
ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ երեկ Էշթոնը տվյալ հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է իրավիճակի կայունացմանն ուղղված Ուկրաինայի իշխանությունների ջանքերին:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հանդիպման ստույգ ժամկետը դեռ անհայտ է: Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկվելու է նաև ապրիլի 14-ին կայանալիք ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների պլանային հանդիպման ժամանակ: