Բաժիններ՝

Փաստաբանը՝ «Բյուրեղավանի» գիշերօթիկի գործի մասին. Ամեն ինչ արվում է, որ գործը գնա փակուղի

«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում» կատարվածի մասին հաղորդում ներկայացրած ակտիվիստների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանդիպել է ակտիվիստներին, ինչպես նաև հաստատության որոշ ուսուցիչների և պարզել, որ մինչև այս պահը, ըստ էության, քննություն չի կատարվում: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ժամանակ առ ժամանակ Բյուրեղավանի ոստիկանության աշխատակիցն այցելում է դպրոց, բանավոր կարգով հարցեր է տալիս, սակայն գրավոր ցուցմունք չի վերցնում:

«Սա ենթադրում է, որ, ըստ էության, մեր հաղորդման շուրջ քննություն չի իրականացվում, որովհետև, բնականաբար, պետք է ցուցմունքներ վերցվեն և հարցաքննվեն այդ անձինք՝ ուսուցիչները, հսատատության կոլեկտիվը և երեխաները:

Բայց որևիցե հարցաքննություն չի կատարվում, ինչը և նշանակում է, որ, ըստ էության, ձևական նախաքննություն կամ անգործություն է կատարվում: Մինչդեռ պետք է երեխաների ծեծի, բռնության, վիրավորանքի և մնացած փաստերով նախաքննություն կատրվեր, ինչը նաև պահանջում էր գլխավոր դատախազության վերահսկողության վարչությունը, որպեսզի զեկուցեն գլխավոր դատախազին:

Գլխավոր դատախազության վերահսկողական վարչությունից նամակ էր ուղարկվել Կոտայքի մարզի դատախազին, որ գործը գտնվում է գլխավոր դատախազ Կոստանյանի վերահսկողության ներքո և պետք է զեկուցվի վերահսկողական վարչությանը, որպեսզի վերահսկողական վարչությունն էլ զեկուցի պարոն Կոստանյանին:

Կարդացեք նաև

Այս ամեն ինչը չի կատարվում, հետևաբար՝ կարելի է ասել, որ կամ Կոտայքի մարզի ոստիկանության քննիչներն ի վիճակի չեն բացահայտելու հանգամանքը, բացահայտելու ոչ միայն այդ դեպքերը, փաստերը, այլ իրենք պետք է նաև բացահայտեին այդ հանցագործությունը ծնող հանգամանքները, որը շատ ավելի հեռու և անիրագործելի առաջադրանք է դրված իրենց առջև…»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նա նշեց, որ հաստատության աշխատակիցներն ու երեխաները պետք է վաղուց արդեն հարցաքննված լինեին և արձանագրված լինեին ծեծի դեպքերը: Փաստաբանն ասաց, որ հաստատության աշխատակիցները պետք է հարցաքննվեին՝ նաև ճշտելու համար՝ արդյոք հնարավո՞ր է, որ նախարարության աշխատակիցները շահագրգռվածություն կամ շահ ունեցել են:

«Բնականաբար, քանի որ ավելի շատ լրատվամիջոցների շնորհիվ է այս ամեն ինչը բացահայտվել և լրատվամիջոցներն են, որ այցեր են կատարել, ուղղակի կարելի է խնդրել, որ լրատվամիջոցներն այս հարցը նույնպես ուշադրության կենտրոնում պահեն և էլի այցեր լինեն հաստատություն, ինչպես նաև Կոտայքի մարզի քննչական վարչություն և դատախազություն՝ ճշտելու համար՝ ինչու որևիցե նախաքննություն չի կատարվում այն պայմաններում, երբ այսքան աղմուկ բարձրացավ, այցելեց անգամ վարչապետը և ասաց, որ բոլոր մեղավորները բացահայտվելու են, պատժվելու են»,- ասաց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ հարուցված քրեական գործում առայժմ մեղադրյալներ չկան:

Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր չէ որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի նախաքննական մարմինն, ըստ էության, գործողություններ կատարի, փաստաբանը պատասխանեց, թե անգործությունը կարող են բողոքարկել դատական կարգով.

«Սակայն հասարակական կազմակերպությունները դեռևս սպասում են, որովհետև նամակով դիմել ենք և գլխավոր դատախազն էլ համապատասխան հրահանգներ է տվել, որպեսզի նախաքննությունը լիներ օբյեկտիվ, բազմակողմանի և հրապարակային, որպեսզի հրապարակվեր, թե ինչ է կատարվում, ամեն շրջադարձային պահի հանրությանը պետք է իրազակվեր, բայց, նորից եմ ասում, ամեն ինչ արվում է, որ գործը գնա փակուղի: Այս պայմաններում, բնականաբար, մի քիչ էլ կարող է սպասեն հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները, հետո, եթե որևէ բան չլինի, բնականաբար դատարան պետք է բողոքարկվի քննչական բաժնի պետի, քննչական խմբի, կամ՝ եթե մեկ քննիչ է, քննիչի անգործությունը: Ուրիշ ճանապարհ չկա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս