«Առաջինը չարած՝ երկրորդ քայլին դիմելով, բոլորովին պիտի կորչինք».Կոմիտաս վարդապետի նամակը՝ Արշակ Չոպանյանին
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) երկարամյա աշխատակից Արփիկ Ավետիսյանի (տատիկիս) արխիվից գտա Կոմիտաս վարդապետի նամակը՝ գրող, գրականագետ Արշակ Չոպանյանին (1872-1954): Փարիզի մշակութային հանձնախմբի նախագահ Աղասի Դարբինյանի ջանքերով, 1956թ. Արշակ Չոպանյանի արխիվը տեղափոխվել է ԳԱԹ: Կոմիտասը նամակը գրել է 1912-ի դեկտեմբերի 25-ին: Այն ներկայացնում ենք՝ առանց կրճատումների:
«Սիրելի Արշակ, ուզում եմ քեզ նամակ գրել, բայց այսօր-վաղն ասելով` ցարդ ուշացավ:
Արդեն մասնակի տեղեկանում եմ և գիտեմ, թե այժմ որքան սուրբ ու ազնիվ, քո սիրած ու պաշտած, կշռած ու մարսած գործն ես մշակում՝ հայուն ապագան է արդ քու հոգածությանդ առարկան, ուստի բոլոր ուժդ, իրավամբ, դեպի գերագույն նպատակն ես ուղղած:
Արդեն հայ ազգը քեզ շատ բան է պարտական. դուն էիր առաջինը, որ լավ ըմբռնեցիր, թե մեր ապագան հարթելու համար պետք էր նախ մեզ օտարներին ծանոթացնել, ցույց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսո որդեգիր ու կարապետ ենք խավար վայրերում, շինարար ենք… Եթե մեր մեջ տնականությունն ու միությունը պակաս է եղած, պատճառն այն է, որ ազատ շունչ չենք քաշել նույնիսկ մեր` իբր անկախության օրերումն իսկ` հալածվելով տգիտութենեն ու խավարեն, ավերակեն ու ավարեն, սրեն ու հրեն…
Բայց աննկուն բան ունինք մեր մեջ, մի ամուր հույս. դեպի ապագա լուսո կանթեղը հառած են մեր հայացքները, դեպի այն կանթեղը, որ հայ ժողովուրդը, իր թագավորությունն ու իշխանությունը կորցնելեն հետո տարել ու կախել է բազմաբեղուն ու երկնադետ Արագածի գագաթը` երկնքի անտես առաստաղեն, անթել կապով, որ մարդիկ խավար ու ավառու, ձեռք տալ չկարողանան և գոնե նորա լուսո նշույլը ցայտե մեր վերա, և մեր ապագա կյանքը երազենք:
Դուն էիր առաջինը, որ մեր նախնյաց ստեղծագործ հոգին թղթերով ու գրքերով նկարեցիր ու ցուցադրեցիր օտար աշխարհի մեջ քաղաքակրթության հարազատ զավակներին, որ մենք ևս իրենց շավիղն ենք բռնել, մենք ևս իրենց ճամբան ենք քայլել, մենք ևս` մեր ձեռքին լույս բռնել: Եվ թեպետ ջանացել են դևերը փչել ու մարել մեր կյանքը, բայց փչողներն են խորտակվել, ու մենք դեռ մոխիրների տակ առկայծել ենք՝ ապավինելով գիտությանն ու կրթությանը, որ թեև մերն է եղել` իբրև արևելքի զավակներ, բայց մեր ձեռքեն դուրս է ելել ու Եվրոպան լուսավորել:
Արդ, քանի որ մեզ համար անծանոթ չէ մտքի նախատիպը և կարողությունը, որ այժմ Եվրոպայից է, որ մեզ լուսավորում է, ինչո՞ւ չունենանք մեր իսկ լուսո ջահը` մեր ձեռքին: Դուն էիր առաջինը, որ հրավիրեց հայի գեղարվեստական ստեղծագործությանց ծանոթացնելու քաղաքակիրթ աշխարհին… Արդ, հանգիստ վայելիր և ուրախացիր, ուժ առ և ուժ տուր, պինդ կեցիր, որ բարձրացած դարավոր ազատության ձգտող կոհակներն ու ալիքները չզարնվեն ժայռին ու այս անգամ էլ փշրվեն, որի վերջը, թերևս, կորստաբեր լինի մեզ համար:
Ծալենք այժմ զգացմունքներն ու դատենք իրողությունը:
Ինձ այնպես է թվում, թե մենք մինչև նվազագույնով առաջին ու դրական քայլը չանենք, երբեք չենք կարող երկրորդի մասին մտածել կամ մեծամեծս ձգտել: Արդ, մեր երկիրն սկզբեն եղել է կռվախնձոր արշավող ու շրջակա հզոր պետությանց աշխարհակալության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույն վիճակը:
Մենք առայժմ իրապես ռուսաց շահի առարկա ենք. մեր երկիրն արդեն որոշված է այսօր-վաղը ռուս պետության բաժին դառնալու: Ուրեմն պետք է ձգտենք մեզ ազատագրել երկու կերպ. թեպետ երկուքի վերջակետն էլ նույնն է` տարբեր ուղիով միայն:
Առաջինն է առավելագույնը` ինքնուրույն ու անկախ լինելով` իբրև պատվար ցցվել ռուս դիվանագիտության առաջ և երկրորդը՝ նվազագույնը, ապավինել Քեռի-Ռուսին և միաձույլ հայություն սահմանել: Երկուքն էլ նույնն է, բայց երկրորդն իրագործելի՝ շահերի նույնության վրա հենվելով, իսկ առաջինն` անիրագործելի:
Ռուս կառավարությունը Ծայրագույն Արևելքեն տուժեց. ուրեմն ընդարձակման ճանապարհը այս կողմը մնաց: Արդեն Պարսկաստանը բաժանված է իրապես Անգլիո և Ռուսիո միջև: Այսպես` հայերը պարսկական լծեն պիտի ազատին և միանան ռուսահայոց և փոխադարձաբար ուժովնան: Արդ, հերթն է եկել մեզ` տաճկահայերիս:
Ես չեմ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ, զի նա չի կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն միշտ ձգտելու է պահել մեզ (եթե իրար չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք. արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս:
Ռուս թերթերն էլ ճիշտ այս կետն է, որ շարունակ շեշտում են, որ մեր փրկությունը կռելու ու կոփելու են Փերպուրկի (Պետերբուրգի.- Լ.Ա.) պարիսպներու դռներուն առջև: Այս էր պնդել ժամանակին Լորիս Մելիքով` Գևորգ Դ կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկությունը տեսնելով ու հուսալով տաճիկներեն, գրեթե բացարձակապես սպասելիս է եղել տաճիկներին՝ Էջմիածնի մեջ):
Արդեն քաջ գիտես, որ Անգլիո, Ֆրանսիո ու Ռուսիո միության գլխավոր նպատակն էլ այս էր: Ուրեմն չիք փրկություն արտաքո Ռուսիո: Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես ու նյութապես, և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը. շտապելով, առաջինը չարած` երկրորդ քայլի դիմելով, բոլորովին պիտի կորչինք:
Տաճիկեն ոչ մի հույս մի ունենաք, մի սպասեք. նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակը սալահատակներուն համար:
Չպետք է բաժնվինք, չպետք է խաբվինք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներին, միանալու ենք և գործնական ճամբան բռնելու` ըստ իս, առաջին քայլն է տնտեսապես ու բարոյապես, զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու` զարգանալ:
Երկրորդ քայլն արդեն ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլեն, սակայն պատրաստվելով, լեհերու պես զուտ ազգային շավիղը բռնելով: Եվրոպական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևին տակ կկիզվեն:
Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալինք, որքան ալ որ հալինք, այնուամենայնիվ, մեր ինքնագիտակցությունը զարթնած է և եթե խելոք շարժվինք, կվաստակենք. ես այդ կարծիքն ունիմ:
Ցանկանալով քեզ սրտագինս եռանդ, ուժ ու քաջություն՝ մաղթեմ, որ մեզի նոր տարուն բերելիք նվերդ լինի համեստ ու համեղ բան:
Համբուրիվ ու կարոտով` քոյդ` Կոմիտաս Վարդապետ
1912, 25 (ժբ) դեկտեմբեր, Կ.Պոլիս»