Գագիկ Ծառուկյանը հակասում է ինքն իրեն

168.am-ի՝ Սպորտի և երիտասարդության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ երկու օր առաջ նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն իր մոտ է հրավիրել փոխնախարարներին և հրաժեշտ տվել նրանց: Վարդանյանն ասել է, թե իրեն տեղեկացրել են, որ չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, և շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: Նախարարի պաշտոնակատարը հայտնել է նաև, թե ինքը տեղյակ է, որ նախարար նշանակվելու է ՀԱՕԿ Սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

Այն, որ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Գաբրիել Ղազարյանը կարող է նշանակվել Սպորտի և երիտասարդության նախարար, հայտնի էր դեռևս 10 օր առաջ: Այսօր լրանում է կառավարության ձևավորման 20-օրյա ժամկետը, և, ամենայն հավանականությամբ, մինչև երեկո նախագահ Սերժ Սարգսյանը կնշանակի վերջին երկու՝ Սպորտի և երիտասարդության և Գյուղատնտեսության նախարարներին: ԲՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Գաբրել Ղազարյանն արդեն դուրս է եկել ԲՀԿ-ից, այսինքն՝ պատրաստ է նախարար նշանակվելուն՝ որպես անկուսակցական, քանի որ ԲՀԿ-ն չի մտնելու կոալիցիա:

Մենք արդեն գրել ենք, որ սա ԲՀԿ-ի հերթական խաղն է իշխանության հետ, և ԲՀԿ-ն, ըստ էության, ֆորմալ առումով չմտնելով կոալիցիա՝ իրականում կառավարությունում ունենում է սեփական նախարար: Բայց սա խնդրի միայն մի կողմն է: ԲՀԿ-ն չպետք է հավակներ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին նաև այն պատճառով, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրեթե մեկ տարի առաջ հայտարարել էր, որ Հայաստանին Սպորտի նախարարություն ընդհանրապես պետք չէ:

2013թ. մայիսի 8-ին, երբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, նրա և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները խիստ լարվեցին:

Սպորտի նախարարն ու ՀԱՕԿ նախագահը մրցակցում էին միմյանց հետ, թե ով է հայկական սպորտի իրական առաջնորդը: Ահա այդ շրջանում, մայիսի 20-ին Գագիկ Ծառուկյանը հարցազրույցներից մեկում բավական ուշագրավ հայտարարություն է անում:

Պատասխանելով լրագրողի «Կա տեսակետ, որ Յուրի Վարդանյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելուց հետո դուք կդադարեցնեք մարզաշխարհին ցուցաբերվող ձեր անձնական օգնությունը» դիտարկմանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանում է.

«Այն պահից, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել կառավարող կոալիցիային, անկեղծ ասած, ես ունեմ զրոյական հետաքրքրություն, թե ով ինչի նախարար է: Հաջորդը` ձեր հարցին պատասխանեմ հարցով` իսկ ի՞նչ է, ձեզ թվում է, թե նախկինում ես օգնել եմ մեր մարզաշխարհին՝ նախարարների՞ խաթեր, կամ շնորհիվ: Իհա՛րկե ոչ: Այնպես որ, իմ ծրագրերում այս առումով որևէ բան չի փոխվել, ինչին դուք ականատես կլինեք առաջիկայում: Ես շարունակելու եմ կառուցել մարզադպրոցներ, օգնել մեր տաղանդավոր մարզիկներին և մարզիչներին, մեր տաղանդավոր երեխաներին: Իսկ եթե հարցին ավելի լայն նայենք, ապա ասեմ, որ Սպորտի նախարարություն Հայաստանին երևի այնքան էլ պետք չէ: Պետական միջոցների խնայողություն կլիներ, և սուղ միջոցները կարելի կլիներ առավել արդյունավետ տնօրինել: Ի դեպ, նույնը վերաբերում է մի քանի նախարարությունների ևս»:

Ծառուկյանը, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէ, երբ ասում է, որ ինքը հետաքրքրված չէ, թե ով կլինի նախարար: Եթե դա այդպես լիներ, ապա իր կրկնակի ենթակայության տակ գտնվող մարդուն (և՛ կուսակցական գծով, և՛ ՀԱՕԿ-ի) չէր գործուղի կառավարություն: Բացի այդ, ստացվում է, որ երբ նախարարը ոչ ԲՀԿ-ական է, Ծառուկյանը համարում է, որ Սպորտի նախարարություն Հայաստանին պետք չէ, և նման նախարարությունը վերացնելով՝ կարելի է միջոցների խնայողություն կատարել, իսկ երբ հնարավորություն կա նախարար նշանակել սեփական ենթակային՝ այդ նախարարությունը հույժ կարևոր կառույց է դառնում, իսկ պետական միջոցներն էլ ծախսվում են՝ ըստ նշանակության: Նույնը կարող էր վերաբերել ևս մի քանի նախարարությունների, եթե այնտեղ նշանակվեին ԲՀԿ-ի հետ կապ ունեցող անձինք:

Տեսանյութեր

Լրահոս