Աբրահամյանը ցույց տվեց, որ իր բոլոր խոստումները ժողովրդին խաբելու և ժամանակ շահելու նպատակ են հետապնդում. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընկավ շնորհիվ հրաշալի քառյակի ջանքերի և մի քանի անգամ մեջբերում արեց Աստվածաշնչից, մասնավորապես՝ ըստ Մատթեոսի ավետարանի «է» կետի, չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, չի կարղ չար ծառը բարի պտուղ բերել. «Իսկ մենք գիտենք, թե այս պտուղը որ ծառից է՝ Սերժ Սարգսյանի ավազակապետության»: Կամ՝ գործերից պետք է ճանաչել մարդկանց, իսկ այս կարճ ժամկետում, ըստ պատգամավորի, նոր կառավարությունը մի քանի քայլ է կատարել, որոնք բացում են նրա ամբողջ էությունը՝ վարչապետը խոստացավ, որ անսալու է 80%-ի պահանջին և հանելու է պարտադիր բաղադրիչը, հայտարարեց, որ հանված է, ծրագրի նախնական տարբերակում չկար, իսկ այսօր կա: Լ. Զուրաբյանի խոսքով՝ Աբրահամյանը ցույց տվեց, որ իր բոլոր խոստումները ժողովրդին խաբելու և ժամանակ շահելու նպատակ են հետապնդում:
Զուրաբյանը նշեց, որ Աբրահամյանը որոշեց հանել շքեղության հարկը, որը թույլ է տալիս մի քանիսին ներկրել մեծ քանակությամբ շքեղ մեքենաներ և և վերավաճառել Մաքսային միությունում, Գագիկ Խաչատրյանի ձեռքում կենտրոնացնելով եկամուտների ծրագրումն ու հավաքագրումը, հռչակվեց մանիֆեստ՝ պետական մեքենայի առևանգումն ու հանձնումը մի քանիսի ձեռքը հանձնելու մասին. «Սրանով հայտարարում եք, որ իշխանության չարաշահումները պետական քաղաքականություն են»: Պատգամավորը խորհուրդ տվեց կոլեկտիվ ինքնախոստովանություն անել և զղջալ, որ «ինքնամաքրման թատրոնն» ավելի համոզիչ լինի: Ըստ նրա՝ պերճախոս է նաև պարտադիր աուդիտի ոչնչացումը և այլընտրանքային ստուգումների մասին օրենքը շրջանառության մեջ դնելը:
«Ցցուն կերպով դրսևորվեց ՀՀ քաղաքականության ու տնտեսության գլխավոր արատը՝ բիզնեսի ու իշխանության սերտաճումը»,- ասաց Զուրաբյանը:
Անդրադառնալով կառավարության անդամներին՝ Զուրաբյանը նշեց, որ ամողջ հանրապետությունում պեղվել և նշանակվել են ամենաօդիոզ, ամենակոռումպացված պաշտոնյաները, մասնավորապես՝ Երվանդ Զախարյանը մազութի գործով մեղադրանքներից խուսափեց, Նարեկ Սարգսյանը Երևանի ճարտարապետական դեմքն աղճատող և մարդկանց ունեզրկման հեղինակներից է, Հովհաննես Մանուկյանը դատական կոռուպցիոն բուրգի ճարտարապետն է ու մարտի 1-ի գործերով քաղբանտարկյալների ապօրինի բռնաճնշումների գլխավոր համակարգողը:
Նա կրկին դիմեց Աստվածաշնչի օգնությանը՝ «ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակն է գցվում»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտության կոչ արեց Զուրաբյանին, բայց չզսպեց իրեն ու հավելեց. «Խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս, Դուք՝ ուր, կոռեկտությունն՝ ուր»: