Բաժիններ՝

Հարավային Կորեայում լուծարելու են առափնյա պահպանությունը՝ կապված «Սևոլի» կործանման հետ

BBC News-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն հերթական անգամ ներողություն է խնդրել ժողովրդից՝ «Սևոլ» նավի կործանման ժամանակ իրականացված փրկարարական գործողության ոչ գոհացուցիչ արդյունքների համար:

Նախագահն ընդգծել է, որ դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է իր վրա: Նա խոստացել է լուծարել երկրի առափնյա պահպանությունը և դրա փոխարեն ստեղծել ազգային անվտանգության նախարարություն, որը կշարունակի անհետ կորածների որոնումը:

Նախագահի խոսքերով՝ մեծ թվով զոհերից կհաջողվեր խուսափել, եթե ծովային ոստիկանությունը գործեր ավելի համախմբված: 476 ուղևորով «Սևոլ» լաստանավը կործանվել է այս տարվա ապրիլի 16-ին: Ներկա դրությամբ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը կազմում է 286 մարդ:

Նախնական տվյալներով՝ նավի կործանման համար պատճառ է հանդիսացել նավի ուղղության կտրուկ փոփոխումը, ինչի հետևանքով այն նախ թեքվել է, ապա՝ շրջվել: Նավի անձնակազմն ամբողջովին փրկվել է, սակայն ավելի ուշ նրանց վերցրել են կալանքի տակ:

Նավապետին ու նրա երեք ավագ օգնականներին մեղադրել են սպանության մեջ: Նրանց սպառնում է ցմահ ազատազրկման: Աղետից հետո հրաժարական էր տվել երկրի վարչապետ Չոն Խոն Վոնը՝ կապված կառավարության գործունեությունից զանգվածային դժգոհությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս