Ալբանիան թույլատրել է իր տարածքում TAP գազատարի կառուցման աշխատանքներ սկսելը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծի մշակմամբ զբաղվող կոնսորցիումը ստացել է խողովակաշարի ալբանական հատվածի կառուցման թույլտվությունը: Այսմասին նշված է TAP-ի տարածած հայտարարության մեջ:
Համապատասխան թույլտվությունը տվել է Ալբանիայի Ազգային տարածքային խորհուրդը, որը գլխավորում է երկրի վարչապետ Էդի Ռաման: TAP-ն ընդգծել է, որ դա կարևոր որոշում է, որը կոնսորցիումին հնարավորություն կտա գազատարի կառուցման աշխատանքներ սկսել Ալբանիայի տարածքում:
Այդ աշխատանքները մեկնարկելու են 2015 թվականին: TAP գազատարը նախատեսված է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար:
Ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ) գազատարով հասցվում է Թուրքիա, որտեղից այն «Անդրանատոլիական» գազատարով պետք է հասցվի Հունաստանի սահման, որտեղից էլ մեկնարկում է TAP-ը: TAP-ի բաժնետերերն են բրիտանական BP-ը (20%), ադրբեջանական SOCAR-ը (20%), Statoil-ը (20%), Fluxys-ը (16%), Total-ը (10%), E.ON-ը (9%) և Axpo-ն (5%):