Վաշինգտոնը Հարավային Կովկասում «դաշնակիցներին» հավատարմությունն ապացուցող ժեստեր է անում. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը 9 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչող և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին ԼՂ անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի նախագծին: Հանձնաժողովի նշյալ որոշումը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մայիսի 8-ին օրինագիծը ներկայացվի, քննարկվի և քվեարկվի նահանգային խորհրդարանի լիագումար նիստում:

Թիվ AJR 32 բանաձևի նախագիծը Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում այս տարվա սկզբին ներկայացրել էր Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը այս տարվա սկզբին ընդունեց ԼՂ-ն որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչող բանաձև, իսկ անցյալ տարի աշնանը ԼՂ անկախությունը ճանաչել էին նաև Կալիֆոռնիայի Ֆրեզնո և Հայլենդ քաղաքները:

Միացյալ Նահանգների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վերջին շրջանում որոշակի առանձնահատուկ վերաբերմունք է նկատվում: Սա, թերևս, պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում Ռուսաստանի կողմից տարվող քաղաքականությամբ:

Պաշտոնական Վաշինգտոնը Հարավային Կովկասում «դաշնակիցներին» հավատարմությունն ապացուցող ժեստեր է անում, համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ լրացուցիչ քայլեր է ձեռնարկում: Այդ ճանապարհին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Վաշինգտոնը, կարծես, հակված է առանձին «խաղալ» և տարանջատվել Ռուսաստանից:

Ամերիկյան Foreign Affairs պարբերականում օրերս հրապարակվել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Կասպյան տարածաշրջանի գծով փորձագետ Բրենդա Շեֆերի` «Լեռնային Ղարաբաղը Ղրիմից հետո» խորագրով հոդվածը, որտեղ նշվում է, որ մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր փորձ կձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ըստ 168.am-ի` հեղինակը նշել է, թե դա տեղի կունենա ՌԴ-ի կողմից Ղրիմը բռնակցելու ֆոնին, ինչից հետո ԱՄՆ-ը, կարծես թե, ավելի քան երբեք նպատակամղված է Ղարաբաղյան հակամարտության ձգձգվող կարգավորմանը, որը Ռուսաստանը գործածում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:

Շեֆերի համոզմամբ` այն բանից հետո, ինչ ՌԴ-ն ապացուցեց, որ պատրաստ է ուժ կիրառել, Արևմուտքը պետք է պատասխանի նրան: Նա նշել է, թե ԼՂ հակամարտությունը ՌԴ-ին օժտել է տարածաշրջանում զգալի ազդեցությամբ, և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գլխավոր դերը պետք է լինի ստեղծված իրավիճակի շտկումը:

Ուշագրավ է, սակայն, այն, որ պաշտոնական Բաքուն նոր թափով անցել է պաշտպանվելու քաղաքականության և իրեն «զոհի» կերպարում է ներկայացնում: Ադրբեջանում դեռ չի դադարել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի նկատմամբ դժգոհությունը: Բանը հասավ նրան, որ արդեն Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ներկայացրեց պաշտոնական Բաքվի դժգոհությունը` ուշադրություն հրավիրելով Twitter-ում Ուորլիքի գրառումներին, համաձայն որոնց՝ «հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է», բանակցային գործընթացը պետք է անցնի «Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»:

Ազիմովի խոսքով՝ անընդունելի է, որ Ջեյմս Ուորլիքը սերտ կապեր է պահպանում ԱՄՆ-ի հայ համայնքի հետ, որի ներկայացուցիչները «անհաշտ դիրքորոշում» ունեն Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Այս ամենը, ադրբեջանցի պաշտոնյայի համոզմամբ, վկայում է, որ ամերիկացի համանախագահը «միտումնավոր քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են հայկական կողմի շահերը բավարարելուն», և նշվածը հիմք է տալիս պաշտոնական Բաքվին անվստահություն հայտնել Ուորլիքին, հրաժարվել աշխատել նրա հետ և դիմել ԵԱՀԿ գործող նախագահին՝ հետ կանչելու Ջեյմս Ուորլիքին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ հակադարձել է Ադրբեջանի փոխարտգործնախարարի վերոնշյալ հայտարարություններին՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը չի կիսում Ադրբեջանի փոխարտգործնախարարի գնահատականը և շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իր ստանձնած հանձնառություններին, և ԱՄՆ-ը «կոչ է անում երկու կողմերին ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր»:

Հաջորդ շաբաթ, ինչպես հայտնի է, ծրագրված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ: Կարելի է ենթադրել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման Օլանդի առաջիկա այցի ընթացքում առանցքային թեմաներից մեկը կդառնա:

Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ֆաբիեն Պենոնը, ըստ «Հետքի», հայտնել է, որ Օլանդի այցի նպատակը նաև տարածաշրջանի սառեցված հակամարտությունների հարցի քննարկումն է երեք երկրների նախագահների հետ:

Հարավային Օսիայի և Աբխազիայի վերաբերյալ խորհրդականը նկատել է, թե Ֆրանսիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նախագահ Օլանդը նույն դիրքորոշո՞ւմը կհայտնի նաև Բաքվում ԼՂ խնդրի առնչությամբ, Պենոնը նկատել է, թե ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքի վրա:

«Ֆրանսիան շարունակելու է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցներ գտնելու ուղղությամբ և կոչ է անում չդադարեցնել բանակցությունները»,- ասել է Ֆաբիեն Պենոնը: Ինչևէ, Ֆրանսիան էլ իր հերթին, թերևս, կփորձի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում քայլեր ձեռնարկել: Թե Մոսկվան ինչպես կարձագանքի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերին՝ ականատես կդառնանք առաջիկայում»:

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս