Գինեկոմաստիա
Գինեկոմաստիան կրծքագեղձի (կամ կրծքագեղձերի) մեծացումն է տղամարդկանց մոտ: Կրծքագեղձի մեծացման չափսերը տարբեր են` 1-10 սմ, միջինը` 4սմ:
Գինեկոմաստիան հանդիպում է 50-70%` առողջ դեռահասների, 40%` հասուն տարիքի տղամարդկանց, և մինչև 60-70%`տարեցների մոտ:
Էստրոգեններն (էստրադիոլ) ու անդրոգենները (տեստոստերոն) կրծքագեղձերի վրա ունեն տարբեր ազդեցություններ: Էստրոգեններն ունեն կաթնագեղձերի ծորանների պրոլիֆերացիան խթանող, իսկ անդրոգենները` ընկճող ազդեցություն:
Գինեկոմաստիան շատ հաճախ կապված է էստրոգենների բարձր մակարդակի, տեստոստերոնի ցածր մակարդակի կամ ծայրամասային հյուսվածքներում անդրոգենից էստրոգեն արագ փոխանակման հետ: Սակայն գինեկոմաստիայի պատճառ կարող են լինել նաև ԳԿՍՀ-ի մակարդակի կամ կառուցվածքի փոփոխությունը և անդրոգենային ընկալիչների դեֆեկտը:
Դասակարգումը
Իսկական գինեկոմաստիա: Կրծքի մեծացումը կատարվում է ի հաշիվ գեղձային հյուսվածքի: Պտուկի տակ շոշափվում է պինդ գոյացություն, իսկ գերձայնային հետազոտությամբ երևում է գեղձը:
Կեղծ գինեկոմաստիա կամ լիպոմաստիա: Կուրծքը մեծանում է ի հաշիվ ճարպային հյուսվածքի: Այս ձևը հիմնականում դիտվում է ճարպակալումով տառապող տղամարդկանց մոտ:
Խառը գինեկոմաստիա: Իսկական և կեղծ գինեկոմաստիայի համակցում` ճարպային կամ գեղձային հյուսվածքի գերակշռմամբ:
Միակողմանի գինեկոմաստիա: Մեկ կրծքագեղձի մեծացում
Երկկողմանի գինեկոմաստիա: Երկու կրծքագեղձերի մեծացում
Ֆիզիոլոգիական գինեկոմաստիա:
- Նորածնային գինեկոմաստիա: Ծննդաբերությունից հետո, երբ նորածին տղայի օրգանիզմում դեռ առկա է մոր էստրոգենների որոշակի քանակ, որը և բերում է կրծքագեղձերի ուռչեցմանը: Դա անհետանում է առաջիկա կես տարվա ընթացքում:
- Սեռահասուն շրջանի գինեկոմաստիա: Սեռական հասունացման շրջանում կտրուկ աճում է տղամարդու սեռական հորմոնների (անդրոգեններ) մակարդակը, սակայն այն ամբողջությամբ չի յուրացվում: Անդրոգենների մի մասը ենթարկվում է արոմատիզացիայի` առաջացնելով մեծ քանակությամբ էստրոգեններ (կանացի հորմոններ), որոնք բերում են կրծքագեղձերի մեծացմանը:
- Մեծահասակների գինեկոմաստիա: Տղամարդու տարիքի առաջացման հետ, անդրոգենների քանակի պակասի և էստրոգենների քանակի ավելացման հետևանքով:
Պատճառները
- Կլայնֆելտերի համախտանիշ
- Տեստիկուլյար ֆեմինիզացիա
- Հիպոթիրեոզ
- Կաստրացիա (ամորձիների հեռացում)
- Խորիոկարցինոմա
- Հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքներ
- Բրոնխների քաղցկեղ
- Լյարդի և երիկամների հիվանդություններ
- Ալկոհոլի չարաշահում
- Շաքարային դիաբետ
- Ճարպակալում
- Գարեջրի չարաշահումը (այն պարունակում է ֆիտոէստրոգեններ)
- Նարկոտիկներ (հաշիշ, հերոին…)
- Դեղորայքի կողմնակի ազդեցություն (միզամուղներ, անաբոլիկ ստերոիդներ, հակադեպրեսանտներ, հորմոններ…)
Կլինիկական պատկերը:
- Կրծքի (կաթնագեղձի) շրջանում ծանրություն և անհանգստացնող զգացում
- Գինեկոմաստիայի տևական բնույթը մեծացնում է կրծքագեղձի ուռուցքի հավանականությունը
- Եթե պտուկից առկա է արյունային արտադրություն, կաթնագեղձի պնդացում, երբեմն մաշկի գույնի փոփոխություն, ապա հարկավոր է այն դիֆերանցել կրծքագեղձի քաղցկեղի հետ:
Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
- Օբյեկտիվ քննություն: Կրծքագեղձերը շոշափելիս նկատվում է խիտ, էլաստիկ և շարժուն գոյացություն, հստակ կոնտուրներով, անցավ: Ռեգիոնար ավշահանգույցները մեծացած չեն:
- Ուլտրաձայնային հետազոտություն:
- Մամոգրաֆիա (երբեմն):
- Գանգի և կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն:
- Հորմոնալ պրոֆիլի հետազոտություն (էստրոգեն, տեստոստերոն, պրոլակտին, մակերիկամի հորմոններ…):
- Լյարդի ֆունկցիայի հետազոտություն
- Կաթնագեղձի ուռուցքի բացառման համար կատարվում է տվյալ գոյացության պունկցիա և հետագա բջջաբանական հետազոտություն:
Բուժում
Գինեկոմաստիայի ֆիզիոլոգիական ձևերը հիմնականում անհետանում են ինքնաբերաբար և չեն պահանջում դեղորայքային շտկում: Երբեմն, դեռահասների մոտ, էստրոգենների բարձր կոնցենտրացիան ճնշելու համար կարող են նշանակվել հորմոնային պրեպարատներ: Որոշ դեղորայքների կողմնակի ազդեցությամբ պայմանավորված` գինեկոմաստիաներն անհետանում են դրանք ընդհատելուց հետո:
Իսկ վիրահատական բուժման ցուցումներն են.
- Կրծքագեղձի մեծ ծավալը:
- Գինեկոմաստիայի տևողությունը (մեկ տարուց ավելի):
- Կոնսերվատիվ բուժման անարդյունավետություն:
- Կոսմետիկ նպատակով:
Հիշեցում
Գինեկոմաստիայի ախտորոշման և վարման համար կարևոր է էնդոկրինոլոգի, ուռոլոգի, մամոլոգի և գեղձային վիրաբույժի խորհրդատվություններն ու համագործակցությունը:
ԳՐԵՏԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ, էնդոկրինոլոգ
Հայ-Ամերիկյան առողջության Կենտրոն
urolog.am