Տիմոշենկոն բանակցելու համար երեք նախապայման է ներկայացրել Պուտինին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն երեկ «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նպատակահարմար չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելը: Տիմոշենկոյի խոսքերով՝ Պուտինի հետ բանակցելու համար Ռուսաստանը պետք է կատարի 3 պայման:
Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է ժնևյան պայմանավորվածությունների իրագործման մասին. պատանդներին անհապաղ ազատում, շենքերի ապաշրջափակում, Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի հետքաշում: Տիմոշենկոն կարծում է, որ, առանց այս պայմանների կատարման, անիմաստ է ռուսական կողմի հետ բանակցելը.
«Հեղափոխությունից հետո Ուկրաինան գործնականում դարձել է աշխարհի կենտրոնը: Մենք օրինակ դարձանք նրան, թե ինչպես պետք է պայքարել սեփական ազատության համար: Եվ Պուտինը մեզ չներեց այդ ազատության համար»: Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հաջորդ լուրջ հարձակումը կձեռնարկվի նախագահական ընտրությունների շրջանակներում: