Հովիկ Աբրահամյանը` լրագրողին. «Ես իմ բիզնեսները քեզ կնվիրեմ»
«Մենք միշտ էլ փորձելու ենք հարգանքի արժանացնել վետերաններին, և մենք` իշխանություններս, պարտավոր ենք նաև հարգել իրենց անցած ճանապարհը: Մենք հպարտանում ենք իրենցով և ցանկանում ենք իրենց, ամենակարևորը, առողջություն և երկար տարիների կյանք:
Ինչքան էլ իրենց հարգենք, աջակցենք, մեկ է` քիչ է լինելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր` մայիսի 9-ին, կառավարության մյուս անդամների հետ միասին եկել էր հարգանքի տուրքը մատուցելու Անհայտ զինվորի հիշատակին:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև կառավարության նոր ծրագրի մասին, թե ինչպիսի՞ն է այն լինելու, ե՞րբ է ներկայացվելու, ի՞նչ նոր կետեր են լինելու և որքանո՞վ է այն իրատեսական: Ի պատասխան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ծրագրային փոփոխություններն ինքնանպատակ չեն լինելու.
«Մենք աշխատելու ենք, որ լինի հնարավորինս իրատեսական, և մեզ համար շատ կարևոր է ասել այն, ինչ որ կարողանալու ենք անել: Փոփոխություններ ես չեմ ակնկալում, քանի որ հիմա քննարկման փուլում է, բայց նորից եմ ուզում ասել, որ հստակեցվելու են ծրագրի բոլոր դրույթները, և իմ նպատակն է, որ ծրագրում ինչ որ ներկայացվի, իրականացվի, դա է լինելու իմ գլխավոր նպատակը»:
Վարչապետի խոսքերով` իրենք չունեն «կախարդական փայտիկ», որ բոլոր խնդիրները միանգամից լուծեն, բայց անհրաժեշտ է ժամանակ և ծրագիր:
Իսկ ինչպե՞ս եք վերականգնելու իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ գործարար հատվածի անվստահությունը: Պատասխանելով այս հարցին` Հովիկ Աբրահամյանը չժխտեց, որ որոշակի անվստահության մթնոլորտ կա, բայց չի կարող ասել, թե ում ինչքան չեն վստահում:
«Բայց որ մենք փորձելու ենք մեր իրատեսական ծրագրերով, մեր իրատեսական քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով վերականգնել վստահությունը, դա ես արձանագրում եմ: Մենք տնտեսական ոլորտներում շատ անելիքներ ունենք:
Օրինակ` ես ամեն ինչ անելու եմ, որ ստեղծենք հավասար դաշտ: Շատ կարևոր է, որ յուրքանչյուր գործարար հասկանա և իրականում տեսնի, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են: Դա, իհարկե, դժվար է լինելու:
Մեր շատ-շատ մերձավորներին փորձելու են ցավացնել, նեղացնել, բայց մենք գնալու ենք այդ քայլերին, այլընտրանք մենք չունենք: Դա պետք է բոլորը հասկանան, իմ մերձավորները, ես ինձնից եմ սկսելու: Եվ դա ինձ համար լինելու է սկզբունքային:
Այս հաղթանակի օրը ես ուզում եմ հնչեցնել, և դա նաև «մեսիջ» է մեր բոլոր մերձավորներին, ընկերներին, յուրայիններին` հավասար պայմաններ բոլորի համար»,- ավելացրեց վարչապետը:
Լրագրողներից մեկը նկատեց` «բա Ձեր բիզնեսնե՞րը»:
«Ես իմ բիզնեսները քեզ կնվիրեմ»,- խոսքի տակ չմնաց Հովիկ Աբրահամյանը: