի մե՞ջ է, թե՞ քո հոգեվիճակն է համապատասխանում տեսահոլովակին:

– Ես հասկանում եմ, դուք ակնարկում եք տեսահոլովակի պարային բավականին անկաշկանդ ու ազատ շարժումները: Սակայն ես նորից եմ շեշտում, որ ասելիքը հոգեվիճակի մեջ է: Ի դեպ, բավականին լավ արձագանքներ եմ լսել թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Ռուսաստանից:

5

9

– Այո, Հայաստանի համար այն բավականին համարձակ է, սակայն, օրինակ, ռուսներին դժվար թե զարմացնենք նման տեսահոլովակով: Նրանց եթերն առանց նմանօրինակ բարիքի արդեն չենք էլ պատկերացնում:

– Պատկերացրեք՝ անգամ կարծիք է հնչել, որ մեր տեսահոլովակը ոչնչով չի զիջում, այլ կարող է անգամ համապատասխանել ռուսական տեսահոլովակներին:

– Քեզ համար դրակա՞ն գնահատական է ռուսական տեսահոլովակի հետ համեմատությունը:

– Իհա՛րկե այո: Մենք հեծանիվ չենք հորինել և չենք էլ հորինելու: Մենք սովորում ենք իրենցից:

– Երբ ասում են՝ ռուսական էստրադա, առաջին հերթին՝ մտքիդ «պոպսա» բառն է գալիս: Երբ ասում են՝ եվրոպական երաժշտություն, ինչ-որ առումով մարդը ենթագիտակցաբար ասոցիացնում է թեկուզև՝ էստրադային, բայց առավել բարձր մակարդակի, բարձրաճաշակ երաժշտության հետ: Ստացվում է, որ մենք այն աստիճան վատ վիճակում ենք, որ համեմատությունն այդ նույն «պոպսայի» հետ ընկալվում է իբրև հաճոյախոսությո՞ւն:

 

– Խոսքը վերաբերում է տեսահոլովակի որակին, ընտրված հագուստին, բեմադրված պարին և առհասարակ համարձակությանը:

– Պարզապես հանրության մի ստվար հատված հակված է քո կողմից նշված համարձակությունը համեմատել գռեհկության հետ: Ո՞րն է սահմանն այդ նույն գռեհկության և էրոտիկ էլեմենտներով տեսահոլովակի միջև:

– Հավատացե՛ք, գռեհկությունն ինձ մոտ ևս սրտխառնոց է առաջացնում: Սակայն մենք չենք անցել թույլատրելիի սահմանը: Ամեն ինչ արվել է չափի մեջ և բավականին ճաշակով: Գիտեք, երբ տեսահոլովակը տեղադրվեց համացանցում, բնականաբար, բազմատեսակ կարծիքների տարափ տեղաց: Ընդ որում՝ և՛ լավ, և՛ քննադատական արձագանքներ: Մի գրառում է շատ լավ տպավորվել: Մի կին գրել էր. «Իսկ ի՞նչ էինք ուզում, որ Լիլիթն այս պարը պարեր տնային տնտեսուհու խալաթո՞վ»: Այսինքն՝ հասկացողը հասկանում է, որ այս տեսահոլովակում ամեն ինչ համահունչ է` և ռիթմը, և պարը, և հագուստը, և էրոտիկան:

– Գիտեմ, որ սկզբնական շրջանում փոքր-ինչ տարակուսանքով էիր վերաբերվում պարին: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

8– Որդուս պատճառով:

– Վախենում էիր, որ որդիդ չի՞ ընդունի մայրիկի նոր և իրեն անհայտ կերպարը:

– Որդիս բոլորովին այլ մտածելակերպ ունի: Նա դեռ փոքր է, իհարկե, սակայն արդեն իսկ զգացվում է, որ նա շատ ժամանակակից է լինելու: Մտավախությունս առնչվում էր հանրության կարծիքի հետ նաև:

Երբ կինը մայրանում է, ավելի զգուշությամբ է մոտենում հանրության կարծիքին: Երբ առաջին անգամ տեսա պարը, մի փոքր տարակուսանք, անշուշտ, կար: Իսկ պարի ուսուցման ժամանակ, երբ դեռևս աշակերտի պես շարժումներ ես կատարում, հասկանում ես, որ դա ուղղակի պար է` պարզապես նմանօրինակ բեմադրմամբ:

Հետզհետե, սովորելու ընթացքում, ինձ ևս սկսեց դուր գալ այն, ինչ ես պարում էի: Ինչ վերաբերում է որդուս՝ ասեմ, որ նա իր մտածելակերպով լիովին համապատասխանում է իր ծննդավայրի մարդկանց` նա հայ է, բայց ամերիկացու մտածելակերպ ունի:

 

12

13

– Իրո՞ք կարծում ես, որ ծննդավայրը կապ ունի մտածեակերպի հետ: Չէ՞ որ նա դեռ շատ փոքր է և այդքան էլ երկար ժամանակ չի անցկացրել ԱՄՆ-ում:

– Ես ծնվել եմ Ալավերդիում, ես լոռեցի եմ: Որքան էլ տարիներն անցնեն, որ երկրներում էլ ապրեմ, միևնույն է, ես լոռեցի եմ: Անգամ շնչածդ օդը նշանակություն ունի քո տեսակի կազմավորման հարցում:

– Կարծրատիպ կա, որ մարզերի աղջիկները մեծամասամբ ավելի բարդույթավորված են, առավել ամաչկոտ են, այսպես ասած` նամուսով: Սակայն ակնհայտ է, որ այդ նույն բարդույթավորված աղջիկները հայտնվելով քաղաքում և ինքնադրսևորման համար փոքր-ինչ ազատություն ստանալու դեպքում՝ այդ նույն ազատությունից օգտվում են առավել մեծ էնտուզիազմով: Լոռեցի Լիլիթն ու երևանցի Լիլիթը որքանո՞վ են տարբեր իրարից:

– Ես ընդհանրապես չեմ փոխվել, ինչի համար շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին: Լինելով ավանդապահ ընտանիք, մենք եղել են բավականին ժամանակակից:

18

– Արդյոք հնարավո՞ր է դա: Եվ ի՞նչ է քեզ համար ավանդապաշտ ընտանիք ասվածը:

– Մենք չենք եղել ավանդապաշտ, մենք եղել ենք ավանդապահ: Ես համարում եմ, որ այն ամենը, ինչ դառնում է պաշտամունքի առարկա, արդեն իսկ դուրս է նորմայից: Դա արդեն իսկ խոսում է մարդու հոգեվիճակի մեջ ինչ-որ խանգարումների մասին: Չի կարելի կուրորեն պաշտել որևէ բան կամ որևէ մեկին` առհասարակ:

Մենք չենք պաշտել, մենք պահպանել ենք մեր ավանդույթները մեր ընտանիքում: Միևնույն ժամանակ՝ եղել ենք ազատախոհ: Մեր տանը հանգիստ կարելի էր խոսել ցանկած թեմայի շուրջ, ունենալ նույն հարցի շուրջ տարբեր կարծիքներ… Առողջ մթնոլորտ է եղել մեր տանը: Երբեք չի խրախուսվել սեփական կարծիքը դիմացինին պարտադրելու, սեփական տեսակետը միակ ընդունելին դարձնելու երևույթը:

Դա կոչվում է հարգանք դիմացինի հանդեպ: Ծնողներս բարձրագույն կրթություն են ունեցել և լավ աշխատանք: Ճիշտ է, հայրս վաղ է մահացել, սակայն մայրս լինելով բանասեր՝ միշտ պաշտոններ է զբաղեցրել: Մենք եղել ենք կրթված, դաստիարակված, հարգանք իմացող: Եվ եթե ես կարճ շրջազգեստ էի հագնում, բոլորը համարում էին, որ այսուհետ կարելի է նաև այդպես քայլել:

– Եղբորդ մահն անգամ ժամանակին բամբասանքի թեմա դարձավ…

17

– Մարդիկ տարբեր են` բարի, կամեցող, չար, կամ պարզապես տականք… Ա՛յ հենց այդ տականքների համար անգամ ողբերգությունը պատնեշ չդարձավ, և նրանք դա էլ օգտագործեցին իմ դեմ չարախոսելու նպատակով: Ասում էին՝ իբրև ես էի ղեկին այդ չարաբաստիկ օրը, և այլն… Ես անգամ մեքենա վարել չգիտեի: Ավտովթարն էր պատճառը և… Եկեք չխոսենք այդ թեմայի շուրջ: Այն ինձ միայն ցավ է պատճառում:

– Խոսենք այն սև ցուցակների մասին, որոնց թեման այնքան հին է, որ թվում է, թե այլևս քննարկման առարկա չի կարող լինել: Դու միշտ նշում էիր, որ դու և «Արձագանք» ստուդիայի շատ կատարողներ պարզապես սկսել էիք խանգարել նոր ի հայտ եկող երգիչ-երգչուհիներին, և այլն… Ի՞նչ տեղի ունեցավ, որ, չնայած սնկի պես աճող, երգել սիրող մեր հանրությանը, դու այլևս խոչընդոտ չես հանդիսանում: Եվ ոչ ոք քո առջև այլևս դուռ չի փակում:

– Համացանցն իր գործն արեց: Հիմա հեռուստատեսությունն այլևս ոչնչով չի կարող զարմացնել: Ամենահետաքրքիրն ու կրեատիվն առաջինը հայտնվում է ինտերնետում: Հիմա ով ինչ ուզում՝ նկարում, գրում, երգում է՝ տեղադրում է համացանցում: Կարծիքներն ավելի քան անկեղծ են լինում: Եվ եթե արածդ գործը հետաքրքրություն է առաջացնում` դու հաղթող ես: Համացանցի շնորհիվ ամեն ինչ ակնհայտ է դարձել:

Անգամ իմ կամեցողների և չկամեցողների մասին ես շատ հանգիստ իմանում եմ այդ նույն համացանցում տեղադրած իմ տեսահոլովակի կամ պարզապես լուսանկարիս տակ հայտնված գրառումներից: Եթե առաջ իմ առջև փակ էին հեռուստատեսության դռները, ապա այսօր նրանք են ինձ հրավիրում, քանի որ ես հետաքրքրություն եմ առաջացնում` իմ կերպարով, իմ երգով և, իհարկե, իմ նոր տեսահոլովակով:

Ես անկեղծորեն ասում եմ, որ տեսահոլովակն արվել է հենց այդ նպատակով: Այո, այն պետք է աղմուկ հաներ և ունեցավ այդ աղմուկը:

– Հղի էիր, երբ մեկնեցիր ԱՄՆ: Դա փախուստ էր լրագրողների՞ց, թե՞ կոնկրետ մի մարդուց:

– Ես ոչ ոքից էլ չեմ փախել: Առհասարակ ասեմ, որ փախչող տեսակ չեմ: Պարզապես այստեղ բժիշկներն ինձ որևէ հույս չէին տալիս երեխայիս լույս աշխարհ գալու հարցում: Ես մեկնել եմ Միացյալ Նահանգներ` երեխայիս համար:

Այնտեղ բուժվել եմ, օրերով հիվանդանոցում եմ պառկել: Շատ ծանր հղիություն էր ինձ համար: Արդյունքում՝ երեխաս լույս աշխարհ եկավ 8 ամսականում: Այդ օրերին Արամեի «Առավոտ» տեսահոլովակն էին շատ ցուցադրում: Այդ երգը շատ եմ սիրում, բայց հղի վիճակում չէի կարողանում նայել այդ տեսահոլովակը: Չգիտես ինչո՞ւ՝ ինձ թվում էր, որ ես էլ տեսահոլովակի հերոսուհու պես ծննդաբերության ժամանակ մահանալու եմ, երեխաս մնալու է առանց մայր: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց թե՛ իմ, թե՛ երեխայիս համար:

– Իսկ որտե՞ղ էր երեխայի հայրը:

– Նա Հայաստանում էր: Իր մայրը վատառողջ էր` մոր կողքին էր:

– Այդ 7 ամիսների ընթացքում նա մեկ անգամ էլ չի այցելել տեսնելու, թե իր երեխայի մայրն ու իր երեխան ինչ վիճակում են:

– Կարիքը չկար: Ի վերջո, այդ իրավիճակը ես էի ստեղծել:

– Ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը:

– Երեխայիս հոր` երգիչ Դավիթ Թուջարյանի հետ ծանոթացել ենք «Ջիանի» ակումբում, որտեղ երկուսս էլ երգում էինք: Մենք շատ գեղեցիկ սիրո պատմություն ենք ունեցել, ամեն ինչ շատ կատարյալ էր թվում` մինչ այն պահը, երբ ինձ սկսեցին պարտադրել ապրել բոլորովին խորթ և անծանոթ կյանքով` առանց բեմական գործունեության: Ես ասես փակուղու մեջ լինեի:

Գիտեք, եթե ինձ նման ընտրության առջև դներ շոու-բիզնեսի աշխարհին անծանոթ մի տղամարդ, ում համար անընդունելի կարող էր լինել այդ միջավայրը, ես դեռ կհասկանայի: Բայց երբ երգիչն է սկսում խանդել, իր կարծիքը պարտադրել, ընտրության առջև դնել… Ա՛յ դա անընդունելի է:

Դավիթը հրաշալի ձայն ունի, բեմական գեղեցիկ արտաքին, բայց նա մեր` երգիչների աշխարհից չէ: Տեսեք, դուք ինձ ամեն տեսակ հարց տալիս եք: Ես, հասկանալով, որ հանրային կերպար եմ և իմ անձի շուրջ, բնականաբար, հետաքրքրությունը մեծ է, պատասխանում եմ Ձեր հարցերին կամ էլ փորձում եմ որոշ հարցեր շրջանցել: Եթե նա լիներ իմ փոխարեն՝ հիմա կարող էր շատ արագ բորբոքվել և պարզապես զայրացած ընդհատել հարցազրույցն ու հեռանալ: Նա երգիչների աշխարհից չէ:

– Դավիթն արդեն ամուսնացել է և իր ընտանիքն է կազմել: Ի՞նչ զգացողություն է առաջացրել քեզ մոտ Դավիթի ամուսնությունը:

– Ես միանշանակ ողջունեցի այդ փաստը, քանի որ ինքս եմ նրան դրդել դիմել այդ քայլին: Դա միակ ճիշտ որոշումն էր, որ կարող էր լինել:

– Ամուսնությունից հետո Դավիթը հաճա՞խ է այցելում երեխային:

– Առաջ նա հաճախ էր գալիս երեխային տեսության, երեխան էր գնում նրա մոտ: Հիմա արդեն, ինչ նոր ընտանիք է կազմել, ավելի է հեռացել երեխայից:

– Քո մեղավորության բաժինը չե՞ս զգում, որ երեխան առանց հոր է մեծանում: Չէ՞ որ դու ընտրել ես երգը, երբ Դավիթը քեզ ընտրության առջև էր դրել` կամ նստել տանն ու մայրություն անել, կամ երգել բեմերում:

– Երեխա ունենալուց հետո մի տարի փորձեցի ապրել առանց երգելու: Ես նևրոզ տարա` ապրելով միայն տան պատերի ներսում: Շատ բարդ է լինել այն, ինչ լինել չես կարող: Ես միայն տնային տնտեսուհու կյանքով ապրել չեմ կարող:

Դա ես չեմ, այդ կյանքն իմը չէ: Ես 13 տարեկանից բեմում եմ: Երբ քեզ պարտադրում են լինել միայն այն, ինչ դու լինել չես կարող, արդեն իսկ սարսափելի է: Նման ընտանիքը երկար չի կարող գոյատևել: Այժմ ես և՛ մայր եմ, և՛ տնային տնտեսուհի, և՛ երգում եմ: Ես ես եմ: Իմ երեխային աշխատանքիս շնորհիվ տալիս եմ միայն ամենալավն ու բարին: Գիտեմ միայն, որ այս աշխարհում ինչ ցանես՝ այն էլ կհնձես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս