Համախմբում հանուն կառավարության` ՀՀԿ
Երեկ խորհրդարանում ավարտվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը. այսօր այն կդրվի քվեարկության և կընդունվի: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած 24 ժամվա ընթացքում դրանում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել:
Բայց այդ 24 ժամվա ընթացքում ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունները ստացել են Ճարտարագիտական համալսարանի 100 աշխատակիցների դիմումը, որտեղ ասվում է, որ պարտադիր կուտակային գանձումներն իրենց մոտ շարունակվում են, և իրենց վրա ճնշումներ են գործադրվում այդ գանձումների դեմ չբողոքելու համար: Սա առաջին լուրջ արձագանքն է այն օրենքի, որը ներկայացնում է կառավարությունը:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից հանել պարտադիր բաղադրիչը և թույլ տալ, որ քաղաքացիները հնարավորություն ունենան գրավոր դիմում գրել գործատուին և հրաժարվեն մասնակցել պարտադիր կուտակային համակարգին: Ճարտարագիտական համալսարանի աշխատակիցների այս դիմումը ցույց է տալիս, որ եթե անգամ այս փոփոխությունն ընդունվի` միևնույն է, պարտադիր բաղադրիչը շարունակելու է գործել, քանի որ գործատուները փորձելու են ամեն միջոց գործադրել, որպեսզի իրենց աշխատակիցները չհրաժարվեն կուտակային վճարներից: Գործատուները ճնշելու են իրենց աշխատակիցներին, քանի որ իրենց էլ ճնշելու է իրենց վերադասը. այսինքն` կամավորության սկզբունքը լինելու է միայն թղթի վրա: Եթե ճնշումներ են գործադրվում դասախոսների վրա, և նրանք այնքան անպաշտպան են, որ ստիպված են դիմել ԱԺ խմբակցություններին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել իրավիճակը այլ պետական և ոչ պետական հաստատություններում:
Պարզ է, որ խորհրդարան բերված կառավարության այս առաջարկը պաշտպանում է ՀՀԿ խմբակցությունը: Բայց ՀՀԿ-ից ավելի` այս փոփոխության մոլի քարոզիչ է դարձել ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նա ավելի ակտիվորեն էր քարոզում այս փոփոխությունները, որ չիմացողին կարող էր թվալ, որ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը հենց նա է և ոչ թե` Արտեմ Ասատրյանը, իսկ Մինասյանին այդ պաշտոնը բաժին է ընկել ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու արդյունքում: Մինասյանն անընդհատ կրկնում էր, որ այս փոփոխության հիմքում կամավորության սկզբունքի ամրագրումն է, որ եթե քաղաքացին իրավունք ունի դիմում գրել և հրաժարվել կուտակային հիմնադրամներին վճարում կատարելուց, ապա համակարգը չի կարող պարտադիր կոչվել: Ավելի առաջ գնալով` Մինասյանը կոչ էր անում` չապակողմնորոշել քաղաքացիներին, այլ «Համախմբել մեր քաղաքացիներին ռեֆորմները շարունակելու շուրջ»: Եվ սա ասում է մի մարդ, ով ներկայացնում էր «Դ!եմ եմ» շարժման բողոքը Սահմանադրական դատարանում:
Ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չի պատկերացնել: ՍԴ-ում ՀՀԿ-ն ներկայացնող Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն անկեղծորեն խոստովանում է, որ ինքը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը և ստիպված է եղել դառնալ այդ համակարգի քարոզիչը և պաշտպանը, քանի որ դա իր ներկայացրած կուսակցության դիրքորոշումն է, իսկ ՍԴ-ում այդ համակարգի դեմ հանդես եկող Արծվիկ Մինասյանը դարձել է այդ համակարգի քարոզիչը, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն ներգրավված էր այդ համակարգի դեմ պայքարում, իսկ բողոքողները բավարարված չեն կառավարության առաջարկներով:
Երկրորդ ընթերցման ժամանակ, ինչպես և առաջինի, այդպես էլ անհասկանալի մնաց ԲՀԿ դիրքորոշումը: ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նախարար Արտեմ Ասատրյանից «թախանձագին» խնդրում էր պատասխանել իր մի շարք հարցերին, որոնք ինքն Ասատրյանին ուղղել էր նաև օրենքի առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ, և այդպես էլ պատասխան չէր ստացել: Մասնավորապես, Մելքումյանին հետաքրքրում էր, թե. «Քաղաքական մեծամասնությունը այս ռեֆորմն իրականացնելով` առա՞ջ է գնում, կանգ է առնում, թե հետ է գնում»: Մելքումյանին հետաքրքրում էր, թե արդյո՞ք ազատ մթնոլորտ է լինելու, և քաղաքացիներն իսկապես կարողանալու են ընտրություն կատարել. մասնակցել կուտակայինին, թե ոչ: Բայց որ ամենակարևորն է, Մելքումյանը կարծում է, որ եթե պետությունը շարունակելու է կուտակային հիմնադրամներին փոխանցել այդ գումարները, նույնիսկ հրաժարվողների մասով, դա նշանակում է, որ պարտադիր բաղադրիչը շարունակում է մնալ, մանավանդ որ, այդ 20 միլիարդ դրամը, որ պետական բյուջեում նախատեսված է պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգին պետական մասնակցությունը ապահովելու համար, նույնպես հարկատուների միջոցներն է:
Այս հարցերին Արտեմ Ասատրյանը, ինչպես առաջին ընթերցման, այնպես էլ երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ չպատասխանեց: Կարծում ենք, որ նա իրավունք ունի չպատասխանել ԲՀԿ հարցերին, որովհետև, չնայած Մելքումյանի հնչեցրած մտահոգություններին ու անպատասխան մնացած հարցերին` Ասատրյանը գիտի, որ ԲՀԿ-ն դեմ չի քվեարկելու իր ներկայացրած նախագծին. խոսում են լոկ խոսելու համար:
Կառավարության ներկայացրած փոփոխության հարցում ընդհանրական տեսակետ ունեն ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»:
Այս խմբակցությունների քարտուղարներ Հովհաննես Մարգարյանը և Թևան Պողոսյանը հայտարարում էին, որ իրենք կողմ կլինեին կառավարության առաջարկին, եթե քաղաքացուն ոչ թե հնարավորություն տրվեր դիմում գրելու և հրաժարվելու մասնակցել կուտակային համակարգին, այլ` ընդհակառակը, քաղաքացին կարողանար դիմում գրել և միանալ այդ համակարգին: Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ իրենց այդ առաջարկը գրավոր ձևակերպել և ներկայացրել են կառավարությանը, և իրենց քվեարկությունը կախված կլինի կառավարության դիրքորոշումից: Արտեմ Ասատրյանը հենց ԱԺ դահլիճում հայտարարեց, որ ՕԵԿ առաջարկն «այս փուլում մեզ համար ընդունելի չէ»:
Միակ խմբակցությունը, որ կտրականապես դեմ էր արտահայտվում օրենքի այս փոփոխությանը, ՀԱԿ-ն է: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց. «Դեմ ենք և դեմ ենք հիմնավորապես, որովհետև այս օրենքը հակասահմանադրական է»:
Այսօր տեղի ունենալիք քվեարկության ժամանակ իրավիճակը գրեթե նույնը կլինի, ինչպես առաջին ընթերցման ժամանակ. չնայած հնարավոր են մասնակի և քվարկության արդյունքի վրա չազդող փոփոխություններ: ՕԵԿ-ը հավանաբար կմիանա դեմ քվեարկողներին, իսկ ՀՅԴ-ն` կողմ քվեարկողներին, և կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության կառավարության առաջարկները կհամարվեն ընդունված: