Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ից կարել է բերանը
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ին իր գործով դատական նիստից հետո հացադուլ է հայտարարել և կարել բերանը: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական վարչությունից: Նաև տեղելացրին, որ Դ. Խաչատրյանը «գտնվում է առանձնակի հսկողության տակ»:
Միևնույն ժամանակ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ Դ. Խաչատրյանին համոզելու համար, որպեսզի նա դադարեցնի հացադուլն ու քանդի բերանի կարերը:
Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նա մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստից հետո նա նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով արդարություն: Նա նշել է, որ ինքը Լյուքս Ստեփանյանին սպանելու, իսկ Հրաչյա Սարգսյանին վիրավորելու նպատակ չի ունեցել. «Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում: Հասկանում եմ, որ այնուամենայնիվ այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որ որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»:
Լուսանկարը՝ aravot.am-ի