ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակում
Վերահսկիչ պալատն անցած տարի բազմաթիվ խախտումներ է բացահայտել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում: ԾԻԳ-ի աշխատանքը մի քանի բաղադրիչ ունի՝ Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ (15.35 մլն դոլար), Գյուղատնտեսության աջակցող ծառայությունների հզորացում (2.48 մլն դոլար), Մրցակցային դրամաշնորհային ծրագիր 2.05 մլն դոլար, Ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում (1.45 մլն դոլար):
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում ԾԻԳ-ի կողմից իրականացվող լոկալ ջրարբիացման ցանցերի կառուցման շինարարական աշխատանքներ իրականացվել են ՀՀ 6 մարզերի (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Տավուշ) անասնապահական ուղղվածություն ունեցող լեռնային և սահմանամերձ 54 համայնքներում՝ արոտավայրերի ջրարբիացում և դաշտամիջյան ճանապարհների նորոգում: Շինարարական աշխատանքների իրականացման համար 2011-2013թթ. ծախսվել է 1,941,59.1 հազար դրամ: Վերահսկողությունն իրականացվել է 5 մարզերի 31 համայնքներում: Վերահսկված 1,148,352.5 հազար դրամ ծավալի շինարարական աշխատանքներում հայտնաբերված խախտումների ծավալը թվով 28 օբյեկտներում կազմել է 15,407.3 հազար դրամ, այդ թվում՝ ցածրորակ աշխատանքներ՝ 4,951.5 հազար դրամի, թվով 18 օբյեկտներում: Արձանագրվել են նաև 7,947.6 հազար դրամի նախագծային շեղումներով իրականացված աշխատանքներ՝ թվով 10 օբյեկտներում, ինչպես նաև՝ 392.6 հազար դրամի ծավալային հավելագրում` մեկ օբյեկտում: 3 օբյեկտներում պայմանագրային ժամկետների ուշացման արդյունքում հաշվարկված տույժերը կազմել են 2,115.6 հազար դրամ: Շինաշխատանքների թերություններն ու բացթողումները չեն արձանագրվել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից: ՎՊ վերահսկողության ստուգման փուլի ավարտին՝ 12.11.2013թ., ԳԾԻԳ-ի կողմից ներկայացվել են ցածրորակ աշխատանքների վերացման վերաբերյալ կապալառուների հետ ստորագրված ակտերը և իրականացված աշխատանքները հավաստող լուսանկարներ:
2011-2012թթ. ընթացքում ԾԻԳ-ի կողմից ԳԱՀԿ-ին և ԳԱՄԿ-երի ու շահառու համայնքներին տրամադրված գյուղտեխնիկայի շուկայական գների ուսումնասիրությունից ՎՊ-ն պարզել է, որ գյուղտեխնիկան ձեռք է բերվել շուկայական գներին համապատասխան, երբեմն նաև շուկայականից ցածր գներով, իսկ 2013թ. օգոստոս ամսից սկսած, միջկառավարական համաձայնագրի շնորhիվ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի միջոցով 92,495.0 հազար դրամ արժողությամբ գյուղտեխնիկան, նախկինում` 2011-2012թթ. ձեռք բերվածից էժան է 33,129.0 հազար դրամով: Չնայած էժանությանը, կան նաև խախտումներ: Օրինակ՝ ԾԻԳ-ի կողմից սակարկությունների ընթացակարգով պայմանագրային արժեքը չի կարող գերազանցել 100 հազար դոլարը, հակառակ դեպքում պետք է տվյալ գնումն անցկացնել մրցութային կարգով, սակայն պարզվել է, որ 2012 թ. 5 ամիսներին (փետրվար-հունիս) կնքվել են 4 պայմանագրեր, որոնցով մատակարարը «Ավտոկոմպլեքս» ՍՊ ընկերությունն է (Մինսկի տրակտորների գործարանի պաշտոնական ներկայացուցիչը Վրաստանում) և ձեռքբերման գների մեջ թվով 3 պայմանագրերում կան էական տարբերություններ, այն դեպքում, երբ ԾԻԳ-ի կողմից պահանջվող գյուղտեխնիկան առավել ցածր գներով ձեռք բերելու նպատակահարմարությունից ելնելով՝ պետք է գնումն անցկացվեր մրցութային կարգով, որի արդյունքում կտնտեսվեր շուրջ 4 հազար դոլար:
ԳՆ ԾԻԳ-ը շատ սերտորեն համագործակցել է «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Այս կառույցների միջև 2011-ի օգոստոսի 12-ին կնքվել է խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագիր՝ 66 մլն 222 հազար դրամ արժեքով, մինչև 2012թ. դեկտեմբերի 20-ը կատարման ժամկետով: ՎՊ-ն պարզել է, որ, օրինակ, առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չլինելու պայմաններում գումարը վճարվել է ամբողջությամբ: Չկատարված աշխատանքի դիմաց վճարված 174 հազար դրամը ենթակա է ետ վերադարձման ԾԻԳ: ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից դեռևս 2008-2010 թթ. թեմատիկ ֆինանսավորման պատվերի (18.5 մլն դրամ) շրջանակներում գիտական կենտրոնն իրականացրել է մի շարք գիտական ծրագրեր: Սակայն թեմատիկ աշխատանքների ուղղվածությունից ՎՊ-ն եզրակացրել է, որ կիրառական հետազոտությունները կենտրոնն իրականացրել է մինչև պատվիրատուի հետ պայմանագիր կնքելը՝ ներկայացված հաշվետվությունները նախկինում ընդգրկված են եղել պետական պատվերով իրականացված գիտական թեմաներում:
ՎՊ-ն պետական բյուջեի միջոցները խնայողաբար և նպատակային օգտագործելու նպատակով ՀՀ կառավարությանն առաջարկել է, որ ճյուղային նախարարությունները որևէ գիտական ուսումնասիրություն պատվիրելուց առաջ խնդրի շուրջ քննարկումներ իրականացնեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: ԾԻԳ-ը Վերահսկիչ պալատին պետք է տրամադրի գրավոր տեղեկատվություն` հաշվետվությամբ արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների մասին, իսկ վերականգնման ենթակա գումարները փոխանցի գանձապետարանում ՀՀ Վերահսկիչ պալատի անվամբ բացված «Պետությանը պատճառված վնասների փոխհատուցումից մուտքեր» եկամտային հաշվին: