Խախտումներ՝ դրսի փողերի հաշվին
Վերահսկիչ պալատն անցած տարի ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում իրականացրած ստուգումների արդյունքում պարզել է, որ ծրագրերի, մատակարարված ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև մրցույթի կազմակերպման գործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր և ունեն հետագա ստուգումների կարիք:
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը ստեղծվել է 1999 թ` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմինների մշակված ծրագրերի, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին իրականացվելիք ՀՀ ֆինանսների նախարարի կողմից սահմանված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով:
ՎՊ վերահսկողության ընթացքում պարզվել է, որ վարկային ծրագրերի գնահատման գործընթացը իրականացնելու համար հանձնաժողովները ձևավորվել են ծրագրերին մասնակից նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հրամաններով: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ԾԻԳ-ի կանոնադրությամբ նախատեսված է, որ աշխատանքների պատվիրատուի գործառույթները իրականացնում է հիմնարկը, սակայն բոլոր պայմանագրերում առկա է երկրորդ պատվիրատու:
Վարկային ծրագրի գործառնական ձեռնարկը, որը մշակվում և հաստատվում է համապատասխան ծրագրի շահառու գերատեսչության կողմից, այնուհետ և համաձայնեցվում է Համաշխարհային բանկի հետ: Փաստորեն ձեռնարկը դառնում է վարկային համաձայնագրի անբաժանելի մաս և ՀՀ օրենսդրության նկատմամբ ստանում գերակա կարգավիճակ: Կառավարության որոշմամբ ԾԻԳ-ին ամրագրված գործառույթները գործառնական ձեռնարկներով վերապահվել է ծրագրին առնչվող այլ կազմակերպությունների: ԾԻԳ-ի պահպանման ծախսերի համար, որի աշխատակազմը բաղկացած է 15 աշխատակցից, իրականացվող յուրաքանչյուր ծրագրից կատարվել է մասհանում, որը միայն ստուգվող չորս ծրագրերի մասով նախատեսվել է 2,517.4 հազ. ԱՄՆ դոլար: Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության վարկային ծրագրից պահպանման ծախսեր է տրամադրվել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին» 607.6 հազ. ԱՄՆ դոլար, Էլ. կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ 127.2 հազ. ԱՄՆ դոլար: Այս ծրագրերից ֆինանսավորվել է նաև ծրագրերի համակարգման գրասենյակի /ծրագրի համակարգման խումբ/ աշխատանքները:
ՎՊ կողմից ընտրանքային ստուգման ընթացքում պարզվել է, որ պետական հատվածի արդիականացման երկրորդ վարկային ծրագրի քաղաքականության ձևավորման և ծառայությունների մատուցման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում բաղադրիչով ՀՀ կառավարության աշխատակազմին ցանցային սարքավորումների մատակարարման և տեղադրման համար պայմանագիր է կնքվել «Յունիքոմփ» ՓԲԸ-ի հետ, որի արժեքի մի մասը` 546,959-ը (առանց հարկեր) պայմանագրում նշվել է ԱՄՆ արժույթով, իսկ մի մասը` 30,366,240 –ը ՀՀ (ներառյալ ԱԱՀ) արժույթով: Հայտատուն հանդիսացել է ՀՀ ռեզիդենտ, սակայն հայտում ապրանքների գնանշումն իրականացրել է արտարժույթով, խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Պատվիրատուի հասցեով ներկրված պայմանագրով նախատեսված 546.9 հազ. ԱՄՆ դոլար արժեքով ապրանքների ուղեկցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել է ենթամատակարար հանդիսացող «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության (ԱՄՆ, Նյուջերսի նահանգ, ք.Մանալապան) անունից:
ԾԻԳ-ի կողմից առանց համապատասխան փաստաթղթերի 546.9 հազ.ԱՄՆ դոլարը փոխանցվել է ենթամատակարարի` «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության (ԱՄՆ) հաշվին, իսկ մաքսազերծման և ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ենթակա գումարները ԾԻԳ-ը վճարել է «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության (ԱՄՆ) անունից ՀՀ ներմուծված ապրանքների դիմաց: «Յունիքոմփ» ՓԲԸ–ն, որպես պայմանագրի կողմ ապրանքների մատակարարման վերաբերյալ հաշիվ ապրանքագիր չի ներկայացրել: Հարկային վարչարարության իրականացման տեսանկյունից տվյալ դեպքում ընկերության մոտ առանձնանում են տվյալ գործարքով հարկային պարտավորությունների հաշվարկման որոշակի խնդիրներ: Այս դեպքում գործարքը ռիսկային է, քանի որ մրցույթը շահել է «Յունիքոմփ» ՓԲԸ-ն, պայմանագիր է կնքվել նրա հետ, սակայն գումարը առանց հիմքի փոխանցվել է ենթամատակարար «Աբրիս Դիստրիբյուշն» ընկերության (ԱՄՆ) հաշին: Անհրաժեշտություն է առաջանում հանդիպակաց ստուգման: