Բաժիններ՝

Մահը՝ հոգու բաժանումը մարմնից

Ի՞նչ է մահը՝ պատի՞ժ, թե՞ նոր իրականություն, մենք պետք է վախենա՞նք, թե՞ պատրաստվենք և ի՞նչ կարող ենք անել ննջեցյալների համար: qahana.am-ի զրուցակիցը Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանն է:

– Ի՞նչ է մահը։

– Մահը հոգու բաժանումն է մարմնից: Մահը դուռ է, որը բացելով անցնում ես այլ հոգևոր իրականություն:

Ադամի պատվիրանազանցության հետևանքով Աստված սահման դրեց մարդու կյանքում, որպեսզի մեղքը հավիտենական չլինի: Մահը դատապարտություն է, որի վճիռը կյանքի ժամանակավոր լինելն է: Կյանքը տրված է քեզ որպես ժամանակաշրջան: Ինչպես երեխային է տրվում ժամանակ, որ դասեր քաղելով պատրաստվի մուտք գործել այլ հաստատություն: Եթե նա վատնել է ժամանակը, նշանակում է՝ պատրաստ չէ քննության: Մահը քննություն է մեզ համար, քննություն Աստծո առաջ:

Կարդացեք նաև

– Ես պե՞տք է վախենամ մահվանից։

– Մահն այնքան վախենալու չէ, քան այն, թե մահը քեզ ինչ վիճակում կգտնի: Դու պատրաստ կլինե՞ս նոր իրողությանը: Եթե ցանկանում ես հաղթահարել այդ վախը, պետք է ապրես քրիստոնեական կյանքով: Քրիստոնեությունը հաղթում է մահվանը, որովհետև գիտենք, որ կա հավիտենական կյանք: Տիրոջ շնորհիվ կա փրկություն հավիտենական խավարից, Աստծուց դատարկ վիճակից: Մարդը մահվանից հետո ժառանգում է այն, ինչ իր գործերով սերմանել է՝ հավիտենական մահ կամ հավիտենական կյանք: Մարդը կոչված է ապրելու երջանիկ, դրախտային կյանքով: Նա կընտրի՞ այդ ճանապարհը, դա իր որոշումն է: Զինվորները, պատերազմ գնալիս, Սուրբ Հաղորդություն էին ստանում, որովհետև ցանկանում էին դրախտը ժառանգելու վստահ հույսն ունենալով գնալ պատերազմ:

– Լավ մարդիկ մահանում են, որովհետև Տերը նրանց կարիքն ունի։

– Աստված ինքնաբավ է, կատարյալ և ամենակարող: Նա ոչ ոքի կարիքը չունի: Մենք Իր կարիքն ունենք մեր սրտի ամեն զարկի հետ:

– Չարը ցանկանո՞ւմ է մեր մահը։

-Չարը ցանկանում է ոչ թե մարդու մահը, այլ երկար կյանքը, որ կարողանա իր չարությունը երկար գործել: Հովհաննես Ոսկեբերանն ասում է, երբ տեսնում ենք, որ մեղավորը մահացավ, նշանակում է, որ նա այլևս ժամանակ չունի մեղք գործելու: Երբ տեսնում ենք, որ արդարը մահացավ, նշանակում է, որ ավարտվեց իր պսակները կորցնելու ժամանակը:

– Ի՞նչ կարող ենք անել, եթե հարազատ ենք կորցրել։

– Շիրիմի տակ մարմինն է, որը հող էր և հող դարձավ: Մենք պետք է մտածենք հոգու մասին, որը մարմնին կենդանություն տվողն է: Ննջեցյալը կարիք ունի մեր աղոթքի ու մեր բարի գործերի: Պետք է աղոթենք նրա համար ոչ միայն շիրիմին այցելելիս, այլև եկեղեցում: Մենք աղոթում ենք նրա համար, որովհետև հավատում ենք, որ նա կենդանի է, և մեր աղոթքը նրան անհրաժեշտ է: Դիմում ենք Աստծուն, որ մեր հարազատին պարգևի հավիտենական կյանք, երկնային արքայություն: Հոգեհանգստի և թաղման արարողություններին մեր աղոթքներով խնդրում ենք Աստծուն, որ ների ննջեցյալի գիտակցված և չգիտակցված, կամավոր և ակամա գործած մեղքերը, նրան արժանացնի Աստծուն սիրողների, Նրա պատվիրանները կատարողների հետ նույն բաժնին, լույսին:

– Ինչպե՞ս սփոփել մարդուն, որը կորցրել է իր հարազատին։

– Մարդն իր ցավով ապրում է, մինչև իր ներսում եղած դատարկ հատվածը չի լցվում աստվածճանաչողությամբ: Մենք սփոփանք չունենք, երբ մեր կյանքը սահմանափակում ենք միայն այս աշխարհով: Սփոփանքը հավիտենական կյանքն է և հարությունը: Մենք պետք է ընդունենք, որ մահը կորուստ չէ, ժամանակավոր բաժանում է: Սուգ հասկացությունը որոշ առումով գալիս է անհուսությունից, քրիստոնեական իրականությունը չըմբռնելուց: Մենք պետք է ապրենք ոչ թե սպասելով մահվանը, այլ քրիստոնեական, լիարժեք կյանքով:

Պատրաստեց Անի Ավագյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս