
Լ. Ալավերդյանը սահմանադրական փոփոխությունների մասին` «Կոնցեպցիայի մշակումը շատ ավելի փակ խմբով է տեղի ունեցել»

«Անշուշտ, մեր Սահմանադրության տեքստը, իրոք, ունի փոփոխության կարիք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Սակայն, նրա կարծիքով՝այնվիճակում, որում հայտնվել ենք, երբ մեզ սպառնում են, որ ևս 10 տարի նույն կուսակցությունը կլինի իշխող, գրեթե անառարկայական է դարձել այդ վեճը. «Երբ ես նայում եմ ընդհանուր այդ ձևին, ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ էլի կոնցեպցիայի մշակումը շատ ավելի փակ խմբով է տեղի ունեցել: Այն աստիճան բաց չէ ու թափանցիկ, որը վերին աստիճանի դրական կազդեր զուտ կոնցեպցիայի վրա»:
Նա նշեց, որ կիսախորհրդարանական մոդելը ոչ մի բանով չի խանգարում ժողովրդավարական ինստիտուտի և քաղաքական համակարգի զարգացմանը. «Կա բոլորովին այլ խնդիր, ինչը շատ ճշմարտորեն այդտեղ նշված է (գործառույթների, լիազորությունների): Ի դեպ, այն, ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների այդ լիազորությունների իրականացման ապահովմանը, այստեղ խնդիրներ կան, և ես դա ոչ թե բարեփոխում կանվանեի, այլ փոփոխություն: Բայց քանի որ այդ 45 էջանոց նյութի մեջ մի 2 էջ է գրված այդ փոփոխությունը, ստացվում է, որ մենք կարծես թե պետք է քննարկենք բարեփոխումները: Ես պետք է ասեմ, որ բավականին գրագետ նյութ է: Ես, որպես ուսումնական ձեռնարկ, օրինակ, խորհուրդ կտայի շատ-շատերին կարդալ: Բայց վերին աստիճանի ընդհանուր է, եթե մի քանի նախադասություն այդտեղից հանես, ապա կդառնա, որ այս ամենը վերաբերում է ցանկացած երկրի ցանկացած Սահմանադրության»: