Տիգրան Սարգսյանն իր արածների համար պետք է պատասխան տա. Աշոտ Գրիգորյան
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր արածների համար պետք է պատասխան տա: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են աշխատել նոր վարչապետի ու նոր կառավարության հետ:
Միաժամանակ Ա. Գրիգորյանը հայտարարեց, որ ցանկացած վարչապետ, որ նախագահի կողմից կնշանակվի ի շահ նախագահի, դա կլինի դժբախտություն Հայաստանի համար: Ըստ նրա՝ պետք է այնպիսի վարչապետ ընտրվի, որը տնտեությունը ոտքի կկանգնեցնի. «Այդպիսի վարչապետ այստեղ՝ Հայաստանում, չկա, Եվրոպայում և ԱՄՆ-ում պետք է փնտրել: ՌԴ-ում կարելի է մի քանի ազգանվեր մարդիկ գտնել, բայց հիմնական զանգվածը կապակցված է Հայաստանի ներքին կոռուպցիոն համակարգերի հետ»:
Ա.Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԵՀՄՖ-ն «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու ծրագիր են մշակել, այլ ոլորտներում ևս ներդրումային ծրագրեր են նախապատրաստվել և եվրոպացի տարբեր երկրներից ներդրողներ են եկել ՀՀ, ովքեր հետաքրքրված են էներգետիկայի բնագավառով, ընդ որում՝ Արցախում արդեն ՀԷԿ-երի կառուցման նախագիծ է իրականացվում և օրերս համաձայնագրեր են կնքվել: