Բաժիններ՝

Թույլ տվեք չհավատալ, պարոնայք

Մայիսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության Նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին: Կամ, ավելի ճիշտ` խոշոր գործարարներին։ Հասարակությունն այդ օրերին դեռ շարունակում էր բուռն կերպով քննարկել «Եվրատեսիլը», սակայն այս հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը նույնպես մեծ էր։ Նախ` այն պատճառով, որ հանդիպմանը ներկայացել էին հայտնի և անհայտ օլիգարխները (բացառությամբ Գագիկ Ծառուկյանի), և, թերևս, ավելի շատ այն պատճառով, որ հանդիպումը փակ էր։ Բոլորին հետաքրքրում էր` ի՞նչ են խոսել վարչապետն ու գործարարները։

Լրագրողներն այս հարցի պատասխանը փորձում էին ստանալ հանդիպումից դուրս եկող մասնակիցներից։ Ստացված տեղեկությունների համաձայն` Հովիկ Աբրահամյանը խոշոր գործարարներին կոչ է արել գիծ քաշել անցյալի վրա և սկսել աշխատել նոր էջից` օրենքի առաջ հավասար և առանց հարկերը թաքցնելու։ Ով կընդունի այդ կոչը` լավ, ով չի ընդունի` հուլիսի 1-ից կհայտնվի հարկային մարմինների խոշորացույցի տակ։

Ինքը` Հովիկ Աբրահամյանը, այդ մասին հպանցիկ խոսեց կառավարության մայիսի 15-ի նիստում. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք երեկ հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն, իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին` բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ»: Հետո հնչեցին կարծիքներ, մեկնաբանություններ, վերլուծություններ։

Ոմանք հավատացին, որ վարչապետը վճռական է տրամադրված, որ սկսում են նոր էջից։ Ասում են` որոշ գործարարներ անգամ անհանգստացել են։ Ոմանք էլ սա համարում են պոպուլիստական քայլ։ Սակայն մինչև գնահատականներ տալը` լա՞վ է, թե՞ վատ, օգուտ կտա՞, թե՞ ոչ, նախ պետք է հասկանալ` ի՞նչ էր տեղի ունեցածը։ Հանուն արդարության` պետք է խոստովանենք, որ այս հարցին պատասխանելը չափազանց դժվար է։

Առաջին հայացքից` սա ունեցվածքի օրինականացման փորձ է։ Աշխարհում այն անվանում են նաև կապիտալի կամ հարկային ապօրինությունների համաներում։ Տեսականորեն տնտեսական համաներումն ինչ-որ իմաստով պայմանագիր է` կառավարության, տնտեսվարող սուբյեկների և քաղաքացիների միջև։ Այն թույլ է տալիս գիծ քաշել անցյալի վրա (ինչի մասին ասում էր Հովիկ Աբրահամյանը) և տնտեսական հարաբերությունները սկսել նոր էջից։ Այդ գործընթացի իրականացման ձևը, պայմաններն ու արդյունավետությունը տարբերվում էգ ըստ երկրների։ Սակայն գաղափարն ամենուր նույնն է` գործարարներին ու քաղաքացիներին ներվում են նախկինում գործած սխալները, իսկ բյուջեն դրա փոխարեն ստանում է լրացուցիչ եկամուտներ` ստվերի կրճատման հաշվին։

Մի քանի օրինակ` աշխարհի փորձից

Տնտեսական համաներման պրակտիկան սկիզբ է առել անցյալ դարի սկզբներին, երբ ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայից և «Չոր օրենքի» կասեցումից հետո իշխանություններն առաջարկեցին օրինականացնել ալկոհոլի ապօրինի վաճառքից ստացված եկամուտները։ Եվրոպայում տնտեսական համաներման առաջին փորձն իրականացրել է Շվեյցարիան, որն օրինականացրեց Երրորդ ռեյխի կապիտալը։

Ինչպես նշեցինք, տնտեսական համաներման արդյունավետությունը տարբերվում է` ըստ երկրների։ Կան հաջողված օրինակներ, կան նաև անհաջող և, կարելի է ասել, ձախողված օրինակներ։ Նախկին ԽՍՀՄ երկրներից նման համաներում առաջին անգամ անցկացրել է Ղազախստանը` 2001 թվականին։ Ընդ որում, այն ոչ միայն ամենաառաջինն էր, այլև ամենահաջողվածներից մեկը։ 34 օրվա ընթացքում հատուկ բանկային հաշիվներին քաղաքացիների և գործարարների կողմից մուտք եղավ 480 միլիոն դոլար։

Համաներման ամենահաջողված օրինակներից մեկը Թուրքիան է։ Այս երկրում արդեն անցկացվել է 5 տնտեսական համաներում։ 1998 թվականի սեպտեմբերի 30-ը, երբ անցկացվեց առաջին համաներումը, համարվում է Թուրքիայի տնտեսական նորագույն պատմության սկիզբը։ Թուրքական բանկերի հաշիվներին մուտք արվող բոլոր դրամական միջոցներն ազատվում էին հարկերից, և ոչ ոք չէր հետաքրքրվում դրանց ծագմամբ։ Երկրի կառավարությունն այդ քայլով միանգամից ստվերից դուրս բերեց 20 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, շատ տնտեսագետներ Թուրքիայի տնտեսական թռիչքը պայմանավորում են հենց սրանով։

Կան նաև հակառակ օրինակները։ Օրինակ, ամենաանհաջող համաներումներից մեկը տեղի է ունեցել Հնդկաստանում, 1997 թվականին։ Պատճառն այն է, որ դրա ընթացքում հարկային մարմինները սկսեցին հետաքրքրվել` իսկ որտեղի՞ց փողերը։ Արդյունքում, հասարակությունը կորցրեց վստահությունն, ու համաներումը բերեց ընդամենը 2.5 միլիարդ դոլար։

2007 թվականին համաներման անհաջող փորձ արեց Ռուսաստանը` առաջարկելով օրինականացնել եկամուտները` վճարելով 13% եկամտահարկգ Հասարակությունը չարձագանքեց այդ կոչին։ Իսկ Վրաստանում անցկացված համաներումն ամենահայտնիներից է` իրգ ձախողմամբ։ Եկամուտներն օրինականացնելու ցանկություն էր հայտնել ընդամենը 8 մարդ, իսկ բյուջեն համալրվել էր ընդամենը 35 հազար դոլարով։

Ի՞նչ անուն տալ հայկական փորձին

Հիմա վերադառնանք Հայաստանին։ Այն, ինչի մասին խոսում էր Հովիկ Աբրահամյանը, տնտեսական համաներում չէ։ Նախորդ օրինակները թվարկեցինք` ցույց տալու համար, թե որն է իրական համաներումն ու նոր էջից սկսելը։ Նախ` նման լուրջ միջոցառումներ արվում են ոչ թե հանդիպումներով ու խոսքերով, այլ օրենսդրությամբ։ Իսկ այս դեպքում վարչապետը պարզապես հավաքել է գործարարներին ու ասել` օրենքը նախկինում չէր գործում, հիմա գործելու է։ Եթե միայն ասելով ու գեղեցիկ խոսքերով լիներ, ապա 6 տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանի արտասանած ելույթների շնորհիվ Հայաստանն այսօր համալրած կլիներ զարգացած երկրների շարքերը։ Բացի այդ, նման հայտարարություններով վարչապետն իրեն բարձր է դասում օրենքից։

Բայց անցնենք առաջ։ Իր բովանդակությամբ` սա ոչ թե համաներում է ու համագործակցության փորձ, այլ` վերջնագիր։ Սակայն դա էլ` միայն առաջին հայացքից։ Քանի որ խոշոր գործարարները միշտ էլ համաձայնության մեջ են կառավարության հետ, և վճարվող հարկերի չափը որոշվում է ոչ թե` ըստ իրական շրջանառության, այլ` բանակցությունների արդյունքում։ Այսինքն` սա, ըստ էության, ոչինչ չի փոխում։ Պարզապես խոշոր գործարարներին ասվում է, որ պետք է ավելի շատ մուծվեն։

Երրորդ, եթե վերանանք պայմանականություններից ու համարենք, որ ավելի լավ է` լինի առանց օրենքի, սակայն արդյունք տա, դարձյալ մի մեծ հարց բաց է մնում։ Ինչպես նշվեց, նման տիպի` նոր էջից սկսելու ցանկացած միջոցառում համաձայնություն է կառավարության, գործարարների և հասարակության միջև։

Այս դեպքում` հասարակությունն ընդհանրապես մասնակից չէ գործընթացին, իսկ գործարարներից մասնակցում են միայն խոշորները։ Այսինքն` սա ավելի շատ նման է յուրայիններով խաղի կանոնները որոշելու պրոցեսի։ Ընդ որում, կանոնները որոշում են ոչ միայն իրենց, այլև ուրիշների փոխարեն, քանի որ փոքր ու միջին գործարարների վարքագիծն անմիջականորեն կախված է խոշորներից։ Ու վերադառնալով հարցին, թե ի՞նչ անուն կարելի է տալ այս միջոցառմանը, ամենահարմար բառն այնուամեենայնիվ «սխոդկան» է…

Որն է լինելու օգուտը Գուցե շատերը հակադարձեն` նույնիսկ, եթե դա տեղի է ունենում «սխոդկայի» միջոցով, խնդիր չէ, կարևորն արդյունքն է: Նման տիպի ցանկացած նախաձեռնության հաջողությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, թե հասարակությունը որքանով է վստահում կառավարությանը ու ընդհանրապես` իշխանությանը։

Այն, որ հասարակությունը չի վստահում, խոստովանում են անգամ երկրի ղեկավարները (հիշեցնենք, որ երկրի նախագահը նոր վարչապետի առջև խնդիր դրեց` վերականգնել կառավարության նկատմամբ վստահությունը)։ Ոմանք կարող են հակադարձել, որ նման նախաձեռնությամբ Հովիկ Աբրահամյանը հենց դա էլ փորձում է անել` վերականգնել այդ վստահությունը։ Այդ դեպքում որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրություն գտնել, թե ինչու էր հանդիպումը փակ, և անգամ լրագրողներին թույլ չտրվեց այն լուսաբանել։ «Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»,- Հովիկ Աբրահամյանի այս փաստարկը համոզիչ չէ։ Նույն հիմնավորմամբ կարելի է ԱԺ ու կառավարության նիստերը նույնպես փակ անցկացնել` ազատ մթնոլորտում, որպեսզի բոլորն ամեն ինչ հասկանան։

Եվ ընդհանրապես, եթե այդ միջոցառման նպատակը պոպուլիզմը չէր, ապա դրա մասին ընդհանրապես պետք չէր խոսել։ Ցանկության դեպքում կառավարության ղեկավարը կարող էր առանց հանդիսավորության և առանց աղմուկի կազմակերպել այդ հանդիպումը։ Վերջում հիշեցնենք, որ մայիսի 9-ին Հ. Աբրահամյանը «մեսիջ» էր ուղարկել իր բոլոր մերձավորներին, ընկերներին, յուրայիններին` հավասար պայմաններ բոլորի համար։ Լրագրողներից մեկի դիտարկմանը` «բա Ձեր բիզնեսնե՞րը», Աբրահամյանը պատասխանել էր` «Ես իմ բիզնեսները քեզ կնվիրեմ»։ Այս արտահայտությունը դարձել է մոդայիկ պատասխան, երբ հնչում են ունեցվածքին կամ բիզնեսին վերաբերող հարցեր։ Այսինքն` Հովիկ Աբրահամյանն ու մյուս պաշտոնյաները շարունակում են հերքել, որ բիզնեսներ ունեն։ Ու սա` այն դեպքում, երբ «գործարարների հետ հանդիպում» կոչվածին մասնակցում էին ԱԺ գրեթե բոլոր պատգամավորները։ Եթե այսքանից հետո հնարավոր է գիծ քաշել անցյալի վրա ու նոր էջից սկսել, ապա Հայաստանը կարելի է համարել հրաշքների երկիր։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս