«ԵՄ-ն և ԱՄՆ-ը չունեն հստակ քաղաքականություն նախկին խորհրդային երկրների նկատմամբ»

Հարցազրույց Լոնդոնի «IHS Global Insight» պաշտպանության, անվտանգության և տնտեսական հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ։

– Այն փաստը, որ ԼՂ-ում ոգևորությամբ ընդունեցին Ղրիմի թերակղզու միացումը Ռուսաստանին, կարո՞ղ է միջազգային հանրության շրջանում ստեղծել թյուր տպավորություն, որ, փաստորեն, Ղարաբաղն էլ է «անեքսիայի ենթարկվել»:

– Անկեղծ ասած`չեմ կարծում, որ այժմ միջազգային հանրությանն առանձնակի հետաքրքրում է, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, որովհետև աշխարհում ավելի թեժ կետեր կան, հատկապես` Ղրիմը և Արևելյան Ուկրաինան: Կարծում եմ` Արևմուտքի գլխավոր խնդիրը հասկանալն է, թե որն է լինելու Ռուսաստանի հաջորդ քայլը:
Ես տեղյակ եմ Ժիրինովսկու հայտարարությանը, բայց այն արվել է ոչ թե ռուսական պետական պաշտոնյաների, այլ պատգամավորի կողմից, այդ իսկ պատճառով` խորհրդարանի անդամի հայտարարությունը դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը նման դիրք է գրավել: Ասեմ ավելին` այժմ ուշադրության կենտրոնում հիմնականում Մերձդնեստրն է, քանի որ նրանք մեկ քայլ առաջ են այս հարցում. հայտարարություն արեցին, որ նույնպես ցանկանում են միանալ ՌԴ-ին:

Հիմա կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Մերձդնեստրը նույնպես կմիանա ՌԴ-ին, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանն իմանալու համար նախ` պետք է հասկանալ, թե ինչու Ռուսաստանը վերցրեց Ղրիմը, և երբ պատասխանում ենք այդ հարցին, պարզ է դառնում, որ ո՛չ Մերձդնեստրը, ո՛չ էլ Ղարաբաղը չեն արժանանա նույն ճակատագրին:

Կարդացեք նաև

Իսկ եթե ավելի պարզ, Ռուսաստանը որոշեց ի վերջո դիմել այդ քայլին, որովհետև նրանք Ուկրաինայի նկատմամբ ունեին երկու ծրագիր. առաջինը` փորձել հասնել նրան, որ թե՛ տնտեսապես, թե՛ էներգետիկ առումով Ուկրաինան և Ռուսաստանը մնան սերտորեն կապակցված, և Ուկրաինայում լինի այնպիսի կառավարություն, որն ավելի պրագմատիկ է, ոչ թե խիստ հակառուսական և ծայրահեղ եվրոպամետ: Ռուսաստանն արդեն շուրջ տասը տարի հոգնել է այն խնդիրներից, որոնք պարբերաբար առաջացնում են ուկրաինական իշխանությունները Ռուսաստանի համար, հատկապես` էներգետիկ տրանսֆերտների առումով, և այլն:

Բացի այդ, Ուկրաինան շատ կարևոր երկիր է Ռուսաստանի համար: Երբ սա չաշխատեց, և Կիևում 24 ժամվա ընթացքում կատարվեց իշխանության փոփոխություն, որը դեռ պիտի պարզվի` ինչպես կատարվեց, այդ ժամանակ Ռուսաստանը որոշեց, որ պետք է անցնի երկրորդ տարբերակին: Սրա հիմնական նպատակն Ուկրաինայի արտաքին սահմանների ապակայունացումն է, այսինքն` երկրի սահմանները վիճարկելի դարձնելը: Նույն խնդիրն է, որ ունեն Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը: Սա լծակ է բոլոր երկրների վրա: Բացի այդ` Ղրիմը ռազմավարական նշանակություն ունեցող թերակղզի է:

Իմ կարծիքով` Ռուսաստանը նպատակ չունի գնալու Ուկրաինայի արևելյան շրջանները` Դոնեցկ, Դնեպրոպետրովսկ և այլն, առավել ևս, նպատակ չունի վերցնելու Մերձդնեստրը, որը ռազմավարական արժեք չունի, և աշխարհաքաղաքական իմաստով` Ռուսաստանի համար դժվար կլինի այն մարսելը: Ղրիմը բացառիկ էր այն իմաստով, որ այն Ռուսաստանի մասն է եղել մինչև 1954 թիվը, երբ շրջանը փոխանցվեց Ուկրաինային` առանց որևէ բացատրության: Ուստի, եթե հարցը դիտարկենք այս համատեքստում, ապա Ղարաբաղը, Ղրիմը և Մերձդնեստրը լրիվ այլ հարթությունների վրա են:

– Մոսկվայում շատերը` պաշտոնյաներ, գործիչներ, փորձագետներ և այլք, ըստ էության, համոզված են, թե «Մայդանը» ոչ թե ինքնաբուխ շարժում էր, այլ հրահրվել էր Եվրամիության, ԱՄՆ-ի կողմից, որի միակ նպատակն Ուկրաինան իր ազդեցության ոլորտում ընդգրկելն է: Որքանո՞վ են հիմնավոր այս մեղադրանքները:

– Իհարկե Եվրամիությունը, Միացյալ Նահանգները շահագրգռված են, որ այս երկրներում լինի այնպիսի կառավարման համակարգ, ինչպիսին իրենց մոտ է, այսինքն` ժողովրդավարական հասարակարգ: Սա իրենց արտաքին քաղաքականության գաղափարախոսության մի մասն է: Բնականաբար, «Մայդանը» շատ լավ համընկնում էր իրենց գաղափարախոսության հետ:

Բայց, իմ խորին համոզմամբ, երբ ասում են, թե ցույցերը կազմակերպված են, ֆինանսավորվում են ինչ-որ մեկի կողմից, և այլն, և այլն, գուցեև որոշ ոչ-կառավարական կազմակերպություններ ստանում են ինչ-որ օգնություն, բայց ամենուրեք այդ դավադրությունները փնտրելն ապակողմնորոշիչ է և խեղաթյուրում է իրադարձությունների ճիշտ վերլուծումը:

Եթե երկրում չկան սոցիալ-տնտեսական հիմքեր հեղափոխության համար, ապա ոչ մի դավադիր խումբ չի կարող նման բան անել, եթե, իհարկե, չհաշվենք զինված խունտայի կողմից հեղաշրջման տարբերակը, թեև նույնիսկ այս դեպքում պետք է լինի գաղափարախոսական արդարացում և աջակցություն հասարակության գոնե մի մասի կողմից:

Իրադարձությունները դավադրությամբ բացատրելը միշտ էլ շատ թույլ փաստարկ է եղել: Որքան էլ փող տաս, մարդիկ չեն դառնա անձնազոհ նահատակներ և իրենց կյանքը վտանգի տակ չեն դնի, եթե չհավատան այդ գաղափարներին:

Այլ հարց է, որ «Մայդանում» հավաքվածների նպատակները համընկում էին ամերիկյան քաղաքական նպատակների հետ: Բայց եթե լսենք նույն «Մայդանի» ցուցարարներին, նրանք այժմ կարծում են, թե ԵՄ-ն և նույն Միացյալ Նահանգները դավաճանեցին իրենց:

– Ինչո՞վ է դա բացատրվում:

– Պարզապես ԱՄՆ-ից և ԵՄ-ից ուկրաինացիների ակնկալիքները` թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ ռազմական, շատ ավելի մեծ էին, քան իրականում կարող էին ստանալ: Որևէ եվրոպական երկիր, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն չեն պատրաստվում զորք ուղարկել Ռուսաստանի դեմ և չեն պատրաստվում հանգիստ Ուկրաինային տալ 45 մլրդ դոլար, եթե Ուկրաինան չսկսի այն դժվար և հասարակության համար ցավալի բարեփոխումները, որոնք նրանք արդեն սկսել են` Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ֆինանսական օգնություն ստանալու համար:

Սա շատ բնական է, որևէ ժողովրդական շարժման ժամանակ մարդկանց ակնկալիքները շատ ավելի մեծ են լինում, նրանք ավելի էմոցիոնալ են և ավելի քիչ իրատես:

Այդ իսկ պատճառով` ուկրաինացիների մոտ տպավորություն է, որ Եվրոպան չկանգնեցրեց Ռուսաստանին: Եվ եթե նայենք պատժամիջոցներին, դրանցում չի ասվում, թե Ռուսաստանը պիտի դուրս գա Ղրիմից, պարզապես նշվում է` եթե Ռուսաստանը մտնի արևելյան Ուկրաինա, այդ դեպքում կլինի պատժամիջոցների երրորդ և ավելի լուրջ փուլը, որը կընդգրկի տնտեսական և էներգետիկ էմբարգո: Իսկ դրա հավանականությունը շատ փոքր է:

Բայց Արևմուտքն էլ փորձում է ցույց տալ, թե իբր իրենք շատ լուրջ են վերաբերվում արևելյան Ուկրաինային սպառնացող վտանգին:

– Բայց դա ավելի շատ նման է հռետորաբանության:

– Այո՛, որովհետև հատկապես պատժամիջոցների առաջին շրջանն ընդամենը փոքրիկ ժեստ էր` հանրաքվեից առաջ: Եթե նրանք իսկապես լուրջ էին տրամադրված, կարող էին հայտարարել, որ տնտեսական կամ էներգետիկ էմբարգո են դնում Ռուսաստանի նկատմամբ: Բայց դա նշանակում է, որ եվրագոտու տնտեսությունը, որը հազիվ սկսել է վերականգնվել, նորից կհայտնվեր ճգնաժամի մեջ:

– Ուկրաինայի իրադարձությունները և իշխանափոխությունը որքանո՞վ կազդեն Մաքսային/Եվրասիական տնտեսական միության կայացման վրա:

– Իմ կարծիքով` Ռուսաստանը, հատկապես առաջին «նարնջագույն հեղափոխությունից» հետո, հասկացել է, որ Ուկրաինան իր քաղաքական և ժողովրդագրական կառուցվածքով շատ բարդ երկիր է, և շատ դժվար է նրան ռուսական ազդեցության գոտի բերելը: Նույնիսկ 2013 թ. արդեն պարզ էր, որ նրանք հաշտվել են այդ մտքի հետ: Այն ժամանակ, երբ Յանուկովիչը քննադատում էր Պուտինին և ասում, թե Ուկրաինան ստորագրելու է ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Ռուսաստանն անընդհատ երկարացնում էր Ուկրաինայի պարտքի վերջնաժամկետը, և այս ամենն արվում էր, որպեսզի ռուսական գազն Ուկրաինայի տարածքով անխափան գնա Եվրամիության տարածք: Այսինքն, իրենք հասկացել էին, որ չեն կարող ստիպել Ուկրաինային, որ չստորագրի այդ պայմանագիրը և միանա ՄՄ-ին:

Բացի այդ` իրենք շատ լավ հասկանում են, որ այդ Ասոցացման պայմանագիրն ընդամենը խորհրդանշական մի քայլ է, տնտեսական առումով նույնիսկ սկզբնական շրջանում այդքան էլ չի բխում Ուկրաինայի շահերից: Իրենք շատ լավ տեղյակ էին, թե ինչ վիճակում է Ուկրաինայի տնտեսությունը: Այդ իսկ պատճառով` եվրասիական ինտեգրացիան հիմնականում կենտրոնացել է և կշարունակի ավելի կենտրոնանալ Կենտրոնական Ասիայի երկրների վրա, հատկապես Տաջիկստանի և Ղրղըզստանի վրա: Իսկ Հայաստանը բացառություն է Հարավային Կովկասում:

– Իսկ Հայաստանի շահերից բխո՞ւմ էր Ասոցացման, այդ թվում` Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) ստորագրումը, թե՞ ՄՄ-ն ավելի ձեռնտու է մեզ համար:

– Հայաստանի առևտրային շրջանառությունը ԵՄ-ի հետ, իհարկե, բավական կարևոր է, բայց Ռուսաստանն ու ՄՄ-ի մեջ մտնող երկրները նույնքան կարևոր են: Հիմա hարցն այն է, թե ինչ տպավորություն է Հայաստանը թողնում Արևմուտքում: Ճիշտն ասած` սա մի քիչ համակողմանի հարց է: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատ վիճակում են, իսկ Հայաստանը տուժում է ընդամենը ռուսական արբանյակ լինելու «իմիջից»: Ռուսաստանն այժմ դառնում է անցանկալի երկիր ներդրողների համար, և Հայաստանը, որպես դրա շարունակություն, նույն կերպ է ընկալվում:

Եթե դա չլիներ, Հայաստանը, լինելով ՄՄ-ի անդամ, նույն հաջողությամբ կարող էր շարունակել իր բանակցությունները ԵՄ-ի հետ, որովհետև ԵՄ-ն ունի, այսպես կոչված, նախընտրելի առևտրային գործընկերոջ կարգավիճակ, որտեղ քննարկվում է ապրանքատեսակներից յուրաքանչյուրը և որոշվում է` ինչքան իջեցնեն մաքսային հարկերը կամ ընդհանրապես հանեն:

Հայաստանին ավելի շատ վնասում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներկայիս և ապագա լարվածությունը: Դժբախտաբար, Հայաստանի նման փոքր երկրները շատ հաճախ ստիպված են ընդունել ոչ թե լավագույն, այլ չարյաց փոքրագույն որոշումը:

– Իսկ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կանդրադառնա՞ն Հայաստանի վրա:

– Անպայման կանդրադառնան: Նույնիսկ առանց պատժամիջոցների երրորդ փուլի` Ռուսաստանի տնտեսական աճը դանդաղել է, և մասնավոր կապիտալի մեծ արտահոսք կա, ռուբլին թուլանում է: Այս ամենն անդրադառնալու է նաև Հայաստանից տնտեսության վրա: Եթե ռուբլին թուլանում է, դա նշանակում է, որ Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան կպակասի, որովհետև ռուսական շուկայի համար հայկական արտադրանքն ավելի կթանկանա, և դրա պատճառով` պահանջարկը կնվազի:

Միևնույն ժամանակ, ռուբլու թուլացման հետևանքով ռուսական ապրանքներն ավելի մրցունակ են դառնում հայկական ապրանքների նկատմամբ, այսինքն` իրենց արտահանումը դեպի Հայաստան կարող է մեծանալ, ինչը վատ է մեր առևտրային բալանսի համար: Եվ ամենակարևորը, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը թուլանում է, նշանակում է, որ ներդրումներն են պակասում, շինարարության ոլորտն է անկում ապրում, իսկ Հայաստանից շատերն են Ռուսաստանում աշխատում, և հայկական բյուջեի արտարժույթի աղբյուրներից մեկը հենց Ռուսաստանից եկող տրանսֆերտներն են:

– Սերժ Սարգսյանը նախորդ ամիս ԵԺԿ համաժողովին հայտարարեց, թե Հայաստանը դեմ է «բաժանարար գծերի ձևավորմանը»: Զիմբաբվեի, Հյուսիսային Կորեայի, Սուդանի և մյուսների ընկերակցության մեջ հայտնվելը չի՞ նպաստում բաժանարար գծերի ձևավորմանը:

– Արդեն պարզ է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում է որդեգրել` ռուսամետ դիրքորոշում, նա արդեն իսկ հայտնվել է գծի այս կողմում, սա միանշանակ է: Երբ Հայաստանի իշխանությունները 2013-ին մեկ օրվա ընթացքում որոշեցին, որ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվելու, և Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, Արևմուտքում կարծիքն այն էր, որ Հայաստանն ուղղակի չէր կարող դիմակայել ռուսական ճնշմանը:

– ԵՄ-ն համաձայնեց Ուկրաինայի նոր կառավարության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի, այսպես ասած, քաղաքական մասը, թեև Հայաստանի իշխանությունն էլ ժամանակին առաջարկել էր ստորագրել միայն այդ պայմանագրի քաղաքական մասը: Սակայն ԵՄ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի խոսնակը հայտարարեց, թե իրենք չեն դիտարկում այդ հարցը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ ՀՀ-ն չի կարող ստորագրել համաձայնագրի քաղաքական գլուխները, և ի՞նչ հեռանկարներ կան ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

– ԵՄ-ն հետաքրքրված չէ կիսատ համաձայնագրերով, որն, իհարկե, այնքան էլ ճկուն քաղաքականություն չէ: Բայց ուզում եմ նշել մի հիմնարար միտք. այժմ ռուսական արտաքին քաղաքականությունը շատ է քննադատվում, բայց նաև պետք է հասկանալ, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ը արդեն վաղուց չունեն հստակ քաղաքականություն նախկին խորհրդային երկրների նկատմամբ:

Նրանք իրենց ռազմավարությունը սահմանափակում են միայն հայտարարություններով և ոչ-կառավարական ընկերություններին, կազմակերպություններին որոշ օգնությամբ: Արևմուտքը չունի որևէ ռազմավարություն, թե ինչպես է աջակցելու այդ երկրներին, որ բարեփոխվեն: Նրանք հետաքրքրված չեն այս տարածքով, և սրա հետևանքով ստեղծվել է վակուում: Բնականաբար, Ռուսաստանի համար շատ հեշտ է այդ վակուումը լցնելը: Նույն այն հանգամանքը, թե ինչու ԵՄ-ն չի ստորագրում այդ պայմանագիրը, բխում է այդ վակուումից, հստակ քաղաքականության բացակայությունից:

– Փետրվարին հայտնի դարձավ, որ ԵՄ 13 անդամ-պետությունները մշակել են մի փաստաթուղթ` «Արևելյան գործընկերության 20 կետերը Վիլնյուսից հետո» անվանումով, որտեղ կար կետ նաև Հայաստանի վերաբերյալ: Դրանում առաջարկվում էր մշակել նոր` տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +» ձևաչափով) «քիչ հավակնոտ» Հայաստանի համար: Սա որևէ դրական արդյունք կարո՞ղ է տալ, թե՞ այնքան էլ կարևոր չէ:

– Ընդամենը դիվանագիտական գործընթացը կենդանի պահելու քայլ է: Իհարկե, պիտի լինի երկկողմանի գործընթաց: Մի կողմից` Եվրոպան պետք է ցույց տա, թե, օրինակ, Հայաստանի դեպքում ինչ կոնկրետ ծրագրեր ունի, ինչպես կարող է Հայաստանին ներգրավել, և մյուս կողմից էլ` Հայաստանը պիտի հետաքրքրված լինի, որ օգտագործի եվրոպական փորձը, օրինակ` պետական որոշումներն ավելի թափանցիկ ձևով ընդունելը, ինստիտուտների ստեղծումը, որոնք կարող են վերահսկել պետական պաշտոնյաներին, պայքարել կոռուպցիայի դեմ, և այլն:

Բայց, իմ կարծիքով, ի վերջո այս փաստաթղթերը չեն, որ որոշում են, թե ինչպես է կառավարվում երկիրը, այդ ինստիտուտները պիտի կառուցվեն ներքին ուժով և ներքին պոտենցիալն օգտագործելով, և երկրի ներսում պիտի լինի ցանկություն, քաղաքական կամք` ստեղծելու այդ կառույցները: Նույն Ուկրաինայի դեպքում դեռ պետք է տեսնենք, թե արդյոք կօգտագործե՞ն իրենց երկրորդ հնարավորությունը, թե՞ ոչ, կստեղծե՞ն այն իստիտուտները, որոնք չստեղծվեցին «նարնջագույն հեղափոխությունից» հետո:

– Մի փոքր էլ խոսենք Արևմուտք- Իրան հարաբերությունների ջերմացման մասին: Եթե Իրանն իսկապես լավ հարաբերություններ հաստատի արևմտյան երկրների հետ, որքանո՞վ դա կազդի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Խոսքը հատկապես Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության հեռանկարների մասին է:

– Հայաստանի շահերից է բխում Իրանի ապամեկուսացումը, Հայաստանն ամեն առումով կշահի, երբ Իրանը դուրս գա միջազգային մեկուսացումից: Էներգետիկ համագործակցության տեսանկյունից` պետք է նորից նայել «Գազպրոմի» հետ կնքված գազային վերջին պայմանագրին: Եթե չեմ սխալվում, ըստ այդ պայմանագրի` Հայաստանը համաձայնել է մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ` չգնել գազ երրորդ պետությունից: Թեև մյուս կողմից կարդացել եմ, որ Հայաստանի Էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ քննարկվելու է Իրանից գազի նոր չափաբաժին ներկրելու հարցը:

– Այդ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանում Իրանի դեսպանը մի քանի անգամ հայտարարեց, թե «Հայաստանը բարեկամ երկիր է», և Իրանը պատրաստ է զեղչեր կիրառել գազ վաճառքի հարցում:

– Ճիշտն ասած` տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչ գին է առաջարկում իրանական կողմը, բայց կարող եմ ասել, որ Իրանի գազարդյունաբերության ոլորտը շատ ծանր վիճակում է, և արևելյան Իրանը գազ է ներկրում Թուրքմենստանից: Պատճառն այն է, որ պատժամիջոցների և տնտեսական էմբարգոների պատճառով երկիրը չի ունեցել այն տեխնոլոգիաները, ֆինանսական միջոցները, որպեսզի ներդնի գազարդյունաբերության մեջ և այն դարձնի արդյունավետ: Իսկ երբ այդ ոլորտը դառնում է արդյունավետ, գազն էժանանում է: Սա այն խնդիրներից մեկն է, որ իրանական գազը կարող է ավելի թանկ լինել:

– Իսկ որքանո՞վ է հավանական տարբերակը, որ Հայաստանը դառնա տարանցիկ ուղի իրանական գազը դեպի ԵՄ արտահանելու համար:

– Այստեղ երկու հանգամանք կա, որ ազդում է Հայաստանի ընտրության վրա: Առաջինը` «Գազպրոմի» հետ պայմանագրի` համենայնդեպս, Հայաստանի քաղաքացիների համար անհասկանալի, անընդունելի պայմաններն են: Ավելի կոնկրետ, պետք է պարզել, թե ինչու է Հայաստանը զրկվում այլընտրանքի իրավունքից, որովհետև Ռուսաստանի հետ պայմանագիրը սահմանափակում է Հայաստանի էներգետիկ ներկրումների դիվերսիֆիկացման հնարավորությունները: Բնականաբար, սա ապագայում կարող է դառնալ Ռուսաստանի հետ լարվածության պատճառ:

Երկրորդ պատճառը Հայաստանում և Կովկասում Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունն է: Ռուսաստանը, բնականաբար, ցանկանում է վաճառել իր գազը, ուստի կգործադրի իր բոլոր լծակները, որ Հայաստանը չդառնա այդ տարանցիկ երկիրն Իրանի համար: Գուցե Հայաստանը կկարողանա ավելի լավ պայմաններ ձեռք բերել Ռուսաստանից և ավելի լավ գին բանակցել, եթե այն կորցնելու է տարանցիկ իրանական գազից եկող եկամուտը:

Ինչ վերաբերում է Իրանի հետ էներգետիկ համագործակցությանը, պետք է ընդունենք մի պարզ իրականություն, որ այդ էներգետիկ քաղաքականությունը շատ առումներով ձևավորվում է Ռուսաստանի կողմից: Սա եռանկյունի է, ոչ թե երկկողմանի բանակցություն:

Տեսանյութեր

Լրահոս