
Եգիպտոսի նոր նախագահը կստանա 20 անգամ ավելի մեծ աշխատավարձ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նոր նախագահը ստանալու է 20 անգամ ավելի մեծ աշխատավարձ, քան՝ նրա նախորդները: Համապատասխան հրամանը ստորագրել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Մայիսի վերջին ընտրվելիք նախագահը 2000 եգիպտական ֆունտ աշխատավարձի փոխարեն ստանալու է 42.000 եգիպտական ֆունտ (6000 դոլար): Ընդգծվում է, որ այդչափ գումար է ստանում Մանսուրը, այդչափ են ստացել նաև Մուհամմեդ Մուրսին ու Հոսնի Մուբարաքը: Կառավարությունը, սակայն, դեռ չի հաստատել ժամանակավոր նախագահի հրամանը:
Եգիպտական օրենսդրության համաձայն, պետության ղեկավարին արգելված է ունենալ որևէ բիզնես կամ էլ մասնակցել որևէ մասնավոր գործարքի: Եգիպտոսում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-27-ին: