Բաժիններ՝

Էրդողանը 10 տարում դատական հայցերից վաստակել է 200.000 դոլար

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերջին 10 տարվա ընթացքում (Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականի մարտի 14-ին՝ 10 տարի և 238 օր – 168.am) 300 դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում իրեն վիրավորելու համար:

Շահած դատական հայցերի արդյունքում Էրդողանը ստացել է 400.000 լիրա (200.000 դոլար) փոխհատուցում: Էրդողանն ամենամեծ փոխհատուցումը ստացել է հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից՝ 175.000 լիրա:

Ընդհանուր առմամբ, Էրդողանը Քըլըչդարօղլուի նկատմամբ ներկայացրել է մոտ 40 դատական հայց: 2010 թվականին Էրդողանը Քըլըչդարօղլուից ստացել է 4000 լիրա (1 դեպք), 2011 թվականին՝ 30.000 լիրա (3 դեպք), 2012 թվականին՝ 103.000 լիրա (3 դեպք), 2013 թվականին՝ 38.500 լիրա (3 դեպք) փոխհատուցում: Էրդողանն ամենաշատ դատական հայցերը ներկայացրել է ԺՀԿ-ի և լրագրողների նկատմամբ:

«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին վճարել է 44.500 լիրա, թուրք գործարար Ջեմ Ուզանը՝ 40.000 լիրա, քաղաքական գործիչ՝ Ալի Թոփուզը՝ 15.000 լիրա, ԺՀԿ նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը՝ 10.000 լիրա, թուրք դերասան Մուժդաթ Գեզենից՝ 10.000 լիրա, ԱՇԿ խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը՝ 4000 լիրա, թուրք դիվանագետ ու քաղաքական գործիչ Դենիզ Բոլուքբաշըից՝ 10.000 լիրա, քաղաքական գործիչ Օզդալ Ուչերից՝ 10.000 լիրա, իրավաբան Ահմեթ Էրսինից՝ 10.000 լիրա, քաղաքական գործիչ Զեքի Սեզերից՝ 10.000 լիրա փոխհատուցում:

Էրդողանն Evrensel թերթից ստացել է 10.000 լիրա փոխհատուցում, Aydınlık թերթից՝ 5000 լիրա, լրագրող Քամալ Բայթաշից՝ 3000 լիրա, լրագրող Ջյունեյթ Արջայուրեքից՝ 5000 լիրա, լրագրող Մերդան Յանարդաղից՝ 5000 լիրա, լրագրող Փերիհան Մարդենից՝ 5000 լիրա, Hürriyet թերթի սյունակագիր Յըլմազ Օզդիլից՝ 7000 լիրա փոխհատուցում:

Նշվում է, որ միևնույն ժամանակ Էրդողանի դեմ բացվել է 800 հասարակական հայց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս