Բողոքի մեծ ալիք՝ փոքր բիզնեսի շրջանում
2013 թ. Հայաստանում սկսեց գործել շրջանառության հարկը, որի հեղինակները դրա ներդրումը հիմնավորում էին փոքր բիզնեսի համար առավել պարզեցված հաշվառում սահմանելու և փաստաթղթավորման խնդիրը վերացնելու հանգամանքով:
Թեև պաշտոնյաները նշում էին, որ շրջանառության հարկը կթեթևացնի փոքր բիզնեսի կյանքը և ունի բազում մեղմացումներ, սակայն գործարարները հակառակն էին պնդում` 3.5% շրջանառության հարկը զգալի ծանրացրեց հարկային բեռը: Օրինակ` ամսական 4.4 մլն դրամ (տարեկան 52.8 մլն դրամ) իրացում ունեցող խանութի դեպքում` ծախսերի փաստաթղթավորում ունեցող հարկ վճարողը շրջանառության հարկի ներդրման դեպքում 2013-ին վճարեց առնվազն 7 անգամ ավելի հարկ, քան պետք է վճարեր մինչև շրջանառության հարկի ներդրումը:
Այժմ ՀՀ կառավարությունը շրջանառության հարկի նոր փոփոխություններ է մշակել և պնդում է, որ դրանք «էապես» կթեթևացնեն փոքր բիզնեսի հոգսը: Նոր օրինագիծն ուղարկվել է բիզնեսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու նախարարություններին` կարծիքների համար: Դրանով առաջարկվում է շրջանառության հարկը սահմանել 1% այն առևտրային ձեռնարկությունների համար, որոնք պարտադիր կերպով կապահովեն 100%-անոց փաստաթղթավորում: Օրինակ` առևտրային կրպակն իր ունեցած յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենա փաստաթուղթ: Այս պայմանն ապահովելու դեպքում մինչև 10 մլն շրջանառություն ունեցողները կազատվեն հարկից: Սակայն միաժամանակ` ԱԱՀ-ի շեմը բոլոր ձեռնարկությունների համար 58.35 մլն դրամից իջեցվելու է 30 մլն դրամի: Այսինքն, 30 մլն դրամից բարձր տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները կընկնեն ԱԱՀ-ի հարկման ռեժիմի տակ:
Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ առաջարկվող փոփոխությունները բողոքի մեծ ալիք են բարձրացրել. «Քննարկվող նախագծով կառավարությունը փաստաթղթավորման խնդիրն է փորձում լուծել` փոքրի վրա դնելով այդ բեռը, ինչը շատ լուրջ խնդիր է: Բոլորս լավ ծանոթ ենք, որ խոշորը մեծամասամբ ապրանքի հետ փաստաթուղթ չի տալիս: Մինչև 10 մլն շրջանառություն ունեցողին հարկից ազատելու առաջարկը լուրջ քայլ է դառնում պետության կողմից, բայց քանի որ նույն նախագծով սահմանվում է փաստաթղթավորման սկզբունքը, դա դրական ազդեցություն չի ունենա, ամբողջովին բացասական կլինի, որովհետև, եթե փաստաթղթավորման խախտում գտնեն ձեռնարկություններում, ապա դրանք ԱԱՀ դաշտ կանցնեն, իսկ դա նշանակում է, որ փոքր բիզնեսի 60-70%-ը կվերանա»:
Ըստ նրա, խոշոր բիզնեսի վրա այս օրինագիծն առանձնապես չի ազդի և չի նպաստի, որպեսզի խոշորն անհանգստանա իր «փոքր» գործընկերներին կորցնելու սպառնալիքից ու դուրս գա ստվերից, սկսի փաստաթուղթ տրամադրել. «Այսօր խոշորի խնդիրը մատակարարումները չեն, փոքրի վերացման դեպքում կարող է հայտնվել մեկ այլ խոշոր ընկերություն, որը կզբաղվի նաև մատակարարումներով: Խոսքը հիմնականում առաջնային սպառման ապրանքների մասին է, որի սպառումը չի կարող կրճատվել միայն փաստաթղթերի պատճառով: Խոշորն այսօր հնարավորություն ունի ներմուծելու խեղաթյուրված թվերով, խեղաթյուրված ապրանքի անվան տակ, նրան ոչինչ չի անհանգստացնում»:
«Շրջանառության 3.5% հարկ շարունակելու են վճարել բոլոր արտադրական ձեռնարկությունները, 5%` այլ ոլորտի ընկերությունները, և միայն առևտրով զբաղվողները 1%-ի իրավունք են ձեռք բերում՝ լիակատար փաստաթղթավորման դեպքում: Սրանով կրկին շատ նեղացվում է փոքր բիզնեսի գործունեության դաշտը: Այսինքն, չփոխելով անհավասար մրցակցության վիճակը, նորից գցում են ավելի սուր անհավասար մրցակցության մեջ, որովհետև ԱԱՀ դեպքում փոքր բիզնեսը տարեկան մոտ 3 անգամ ավելի մեծ հարկեր է վճարելու»,- մեզ հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա` քանի որ փոքր ձեռնարկություններն արդյունավետ չեն գործում, և իրենց մոտ արդյունավետության ցածր մակարդակը ստիպում է հաճախ այլ աղբյուրներ որոնել իրենց գոյությունը պահելու համար, կարող է սրվել ստվերայնության հարցը, կարող են բավական մեծ քանակի ֆիրմաներ փակվել, կամ դրանք պետք է տրոհվեն 2 մասի, իսկ այս դեպքում էլ փոխկապակցվածության խնդիրը կա, որի դեպքում ավելի մեծ տուգանքներ և տույժեր են նախատեսված: Հետևաբար, եթե ձեռնարկությունները չտրոհվեն, ներկայիս արդյունավետությամբ չեն կարողանա գործել և, ըստ Մակարյանի, դա կբերի աշխատուժի կրճատման, գործազրկության ավելացման:
Նրա խոսքով` կնվազի վարկեր վերցնելու հնարավորությունը, ընկերությունները չեն կարողանա վարկ վերցնել և արդիականացման խնդիր լուծել. «Արդյունքում` գլոբալ առումով մրցունակությունն ընկնում է, փոքրերը դառնում են քիչ մրցունակ, որովհետև մոդեռն չի, եկամտաբերությունը ցածր է, աշխատուժն էլ այդքան որակյալ չի, որովհետև չի կարողանա որակյալ աշխատուժ պահել, վերապատրաստել և այլն: Եվ ստեղծվում է մի իրավիճակ, երբ մեկ տարի հետ կսկսենք հաշվել, թե ինչքան բիզնեսներ փակվեցին: Հիմա անընդհատ խոսում են, որ օգնելու են փոքր բիզնեսին, բայց, ինչպես փորձում էին օգնել Նեսոյին` «Նեսոյի քարաբաղնիսը» հեքիաթում, արդյունքում` հերոսը մահացավ, հիմա այդպես էլ վերջում կհաշվեն, թե ինչքան փոքր բիզնեսներ շուկայից դուրս թռան»:
Ն
երկայումս ՀՀ-ում կա մոտ 68 հազար միկրո և փոքր ձեռնարկություն, որից 55-60 հազարը 58.3 մլն-ի շեմի տակ է ընկնում, ու եթե ոչ` կեսը, ապա` 40%-ը, Մակարյանի համոզմամբ, հայտնվելու է ոչնչացման վտանգի տակ. «Այսինքն` խաղում են 20 հազար ձեռնարկության ճակատագրի հետ»: ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանի կարծիքով՝ փոքրերի համար դեռ 58.3 մլն դրամ շրջանառության շեմը ցածր է, և պետք էր պայքարել այն բարձրացնելու համար, ոչ թե նվազեցնելու: Նրա խոսքով՝ խոշոր բիզնեսն այսօր սարսափելի ձևով ճնշում է փոքրին, փաստաթուղթ չի տրամադրում, դուրս է մղում շուկայից ու գրավում նրա տեղը. «Մեծ բիզնեսն ուղղակի խեղդում է փոքրին, իրական փոքր բիզնեսը մահանում է: Դա է պատճառն այս ահռելի արտագաղթի, որ կա երկրում, որովհետև չեն կարողանում ապրել: Որևիցե մի փոքր գործ, որ անում էին ընտանիքը պահելու համար, հիմա դա էլ չեն կարողանում անել»:
«Այն փոքր բիզնեսը, որը կարողանում է նույնիսկ փաստաթղթավորում ապահովել, դրանից իր կյանքը չի լավանում, որովհետև շատ այլ խնդիրներ կան, կուտակայինն էլ ընդհանրապես շփոթեցրել է գործարարներին: Բոլորը չեն, որ ձևակերպում են փաստաթղթեր, շատերն առանց դրա են ստիպված աշխատել` մի կերպ գոյատևելու համար: Այն փոքրերը, որ ամեն ինչը ձևակերպում են, շատ դժվար կյանքով են ապրում: Դրա համար էլ շատերը փակվում են»,- ասաց Գ.Ենոքյանը:
ՓՄՁ ներկայացուցիչները դիմել են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հույս ունենալով, որ նա չի շարունակի նախկին կառավարությունից իրեն ժառանգություն մնացած վտանգավոր օրինագծի առաջմղումը: Առաջիկայում վարչապետի մոտ նախատեսվում է խորհրդակցություն կազմակերպել, որտեղ կլսվի նաև փոքր բիզնեսի ձայնը, սակայն, եթե դա արդյունք չտա, և, այնուամենայնիվ, օրինագիծն արագացված ձևով ընդունեն, ապա արդեն այս տարվա հուլիսի 1-ից կարող են փոփոխություններն ուժի մեջ մտնել: