
Ադրբեջանցի պատգամավորները հայտարարել են «հինգերորդ շարասյան» դեմ պայքարն ակտիվացնելու անհրաժեշտության մասին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստը մեկնարկել է պատգամավորներ Ալի Հուսեյնովի ու Էլմիր Ախունդովի ելույթներով, որոնք «ոչ օբյեկտիվության» ու «վնասակարության» մեջ են մեղադրել Transparency Azerbaijan կազմակերպությանը:
Վերջինս իր հերթին հանդիսանում է Transparency International միջազգային կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղը, և հերքել է խորհրդարանի բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ Ադրբեջանում կոռուպցիայի մասին իր զեկույցը կազմել է՝ հենվելով բազմաթիվ աղբյուրների վրա:
Պատգամավորները հայտարարել են «հինգերորդ շարասյան» դեմ պայքարն ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Շարունակելով տվյալ թեման՝ պատգամավոր Մուսա Գասիմլին կոչ է արել խստացնել ոստիկանության մասին օրենքը՝ կապված ոստիկանության սպայի նկատմամբ Լեյլա Յունուսի «կատարած մահափորձի» հետ (տնային կալանքի տակ գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Բաքվի օդանավակայանում իր ձերբակալման պահին շպրտել է ոստիկանության սպայի գլխարկը):
Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը միջամտում է Ադրբեջանի գործերին և հովանավորում է իր վճարովի գործակալներին: Ամփոփելով իր գործընկերների ելույթները՝ խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովն իրավապաշտպաններին ու քաղաքացիական ակտիվիստներին մեղադրել է ազգային պետականության հիմքերը խաթարելու մեջ: