
Ուորլիքի խոսքերին չպետք է լուրջ վերաբերվել. Արազ Ազիմով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «պետք է» ավելի լավ ծանոթանա, իմանա ու ուսումնասիրի Մինսկի խմբի փաստաթղթերը և հետո նոր մտնի բանավեճի մեջ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը՝ մեկնաբանելով Twitter սոցցանցում Ուորլիքի այն գրառումը, որ Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտություն է.
«Նմանատիպ հայտարարություններում նկատվում է քաղաքական կանխակալություն: Ուորլիքն այդ հայտարարությունն արել է Հայաստանին հանգստացնելու համար, քանի որ վերջինս փորձում է Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես պետական միավոր:
Նրանք (ԼՂ-ը) իզուր են կարծում, որ եթե իրենց ճանաչեն հակամարտող կողմ, ապա հաջորդ փուլում հրավեր կստանան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Ակնհայտ է, որ հակամարտող կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են: Ուորլիքի խոսքերին չպետք է լուրջ վերաբերվել»: