Հայր և որդի Էրդողանների զրույցի ձայնագրությունը նույնքան իրական է, որքան՝ Արարատ լեռը. Քըլըչդարօղլու
Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության նիստում անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի սկանդալային հեռախոսազրույցին:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է այս շաբաթվա սկզբին համացանցում հայտնված աուդիոձայնագրության մասին, որի ժամանակ Ռեջեփ Էրդողանը որդուն հրահանգում է տնից դուրս բերել կանխիկ 30 միլիոն եվրոն և բաշխել մերձավորների միջև:
Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ ձայնագրությունները վկայում են հատկապես խոշոր չափի կոռուպցիայի մասին, ինչը հնարավոր չէ թաքցնել. «Մենք 3-4 առանձին աղբյուրի մոտ ստուգել են այդ ձայնագրությունները: Մեզ ասել են, որ դրանք կատարելապես իրական (արժանահավատ) են: Դրանք նույնքան իրական են, որքան Աղրը (Արարատ) լեռը, որքան՝ Արճեշի լեռը»:
Անդրադառնալով WikiLeaks-յան բացահայտումներին՝ Քըլըչդարօղլուն հիշեցրել է, որ 2008 թվականի դիվանագիտական նամակագրության մեջ ամերիկացի չինովնիկը, խոսելով Էրդողանի կառավարության մասին, գրել է. «Էրդողանի կուսակցությունն իր ուղին սկսել է կոռուպցիայի դեմ պայքարով, սակայն տվյալ պահին կուսակցության ներսում ու նրան մոտ կանգնած մարդկանց շրջանում գոյություն ունեն շատ լուրջ տարաձայնություններ ու բախումներ՝ կապված ֆինանսական շահերի հետ»:
Քըլըչդարօղլուն հավելել է, որ նույն փաստաթղթի համաձայն, Էրդողանը 8 հաշվեհամար ունի շվեյցարական բանկերում. «Հանրապետության մեջ առաջին անգամ մենք հանդիպեցինք մի վարչապետի, ով թալանում է իր ժողովրդին: Ինձ համար Էրդողանն այլևս լեգիտիմ վարչապետ չէ, ես այլևս նրան չեմ ասելու վարչապետ: Ես մշտապես ասել եմ, որ խաբեբան չի կարող լինել վարչապետ»: