Բաժիններ՝

Շոյգուն հայտարարել է Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հետ քաշվելու մասին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական մարտական ստորաբաժանումները, որոնք մասնակցել են Ուկրաինայի սահմանի մոտ անցկացված մասշտաբային զորավարժություններին, վերադարձվել են իրենց մշտական բազավորման վայրեր:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը, ըստ որի՝ Շոյգուն այդ մասին հայտնել է երեկ երեկոյան ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հեռախոսազրույցում:

Շոյգուի խոսքերով՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից խաղաղ բնակչության դեմ ուժային կոշտ գործողությունների հեռանկարը ռուսական կողմին հարկադրել է հայտարարել Ուկրաինայի սահմանին հարակից շրջաններում մասշտաբային զորավարժություններ սկսելու մասին:

Շոյգուն հավելել է, որ այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները հերքեցին անզեն բնակչության դեմ կանոնավոր զորամասեր օգտագործելու իրենց մտադրություն ունենալը, ռուսական ստորաբաժանումները վերադարձվեցին զորանոցներ:

Շոյգուն նաև հերքել է այն տեղեկատվությունը, որ Ուկրաինայի տարածքում գործում են ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբեր, որոնք ապակայունացնում են Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում տիրող իրավիճակը:

Շոյգուի տվյալներով՝ վերջին շրջանում Ուկրաինայի իշխանությունները երկրի հարավ-արևելքում կենտրոնացրել են մոտ 80 տանկ, ավելի քան 130 հետևակի մարտական մեքենա ու զրահատրանսպորտ, առնվազն 60 հրանոթ ու ականանետ, 15.000 զինծառայող, մարտական ավիացիա, ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս