Ինչու են հայ պաշտոնյաները զբաղվում գործարարությամբ
Եվ այսպես, խոշոր գործարարները Հայաստանում դառնում են պատգամավոր ու պաշտոնյա, հետո հայտարարում, որ իրենք գործարարությամբ չեն զբաղվում։
Ոմանք ասում ենք` մենք ընդամենը սեփականատեր ենք, ոմանք էլ ընդհանրապես հերքում են, որ փայատեր են հանդիսանում այս կամ այն ընկերությունում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարում է, որ որևէ պաշտոնյա (այդ թվում` ինքը) գործարարությամբ չի զբաղվում։
Սակայն սա Հայաստանն է, որտեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն։ Այդ թվում` ով ինչ բիզնես ունի և օրվա որ ժամերին է դրանով զբաղվում։ Ավելին, մեր որոշ պատգամավորներ հաճախ անուղղակիորեն խոստովանում են, որ զբաղվում են գործարարությամբ։ Ձգտելով արդարանալ կամ որևէ լավ բան ասել` իրենք էլ անզգուշաբար հաճախ հայտարարում են, որ վճարում են հարկերը, աշխատատեղեր են ստեղծում, և այլն։ Մի խոսքով` Հայաստանում պաշտոնյաները գործարարությամբ զբաղվում են, որքան էլ հնչի հակառակ կարծիքը։
Ավելի կարևոր է` փորձել հասկանալ, թե ինչու։ Ինչո՞ւ են պետական պաշտոնյաները շարունակում զբաղվել գործարարությամբ։ Ինչո՞ւ չեն հանձնում իրենց ակտիվների կառավարումն այլոց ու հանգիստ վայելում շահաբաժինները։ Ինչո՞ւ են ակտիվ միջամտում ընկերության գործերին և որոշումների ընդունման գործընթացին։
Ամբողջ գաղտնիքը, այսպես կոչված, կորպորատիվ կառավարման համակարգի մեջ է։
Կորպորատիվ կառավարումը, եթե պարզ ձևակերպենք, հետևյալն է` սեփականատերն իր ակտիվների կառավարումը հանձնում է պրոֆեսիոնալ մենեջերների թիմին և չի միջամտում որոշումների կայացմանը։ Իհարկե, որպես բաժնետեր` նա ունի լծակներ և վերահսկողության մեխանիզմներ, սակայն մենեջերները գործում են ինքնուրույն։
Հայաստանում այս մեխանիզմը չի գործում։ Բացառությամբ մի քանի ոլորտների (օրինակ` բանկային համակարգ), կորպորատիվ կառավարման մոդելը հայկական բիզնեսում տարածված չէ։ Չնայած այս առումով անցկացվել են տարբեր սեմինարներ, ուսումնասիրություններ, վիճակը չի բարելավվում։ Թեպետ ապացուցվել է, որ կորպորատիվ կառավարման մոդելն արդյունավետություն և թափանցիկություն ապահովելու ամենաճիշտ տարբերակն է, այդուհանդերձ, հայ սեփականատերերը չեն հավատում նման «թիթիզություններին»։
Նախ` ամեն ինչ գալիս է կենտրոնացվածությունից։ Վերջերս անցկացված հետազոտություններից մեկի համաձայն` Հայաստանի բաժնետիրական ընկերությունների սեփականության կառուցվածքը բնութագրվում է խիստ կենտրոնացվածությամբ, հիմնականում միանձնյա սեփականատերեր են, կամ բիզնեսին տիրում են մի քանի հարազատներ։
Փոքր բաժնետերերը, ըստ էության գտնվում են արհամարհված վիճակում, և նրանց շահերը հաշվի չեն առնվում։ Իսկ խոշոր բաժնետերերն ուղղակիորեն ներգրավված են ընկերության կառավարման գործում։ Գլխավոր պատճառը վստահության բացակայությունն է։ Սեփականատերերը չեն վստահում կառավարիչների պրոֆեսիոնալիզմին։ Իսկ եթե համարում են նրանց պրոֆեսիոնալ, ապա չեն հավատում նրանց անկեղծությանը և ազնվությանը։ Դրա համար էլ խոշոր բաժնետերերը նախընտրում են բիզնեսները հանձնել իրենց հարազատներին, թեկուզ նրանք լինեն ոչ պրոֆեսիոնալ։ Խոշոր բաժնետերերը բիզնեսը համարում են իրենց անձնական ֆինանսների մաս և կարող են պետք եղած պահին դրամարկղի փողերը, առանց ավելորդ ձևականությունների, օգտագործել իրենց անձնական նպատակների համար։
Այդ իսկ պատճառով նման ընկերություններում չկան երկարաժամկետ ռազմավարական նպատակներ։ Ամեն ինչ արվում է այսօրվա համար` կարճ ժամանակում շահույթ ստանալու մղումով։ Մենեջերները խոշոր բաժնետիրոջ հետ համաձայնեցնում են ցանկացած, անգամ մանր որոշում։ Սկսած ապրանքի պիտակից` մինչև գնային ու կադրային քաղաքականություն։ Ընդ որում, խոշոր բաժնետերերը համոզված են, որ իրենց կարծիքը վերին ատյանի ճշմարտություն է։ Լինում են դեպքեր, երբ պրոֆեսիոնալների թիմն աշխատում է ինչ-որ նախագծի վրա մի քանի օր շարունակ, սակայն սեփականատերը պարզապես ասում է` սա ինձ դուր չի գալիս, կանեք այսպես։ Ենթակաները սովորաբար չեն հակառակվում` վախենալով կորցնել աշխատանքը։ Խոշոր գործարարները չեն խառնվում միայն այն բիզնեսների կառավարմանը, որոնցից բան չեն հասկանում։
Օրինակ` ՀՀ բանկային համակարգի մի զգալի մասը կենտրոնացված է մի քանի մեծահարուստների ձեռքում, սակայն բանկի մենեջերները բավականին ինքնուրույն են, և այստեղ գործում է կորպորատիվ կառավարման ինստիտուտը։ Թվում է` նման պայմաններում բիզնեսների մեծ մասը պետք է կարճ ժամանակում գնար սնանկացման։ Սակայն Հայաստանում այդպես չի. Խոշոր հարկատուները (օլիգարխները, բիզնես ունեցող անձինք և այլք) գնալով ծաղկում են։ Դրա բացատրությունն այն է, որ շատ դեպքերում բիզնես` որպես այդպիսին, չկա։ Օրինակ, Հայաստանում տարեկան սպառվում է պայմանական 1 միլիոն լիտր բենզին։
Մեկին ասում են` դու կներմուծես 200 հազար լիտր, մյուսին` դու 300 հազար, և այլն։ Հատուկ գիտելիքների ու հմտությունների կարիք չկա։ Այլ կերպ ասած` նշված ընկերությունները զբաղվում են ոչ թե դասական բիզնեսով, այլ` չգիտես ինչով, որը, սակայն, երաշխավորված շահույթ է ապահովում։ Հատկապես խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, որոնց սպառումը հաստատուն է, մնում է լեզու գտնել` ով որքան քվոտա կստանա այդ ապրանքը ներմուծելու համար։ Այսինքն` նման պայմաններում ավելի կարևոր են դառնում ոչ թե բիզնես ունակությունները, այլ համապատասխան տանիք գտնելն ու համապատասխան շրջանակների հետ լեզու գտնելը։
Հենց սա է ամենակարևորը։ Խոշոր սեփականատերն ինչ-որ տեղ ստիպված է միջամտել և հսկողության տակ պահել բիզնեսը, նա պետք է լուծի շատ կարևոր հարցեր` նախ պաշտպանի այն ոտնձգություններից, կապերն օգտագործելով պատվերներ շահի պետական տենդերներում, լուծի հարկահավաքման ընթացքում առաջացող խնդիրները, և այլն։ Բիզնես դպրոցներում նման առարկաներ չեն դասավանդում։
Ինչպես նշեցինք, բանկային համակարգում այդ միջամտությունը չնչին է։
Միջամտությունը քիչ է նաև IT ոլորտի ընկերություններում։ Պատճառը ոչ միայն գործի բարդությունն է, այլև այն, որ այդ ոլորտներում ստվերը գրեթե զրոյական է, զարտուղի ճանապարհները, հովանավորչությունը չեն աշխատում, և մասնագիտական ունակություններն ավելի կարևոր են, քան կապերն ու շուստրիությունը։
Հիմա հասանք ամենակարևոր հարցին` ինչպե՞ս տարանջատել բիզնեսն ու իշխանությունը։ Մի՞թե դա անհնար է։
Գործնականում` այո, եթե խոսքը հարկադրական մեթոդների մասին է: Ոչ ոք չի կարող խոշոր սեփականատեր հանդիսացող պատգամավորին արգելել երեկոյան հանդիպել իր ընկերության մենեջերին ու նրա հետ քննարկել գործերը։ Փոխարենը` կարելի է այնպես անել, որ խոշոր սեփականատերը նման հանդիպման կարիք չունենա։ Այսինքն` միջամտելն անիմաստ լինի։ Իսկ դրա համար հարկավոր է սահմանել հավասար խաղի կանոններ բոլորի համար, ձևավորել արդար մրցակցային դաշտ ու բացառել արտոնյալներին։ Նման պարագայում խոշոր սեփականատիրոջ «օգնությունը» ոչ միայն անօգուտ կլինի, այլև կարող է վնասել բիզնեսին։
Եթե հավատանք վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա նա հենց սրան է ցանկանում հասնել` ապահովել հավասար խաղի կանոններ բոլորի համար և ստվերից դուրս բերել խոշոր գործարարներին։ Իսկ դա իրատեսակա՞ն է։
Այս վերջին հարցին պատասխանելու համար հարկավոր է նախ հասկանալ` ի՞նչ կլինի, եթե Հայաստանում բիզնեսը գործի իդեալական միջավայրում։ Դա միգուցե բարձրացնի տնտեսական ակտիվությունը, նպաստի բիզնեսի զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը, սակայնգ կթուլանա իշխանությունը։ Որովհետև խոշոր բիզնեսի սեփականատերն այլևս ոչ մի շահագրգռվածություն չի ունենա` ներգրավվել քաղաքական պրոցեսներին և իշխանության մաս կազմել։ Նա կդառնա անկախ, ինքնուրույն։ Նրան ոչ ոք չի կարող ստիպել կոճակ սեղմել ուրիշի փոխարեն կամ «մուծվել» ընտրությունների ժամանակ։
Մի առիթով արդեն գրել ենք, որ Հայաստանում, որքան էլ տարօրինակ հնչի, ամենախոցելի խավը խոշոր գործարարներն են։ Նրանց անխոցելի դարձնելով` իշխանությունն ինքն է դառնում խոցելի։ Ցավոք, այսօրվա Հայաստանում դա անխուսափելի է, և այլընտրանք չկա։ Հիմա Հովիկ Աբրահամյանի խոսքերից ստացվում է, որ գործող իշխանությունը ցանկանում է թուլացնել ինքն իրեն։ Հավատա՞լ, թե՞ ոչ` արդեն յուրաքանչյուրի սեփական գործն է։