Պարտադիր կուտակայինը կդառնա պարտադիր-կամավոր

Երեկ խորհրդարանը քննարկում էր կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը դադարեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը: Բայց որպեսզի հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում օրենքի 76-րդ հոդվածը, մի մեջբերում անենք նույն օրենքի 8-րդ հոդվածից, որը կոչվում է` «Պարտադիր կուտակային վճարներ կատարելը»:

Ըստ այս հոդվածի` «Իրենց աշխատողների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ»: Եվ ահա 76-րդ հոդվածը, որը կոչվում է «Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար», պատասխանատվություն է սահմանում այն գործատուների համար, ովքեր չեն հաշվարկում և չեն փոխանցում պարտադիր կուտակային վճարները: 76-րդ հոդվածի առաջին մասում ասվում է. «Սույն օրենքով պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար»:

Հիմա կառավարությունն առաջարկում է օրենքի այս դրույթի կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 30-ը:

Սա արվում է իբրև թե նրա համար, որ օրենքն ինչ-որ կերպ համապատասխանեցվի Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը, և միաժամանակ, այս փոփոխությամբ կառավարությունն ուզում է ցույց տալ, որ հրաժարվում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից: Կառավարության տրամաբանությունն այն է, որ եթե գործատուն պատասխանատվության չի ենթարկվում կենսաթոշակային հիմնադրամներին վճարումներ չկատարելու համար, ապա նա կարող է ինքը որոշել` կատարե՞լ այդպիսի վճարումներ, թե՞ ոչ. ստացվում է, որ կենսաթոշակային համակարգը դառնում է կամավոր:

Կարդացեք նաև

Սակայն ոչ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը, և ոչ էլ ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չէին կարողանում հստակ պատասխան տալ պատգամավորների այն հարցերին, թե արդյո՞ք աշխատողները կարող են դիմել գործատուին և նրանից պահանջել, որ նա չհաշվարկի կուտակային կենսաթոշակային հիմնադրամին փոխանցվելիք գումարը և այն չփոխանցի հիմնադրամին:

Բացի այդ, անպատասխան էր մնում հնչեցվող այն հարցադրումը, թե ինչո՞ւ գործատուն չպետք է հաշվարկի և փոխանցի իր աշխատակցի գումարը. չէ՞ որ նա կուտակային կենսաթոշակային հիմնադրամին է փոխանցում ոչ թե իր, այլ իր աշխատակիցների գումարը: Այս հարցադրումն առավել տեղին է, երբ գործատուն պետությունն է`պետական հաստատության ղեկավարը կարող է ուղղակի երկընտրանքի առաջ կանգնեցնել աշխատողին. կամ ես փոխանցում եմ քո պարտադիր կենսաթոշակային վճարը, կամ ազատում եմ աշխատանքից:

Հրանտ Բագրատյանն օրինակ բերեց իր աշխատողին, ով իրեն քիչ առաջ տեղեկացրել է, որ իր ապրիլ ամսվա աշխատավարձից հաշվարկվել և պահվել է կուտակային կեսաթոշակի վճարը: «Այս օրենք փոխելով` ոչինչ չի փոխվում: Դուք մեզ խաբում եք, դուք մեզ ցրում եք»,- ասում է Հրանտ Բագրատյանը` դիմելով կառավարությանը և ՀՀԿ-ական մեծամասնությանը:

ՀԱԿ և ՀՅԴ անդամ պատգամավորները համոզված են, որ պետական հիմնարկները և նույնիսկ այն մասնավոր ընկերությունները, որոնց սեփականատերերը սերտորեն կապված են իշխանության հետ, միևնույն է, կատարելու են այդ վճարումները, և երբ կգա սեպտեմբերի 30-ը, նրանք կասեն, որ ահա 200 հազար և ավելի մարդ պայմանագիր է կնքել կուտակային կենսաթոշակային հիմնադրամների հետ, կանոնավորապես վճարումներ են կատարել կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին, այդ վճարումները կատարել են նույնիսկ այն պայմաններում, երբ կարող էին և չկատարել, այնպես որ, համակարգը կայացել է, և այն հետ շրջել հնարավոր չէ:
Իշխանությունը, մասնավորապես` Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս մեղադրանքներին պատասխանում էին, որ այս օրինագծի միջոցով իշխանությունը`կառավարությունը, ընդամենը ժամանակ է վերցնում, որպեսզի կուտակային կենսաթոշակների հետ կապված օրենսդրությունը համապատասխանեցնի Սահմանադրությանը: «Այս նախագծով մենք ժամանակ ենք խնդրում, մինչև կարողանանք հարցին լուծում տալ»,- ասում է Հակոբ Հակոբյանը:

Արդյո՞ք Հակոբ Հակոբյանը հավատում է իր ասած բառերին: Պարզվում է, որ ոչ, քանի որ ինքն էլ է դեմ կուտակային կենսաթոշակային օրենքի այս տարբերակին: Դա պարզ դարձավ, երբ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Հակոբյանին հիշեցրեց, որ երբ 2010թ. քննարկվում էր այս օրենքի նախագիծը, Հակոբյանը լինելով ՀՀԿ անդամ` դեմ էր հանդես գալիս օրենքի ընդունմանը: Որքան էլ զարմանալի լինի, Հակոբյանն ընդունեց, որ ինքն իսկապես դեմ է եղել այս օրենքին. «Ես երկու տարբերակ ունեի. կամ մնայի իմ սկզբունքներն և դուրս գայի կուսակցությունից, կամ առաջ տանեի կուսակցության դրած սկզբունքները:

Ես ընտրեցի երկրորդ տարբերակը»: Ահա այսպես. պարզվում է` ՀՀԿ-ական պատգամավորը, ով Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է և հանդես է գալիս` որպես համազեկուցող, պաշտպանում է ոչ թե իր սկզբունքները, այլ ընդամենը կուսակցության դրած սկզբունքները, որոնք հակասում են իր անձնական սկզբունքներին: Հակոբ Հակոբյանը միակը չէ ՀՀԿ-ում, ով դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: Կարելի է չկասկածել, որ մյուս ՀՀԿ-ականներն էլ են անձնապես դեմ այդ համակարգին, բայց ստիպված են «առաջ տանել կուսակցության դրած սկզբունքը»:

Եթե այդպես չլիներ, կլիներ գոնե մեկ ՀՀԿ-ական, ով կհայտարարեր, որ ինքը կամավոր սկզբունքով մուծումներ է կատարել կուտակային կեսաթոշակային հիմնադրամներին: Այսօր օրենքի քննարկումը կշարունակվի, և հնարավոր է, որ ՀՀԿ-ականները միասնաբար կողմ քվեարկեն օրենքի այս փոփոխությանը, որը, ըստ էության, ոչ մի փոփոխություն էլ չի առաջացնելու, բացի քարոզչական նպատակներով օգտագործվելուց: Գործատուներն իրավաբանորեն պարտադրված չեն լինելու վճարումներ կատարելու:

Տեսանյութեր

Լրահոս