Բաժիններ՝

Տնտեսությունը սիրում է հաշվարկներ և փաստեր, որ չկան. Վահագն Խաչատրյան

Մեր զրուցակիցն է ՀԱԿ կուսակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

 

Պարոն Խաչատրյան, ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարության ծրագիրը «փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն»: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Սերժ Սարգսյանը ոչ մի նոր բան չի ասել: Լավագույն ցանկություններ որ ներկայացնեք որևէ մեկին, չի կարող չհամաձայնել: Նոր բան չի ասվել ու առաջին անգամ չէ, որ այս ամեն ինչը մենք լսել ենք: Վերցրեք կառավարության նախկին ծրագրերը, այդ թվում Սերժ Սարգսյանի նախկին խոստումներն ու ելույթները, նույնն են, ոչ մի փոփոխություն չկա, բացի նրանից, որ երկրում կյանքի որակը վատացել է, աղքատությունը շատացել է, մարդիկ ավելի վատ են ապրում: Այդ ելույթը կարող էր նույն հաջողությամբ գրված լինել 2010 թ., 2011 թ., 2013 թ. համար: Որևիցե ձևով նոր բան չկա:

 

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Մաքսային միության վերաբերյալ, նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցում «արդեն մտել ենք ավարտական փուլ», «ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա», «վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու»:

– Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև որևէ հաշվարկ չկա այդ խոսքերի տակ, որևէ մի փաստաթուղթ ես չեմ տեսել պաշտոնական իշխանության կողմից, որը կհիմնավորի այդ ասածները: Բացի գազի գնի մասին պայմանավորվածությունից, ռեալ այլ քայլեր չեմ տեսել: Հակառակը՝ մտավախություն ունեմ, որ լրացուցիչ խոչընդոտներ կառաջանան գործարարների ու ներդրողների համար, որովհետև մենք մտնում ենք մի շուկա, որն արդեն իր ներսում խնդիրներ ունի: Բոլորս էլ տեղյակ ենք Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող բանավեճերի մասին՝ կապված Եվրասիական տնտեսական տարածքում արտոնությոն ստանալ-չտանալու հետ: Երկրորդը՝ Վրաստանի հետ կապված է, որովհետև մենք գտնվելու ենք տարբեր տնտեսական միավորների մեջ, որը կրկին խնդիրներ է առաջացնելու: Այսօր ավելի կապված ենք եվրոպական և այլ շուկաների հետ, քան ՄՄ երկրների, եթե իհարկե էներգակիրները հանում ենք: Տնտեսությունը սիրում է հաշվարկներ և փաստեր, որ չկան: ՄՄ անդամակցության ճանապարհային քարտեզը, որի ընթացքում պետք է  համաձայնություններ լինեին առանձին ապրանքատեսակների գծով արտոնություններ ստանալու, ԱՀԿ հետ բանակցությունների հետ կապված, այդ ամենը դեռ չկա: Իսկ դրանք խնդիրներ են, որոնք վաղը դառնալու են օրհասական և այսօր պետք է լուծվեն, բայց այսօր ոչ մի հայտարարություն չկա դրա մասին: Այդ պատճառով ես չեմ կարող դա ընդունել որպես հավաստի  և իրականում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ համաշխարհային տնտեսության ներկա միտումները բացասական են ազդում ՀՀ տնտեսության վրա և կառավարության ծրագրում փոքր ինչ նվազեցված են տնտեսական աճի նպատակադրումները գալիք տարիների համար, ինչը ճիշտ մոտեցում է, սակայն առավել մեծ իրական արդյունքներ կապահովվեն: Դուք հույս ունե՞ք, որ ծրագրում գրվածից շատ կարվի:

– Կարող ենք հիշել, թե նախկինում ինքն ինչ էր ասում՝ 7% տնտեսական աճ, տարբեր խոստումներ էր տալիս, ամեն երիտասարդ ընտանիքին մեքենա, բնականարան, և այլն: Ժամանակն է այդ ամեն ինչը դադարեցնել և շատ կոնկրետ ու ռեալ խոսել: Ի՞նչ է նշանակում համաշխարհային տնտեսության ազդեցություն: Դա միշտ էլ եղել է: Չգիտես ինչու, հիմա 5% տնտեսկան աճ են սահամանել ու դա համարում են նորմալ: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե իսկապես ի՞նչ ենք ուզում անել, 5% աճից հետո ի՞նչ է գալու: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս աճի դեպքում մեզ մոտ 5 տարում ոչ աղքատությունը կվերանա, ոչ ՀՆԱ-ն կկրկնապատկվի, իսկ այդ ամենին կհասնենք միայն 20 տարի հետո: Դա՞ ենք ուզում անել: Ես հասկանում եմ, որ այդ խոսքերի մեջ ավելի շատ խուսափում կա պատասխան կամ հաշվետվություն տալուց այն խոստումների համար, որ կար նախկինում: Դրա համար են դիմում համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող իրադարձություններին և այլն: Մենք շատ խոցելի ենք, դա պարզ է, և դրա մասին պետք է խոսել: Պարզ է, որ ՀՀ-ում գործարարությամբ զբաղվելը շատ բարդ գործ է ներքին և արտաքին պատճառներով, պարզ է, որ մի կարևոր ճշմարտություն էլ կա՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական լուծումներ է պահանջում: Պատրա՞ստ է այսօրվա իշխանությունը գնալ դրան՝ ընտրությունների, ապահովել մրցակցություն քաղաքական և տնետսական, պատրա՞ստ է դա անելու: Եթե այո, ապա թվերը կապահովվեն, բայց այդ ամենը չկա, և դրանով է պայմանավորված, որ խոստումների չափաբաժինը քչացել է, և ուղղակի «յոլա գնալու» ծրագիր է ներկայացված, որ հետո այսօրվա խոսակցություններն էլ չլինեն: Պատճառ կբռնեն համաշխարհային իրադարձությունները, ուկրաինական դեպքերը, աֆրիկական որևէ երկրում դեպք տեղի կունենա, կամ Թայլանդի հեղաշրջումը կհիշեն և այլն: Բայց մի կարևոր բան կա՝ ՀՀ քաղաքացիների վիճակը դրանից չի լավանում, արտագաղթողների թիվը չի պակասում և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս