
Սիրիայում նախագահի թեկնածուները հայտեր կարող են ներկայացնել մինչև մայիսի 1-ը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Սահմանադրական դատարանի նախագահ Ադնան Զրաիկը հայտարարել է, որ իրենք պատրաստ են այսօրվանից սկսած՝ հայտեր ընդունել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Նախօրեին հայտարարվել էր, որ Սիրիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 3-ին: Զրաիկի խոսքերով՝ Սահմանադրական դատարանը նախագահի պաշտոնի համար պայքարել ցանկացողներից հայտեր կընդունի մինչև մայիսի 1-ը:
Ընդգծվում է, որ արտասահմանում բնակվող Սիրիայի քաղաքացիները կարող են ընտրությունների համար դեսպանատներում քվեարկել մայիսի 28-ին: