Բաժիններ՝

Թաիրով գյուղում հողն անմշակ չի մնա

Տարիներ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի կոյուղաջրերը լցվում էին Փարաքար-Թաիրով համայնքի դաշտեր, որոնք հանդիսանում են գյուղաբնակների եկամտի միակ աղբյուրը: Բայց խնդիրը, չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, ոչ մի կերպ չէր լուծվում:

Բանն այն է, որ նախկինում օդանավակայանին պատկանող ճնշումային կոյուղագիծը միացված է եղել Երևանի կոյուղու կոլեկտորին, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով վերամիացվել է «ՌԱՈ Մարս» գործարանի չգործող կոյուղագծին, որի որոշ հատվածներում խողովակներն ընդհանրապես բացակայում են: Արդյունքում՝ կոյուղաջրերը արտահոսում և կուտակվում էին Թաիրով գյուղի տարածքում՝ անհնարին դարձնելով հողերի մշակումը:

Ի վերջո, շահագրգիռ կողմերի և իրավասու կառույցների համատեղ քննարկումների արդյունքում հնարավոր դարձավ մշակել գործողությունների պահանջվող ծրագիր: «Երևան Ջուր» ՓԲԸ-ն, չնայած պարտավորությունների բացակայությանը, այնուամենայնիվ, որպես մասնագիտացված կառույց, նախ՝ պատվիրեց համապատասխան նախագիծ՝ 5 մլն դրամ արժողությամբ, այնուհետև՝ դրա հիման վրա, սեփական միջոցներից հատկացնելով 40 մլն դրամ (մոտ այդքան էր համաֆինանսավորման սկզբունքով տրամադրել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն) Փարաքարից խողովակաշարը հասցրեց մայրաքաղաքի կոյուղու ցանց:

Մոտ 1600 մետր երկարություն ունեցող նոր կոյուղագիծը՝ կազմված 225մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակներից, անցնում է Փարաքար և Արգավանդ գյուղերով, ձգվում է Երևան-Նուռնուս երկաթգծին զուգահեռ, «թռչում է» Հրազդանի վրայի կամրջով և միանում դեպի Աէրացիա կոյուղաջրերի մաքրման կայան ուղղվող կոլեկտորին:

Կապալառու «Էմօշին» ՍՊԸ-ն աշխատանքներն ավարտեց մարտի վերջին՝ նախատեսվածից մոտ մեկ ամիս շուտ՝ հնարավորություն տալով գյուղաբնակներին ձեռնամուխ լինել կեղտաջրերից ազատված տարածքների մելիորացիային:
«Երևան Ջուր» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս