Էրդողանը դատի է տվել Քեմալ Քըլըչդարօղլուին
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ դատական հայց է ներկայացրել հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ:
Էրդողանը Քըլըչդարօղլուին մեղադրել է իրեն ու իր ընտանքին զրպարտելու մեջ` ընդգծելով, որ ԺՀԿ-ի առաջնորդն իր հայտարարություններում հենվել է մոնտաժված ու շանտաժի ենթարկելու նպատակով համացանցում տեղադրված ձայնագրությունների վրա:
Հայցում նշված է, որ Քըլըչդարօղլուն Էրդողանի հասցեին բազմաթիվ զրպարտիչ հայտարարություններ է արել կուսակցական ժողովներում և ՏԻՄ ընտրությունների նախընտրական կամպանիայի ժամանակ իր կողմնակիցների հետ հանդիպումներում:
Այդ ամենի համար Էրդողանը Քըլըչդարօղլուից պահանջել է 200.000 լիրա (1 դոլարը հավասար է 2.1 լիրա) փոխհատուցում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ հայր և որդի Էրդողանների սկանդալային զրույցի ձայնագրությունը նույնքան իրական է, որքան՝ Արարատ լեռը:
Ի դեպ, նախորդ տարվա աշնանը թուրքական մամուլը հայտնեց, որ Էրդողանը վերջին 10 տարվա ընթացքում 300 դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում իրեն վիրավորելու համար: Շահած դատական հայցերի արդյունքում Էրդողանը ստացել է 400.000 լիրա (200.000 դոլար) փոխհատուցում:
Էրդողանն ամենամեծ փոխհատուցումը ստացել է Քեմալ Քըլըչդարօղլուից՝ 175.000 լիրա: Ընդհանուր առմամբ, Էրդողանը Քըլըչդարօղլուի նկատմամբ ներկայացրել է մոտ 40 դատական հայց:
Էրդողանն ամենաշատ դատական հայցերը ներկայացրել է ԺՀԿ-ի և լրագրողների նկատմամբ: «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին էլ Էրդողանին վճարել է 44.500 լիրա: