Դավութօղլուն մանրամասնել է, որ իրենք դա անելու են տարբեր կառույցների միջոցով՝ դիվանագիտականից մինչև իրավական հարթություն, հանրային դիվանագիտությունից մինչև ակադեմիական աշխատանքներ, արտերկրում գտնվող թուրքական համայնքների միջոցով և այլն: Դավութօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ աշխատանքները համակարգել ամբողջական ռազմավարության մեջ:
Դավութօղլուն հիշատակել է նաև այս տարվա ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձը, ինչը նա որակել է որպես տվյալ հարցում իրենց ռազմավարության արտացոլանք: Դավութօղլուի խոսքերով՝ այդ ուղերձում իրենք կրկնեցին 2005 թվականին պատմաբանների համատեղ հանձնաժողով ձևավորելու և հարցն ամբողջովին պատմաբաններին թողնելու մասին արած իրենց կոչը:
Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը ռազմավարության շրջանակներում տվյալ թեմայի շուրջ անհրաժեշտ շփումների մեջ է թե՛ արտերկրում, թե՛ երկրի ներսում մի շարք կառույցների ու մարդկանց հետ: Դավութօղլուի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության հարցում մի շարք երկրների խորհրդարանների ընդունած որոշումները չեն կրում պարտադիր բնույթ.
«Սակայն անհրաժեշտ է կանխել այդօրինակ որոշումները, պետք է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ ու աշխատանքներ: Տվյալ երկրներում մեր քաղաքացիներն ու ասոցիացիաները հայտնում են իրենց դիրքորոշումը: 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ միջազգային իրավական ոլորտում չի կարող լինել կոնսենսուս»: