Ալիևի վարչակարգը վախենում է ոչ թե ՌԴ-ից կամ Իրանից, այլ՝ սեփական քաղաքացիներից. Կոզլարովիչ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին (1994-1997) դեսպան Ռիչարդ Կոզլարովիչը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակի կապակցությամբ՝ կապված լրագրողներին ու քաղաքական ակտիվիստներին հալածելու նոր փաստերի հետ.
«Ես ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններով զբաղվում է 1992 թվականից և չեմ տեսել ավելի վատթար իրավիճակ, քան այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Ադրբեջանում: Բաքուն քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, իսկ Կոնգրեսի աշխատակիցներին մեղադրում է լրտեսության մեջ:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները ֆինանսավորում են Վաշինգտոնում ադրբեջանա-ամերիկյան կոնֆերանսի անցկացումը, որպեսզի պահպանեն ամերիկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերություն:
Անկախ լրագրող Ռաուֆ Միրկադիրովին կալանավորելը Ալիևի վարչակարգի գործողություններից բխող վերջին օղակն է՝ ուղղված քաղաքական այլակարծության, ԶԼՄ-ների ազատությունների և հայերի ու ադրբեջանցիների միջև դրական շփումներ ունենալու յուրաքանչյուր փորձի ճնշմանը: Վարչակարգը վախենում է ոչ թե Ռուսաստանից կամ Իրանից, այլ՝ սեփական քաղաքացիներից:
Նրանք անգամ գնում են այն քայլին, որ հյուրանոցներին արգելում են հյուրընկալել վարչակարգին քննադատող հասարակական կազմակերպությունների միջոցառումները: Այս ամենը վկայում է, որ վարչակարգին չի մտահոգում արտաքին արձագանքը՝ կապված Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների աճող ճնշման հետ»:
Նշվում է, որ մայիսի 29-30-ին Վաշինգտոնում անցկացվելու է «Ապագայի տեսլական» կոնֆերանսը, որին մասնակցելու են ամերիկացի տասնյակ դիվանագետներ, կոնգրեսականներ ու պաշտոնատար անձինք: Կոնֆերանսի հովանավորն ադրբեջանական SOCAR-ն է: