Կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ երկրների հետ համագործակցության վերաբերվող համաձայնագրերին
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների միջև գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել ԱՊՀ տնտեսական խորհրդի 2013թ. դեկտեմբերի 13-ի որոշմամբ և նախատեսում է գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում կամավորության սկզբունքով:
Նիստում համաձայնություն է տրվել «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» նախկին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը պայմանավորված է ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ:
Գործադրի համաձայնությունն է ստացել ԱՊՀ մասնակից պետությունների միջև տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը: Փաստաթուղթը միտված է ոլորտում պետական քաղաքականության և նորմատիվ իրավական կանոնակարգման ներդաշնակեցմանը: