«Մարդը, ով կապում է ժամանակներն իրար հետ»
«Իսկական դիվանագետը նա է, ով երկու անգամ մտածում է՝ մինչև ոչինչ չասելը»: Սա Չերչիլի միտքն է: Բոլոր լրագրողները, որոնք երբևէ առնչվել են արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, կվկայեն, որ այս միտքը հատկապե՛ս նրա մասին է: Այսօր Արման Նավասարդյանի 75-ամյակն է: Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականին, Երևանում: Գերազանցության դիպլոմով ավարտել ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան և նույն ակադեմիայի դիվանագիտական ղեկավար կադրերի ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարության կենտրոնական ապարատում և արտասահմանյան ներկայացուցչություններում: Հայաստանի անկախացումից հետո եղել է արտաքին գործերի փոխնախարար: Գլխավորել է Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի ՝ Վիեննայում գործող բոլոր միջազգային կազմակերպություններում: Աշխատել է դեսպան Ավստրիայում, Հունգարիայում և Լիբանանում: Ունի արտաքին և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Այժմ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է: Ժամանակին մեր թերթի ամենաընթերցվողներից էր հենց պարոն Նավասարդյանի՝ դիվանագիտության պատմությանը, հայ դիվանագիտական մտքին նվիրված շարքը: Ավելի ուշ արդեն լույս տեսավ նրա «Հելլադայի դիվանագիտական որոգայթները», «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարը: Արման Նավասարդյանը դիվանագե՞տ է, թե՞ ջենթլմեն. կյանքում նա, ամեն դեպքում, չափազանց ճշտապահ է, նրբանկատ ու բարեկիրթ: Իր հոբելյանին Արման Նավասարդյանին մաղթում ենք առողջություն, նոր, հետաքրքիր բացահայտումներ: Դիվանագետները միշտ հիշում են, թե հատկապես ի՛նչ պետք է մոռանալ: Մաղթում ենք, որ բոլոր հիշողություններն այնքան կարևոր ու թանկ լինեն, որ ոչինչ մոռանալու անհրաժեշտություն չլինի։
«168 Ժամ» թերթի խմբագրակազմ