2013 թվականին ՌԴ-ի ու Բելառուսի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 24 միլիարդ դոլարը
Nomad.su-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի արդյունքներով Ռուսաստանի ու Բելառուսի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 24 միլիարդ դոլարը: Այս մասին Աստանայում հայտարարել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Կաիրբեկ Ուսկենբաևը:
Նրա խոսքերով՝ Միասնական տնտեսական տիրույթի շրջանակներում ակտիվացել է Մաքսային միության մասնակից երեք երկրների միջև համագործակցությունը: Ուսկենբաևը հավելել է, որ Եվրասիական տնտեսական միության վիթխարի շուկան մեծ հնարավորություններ է բացում ղազախ արտադրողների առջև:
Նրա տվյալներով՝ եթե 2011 թվականին ղազախական արտահանումն աճել է 7 տոկոսով, ապա 2013 թվականին՝ ավելի քան երկու անգամ. «Մաքսային միությունը ղազախ ձեռնարկատերերի համար զգալիորեն ընդլայնել է վաճառքի շուկան: 2011 թվականի հետ համեմատ՝ Ռուսաստան ղազախական արտահանումն աճել է 60 տոկոսով, իսկ Բելառուս՝ ավելի քան երկու անգամ»: