Սահմանադրական վճռաբեկ դատարանը. զավեշտ, բայց իրականություն

Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց մի որոշում, որը և՛ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ստեղծված մարմինների, և՛ քաղաքապետարանի, և՛ դատախազության, և՛ դատական համակարգի լյուստրացիան էր, և՛ հենց ՍԴ-ի՝ ոչ այդքան բարձր դատարան լինելու փաստի արձանագրումը:

Ինչպե՞ս տրվեց մարդու հողում կառուցապատում անելու թույլտվությունը

Այս դատական գործի պատմությունն ուղղակի բացահայտում է հեղափոխական կոռուպցիայի ցինիզմի մակարդակն ու իշխանավորների բացարձակ անպատժելիությունը` համակարգային կոռուպցիայի բացակայության հայտարարությունների ներքո:

Խոսքը վերաբերում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանի և Թումանյան փողոցի բնակելի շենքերի ազատ տարածքում կառուցապատում իրականացնող ընկերության դատական վեճերին, երբ մի կողմում Սահմանադրությամբ պաշտպանվող սեփականության իրավունքն է, իսկ մյուս կողմում՝ կապերն ու ամենազոր փողը: Բազմաթիվ հրապարակումներ են եղել իրավական ամենաթողության մասին, սակայն դրանք համառորեն չեն կարդում ո՛չ գլխավոր դատախազությունում, ո՛չ համացանցային մոնիտորինգ անելու համար թանկարժեք համակարգչային ծրագրին տիրապետող Քննչական կոմիտեում, և ո՛չ էլ ԱՄՆ ֆինանսավորմամբ տեխնիկապես հագեցած Հակակոռուպցիոն կոմիտեում: Լուռ են նաև բազմաթիվ «իրավապաշտպան» կազմակերպություններ, որոնք Սահմանադրության տեքստի վրա են աշխատում:

Կարդացեք նաև

Ակնհայտ է, որ դատախազաքննչական մարմիններում գործում է այն կանխավարկածը, որ 2018թ. հետո Երևանում քաղաքապետերը չեն կարող կոռումպացված լինել, այլապես ժամանակին մարդկանց սև ու սպիտակի բաժանող հեղափոխական քաղաքապետ դարձած երգիծական դերասան Հայկ Մարությանը հանգիստ չէր մարսի շինարարական թույլտվություն տալն այլ անձի հողամասում կառուցապատում անելու համար, իսկ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ չէր մասնակցի այդ ապօրինությանը:

Հումորային ժանրի դերասան քաղաքապետն այնքան հումորով է մոտեցել շինարարական թույլտվություն տալուն, որ այլ անձի սեփականություն հանդիսացող հողամասի վրա թույլ է տվել կառուցապատում՝ ընդամենը նշելով, որ բանակցություններ են վարվում հողամասի ձեռքբերման մասին:

Այսինքն՝ Հայկ Մարությանի կարծիքով՝ բանակցություններ վարելը բավարար էր Սահմանադրությամբ պաշտպանվող սեփականության իրավունքը դադարած համարելու համար:

Բայց իրավիճակի բացառիկությունը նրանում է, որ ակնհայտ ապօրինի և քրեական օրենսգրքի կոռուպցիոն համարյա բոլոր հոդվածներին համապատասխանող գործողություններն անպատիժ շարունակել են Մարությանից հետո նշանակված բոլոր քաղաքապետները:

Մամուլի հրապարակումներն այնքան մանրամասն են նկարագրել քաղաքապետարանի պաշտոնյաների գործողություններում հանցավոր արարքները, որ նույնիսկ սկսնակ քննիչը կարող էր գործը շատ արագ ուղարկել դատարան, մինչդեռ նույնիսկ ֆեյսբուքյան լայքերին անհասկանալի իրավական գնահատական տվող իրավապահներն անտարբերություն են ցուցաբերել քաղաքապետարանի պաշտոնյաների առերևույթ կոռուպցիոն արարքներին գնահատական տալու հարցում:

Այսինքն՝ համակարգային կոռուպցիայի «բացակայության» պայմաններում կոռուպցիայի դեմ պայքարելու պարտականություն ունեցողներն անզոր են քաղաքաշինական ստվերային միլիարդանոց շուկայի խաղացողների դեմ, իսկ մասնագիտական արժանապատվության մասին մոռացած իրավապահները թութակի պես կրկնում են համակարգային կոռուպցիայի բացակայության մասին թեզը` պարտավորված լինելով հաստատել քաղաքական իշխանության անիմաստ ու իրականության հետ առնչություն չունեցող հայտարարությունները:

Դատաիրավական համակարգի արձագանքը՝ ակնհայտ ապօրինությանը

Ավելի ցավալի ու ակնառու է դատաիրավական համակարգի լոյալությունն ակնհայտ ապօրինության նկատմամբ: Դրա արդյունքում է, որ անմարդկային պայմաններ են ստեղծվել մի անձի համար, ով դժբախտություն է ունեցել հանդիսանալ  Երևանի կենտրոնում գտնվող հողամասի սեփականատեր և հայտնվել կառուցապատողների թիրախում:

Ինչևէ, ՍԴ-ն ամրագրեց նաև մի փաստ, որ երբեմն առաջին ատյանի դատարանն ավելի լավ է իր գործն անում, քան խելացի երևալու քողի տակ իրավունքը խեղաթյուրող վերադասները:

Ամրագրվեց նաև, որ Վճռաբեկ դատարանը հերթական անգամ  փաստացի հրաժարվեց իրականացնել արդարադատություն` մերժելով բողոքի վարույթ ընդունումը` տարօրինակ ու անհեթեթ տեքստով որոշմամբ: Ի դեպ, վճռաբեկ դատարանի որոշումը չէր ստորագրել Վճռաբեկ դատարանի պալատի ընդամենը մեկ դատավոր, ում հատուկ կարծիքը համընկել էր Սահմանադրական դատարանի կարծիքին:

Քաղաքացիական վերաքննիչ դատարանի փորձառու դատավորները չտեսան այն տարրական հանգամանքը, որի հիման վրա ընդհանուր իրավասության դատարանի դատավորը մերժել է հայցը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորները դատական սխալի արդյունքում սեփականությունից զրկելը չդիտեցին արդարադատության բուն էության խաթարում:

Բայց այս ամենի մեջ ավելի գրոտեսկային է Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու որոշումը:

 Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք նշել է նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ, 397-րդ և 403-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ, 57-րդ, 58-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ ու 381-րդ հոդվածների խախտումներ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը։

Հետաքրքիր է՝ ինչ պետք է պատահած լիներ Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների կարծիքով, որ սեփականության փաստացի զավթումը դիտվեր արդարադատության բուն էության խաթարում, այն դեպքում, երբ հայցվորը նույնիսկ տեսականորեն էլ չէր կարող հավակնել սեփականության իրավունքի ճանաչման:

Ի դեպ, վճռաբեկ բողոքի զեկուցող է եղել արդեն Աննա Հակոբյանի մտերմուհին՝ հանրահայտ Նաիրա Հովսեփյանը, ով արդեն երկու անգամ խուսափել է կարգապահական պատասխանատվությունից հոգեկան ծանր վիճակում գտնվելու պատճառաբանությամբ: Որոշումը ստորագրել է նաև Սերգեյ Մեղրյանը, ով դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, գիտնական է և պետք է որ հստակ տեսներ նյութական և դատավարական իրավահաջորդության տարբերությունները, իսկ պալատի նախագահ Գոռ Հակոբյանը մի քանի տարի գլխավորել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի քննական մասնագիտական պետական հանձնաժողովը (համենայնդեպս մինչև քրոջ ամուսնու իրավաբանական ֆակուլտետի դեկան նշանակվելը.- Գ.Ս.):

Որոշումը ստորագրած և տարօրինակ եզրահանգման հանգած դատավորների կազմում է նաև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Արթուր Աթաբեկյանը, ում մասնակցությունը կարող է պաշտպանիչ վահան դառնալ այն դատավորների համար, ովքեր ծանր հոգեկան վիճակում չեն եղել, բայց մասնակցել են վերաքննիչ քաղաքացիական դատարանի փորձառու դատավորների  իրավաբանական «նորարարական» որոշումը փրկելու գործողությանը:

Իսկ ի՞նչ է արել Սահմանադրական դատարանը և ի՞նչ պետք է աներ իրականում

Առաջին հայացքից կարծես թե լավ բան է արել և պաշտպանել է քաղաքացու սեփականության իրավունքը, բաց դա միայն առաջին հայացքից, որովհետև ծանոթանալով աշխատակարգային որոշմանը և ՍԴ հիմնական որոշմանը, պարզ է դառնում, որ նրանք ընդամենը գիտակցել են, որ Վճռաբեկ դատարանը փաստացի խուսափել է արդարադատության իրականացումից և այդ եղանակով ուժի մեջ է թողել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրենքի հետ առնվազն կապ չունեցող դատական ակտը, որի վերաբերյալ առկա է եղել նաև նույն պալատի դատավորի այլ իրավական դիրքորոշում, սակայն ՍԴ-ն ինքն էլ է խուսափել իրավական դիրքորոշում արտահայտել Վճռաբեկ դատարանի պալատի` վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու  դատավարական գործիքի կամայական կիրառման վերաբերյալ, որն օգտագործում են նաև վճռաբեկ դատարանի վարչական, քրեական և հակակոռուպցիոն պալատները:

Այսինքն՝ Սահմանադրությանը հակասող պետք է ճանաչվեր վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու՝ նման անբովանդակ գործելաձևը` պարտադրելով Վճռաբեկ դատարանին իրականացնել իր սահմանադրական առաքելությունը, մինչդեռ ՍԴ-ն, գնահատելով Եվրոպական դատարանի ոչ բարենպաստ հեռանկարը, որոշել է կամայական կերպով ստանձնել Վճռաբեկ դատարանի առաքելության իրականացումը (ինչը սկսել են ավելի հաճախ անել.- Գ.Ս.)՝ առանց հաշվի առնելու, որ դատավարական կամ նյութական իրավունքի հետ կապված իրավահաջորդությունը ոչ թե ՍԴ-ի, այլ Սահմանադրությամբ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող ատյանի` Վճռաբեկ դատարանի առաքելությունն է:

ՍԴ-ն ցույց տվեց, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կաշկանդված չէ քաղաքացու սահմանադրական երաշխիքներով, եթե Վճռաբեկ դատարանը կարողանում է «խուսափել» արդարադատության իրականացումից՝ վճռաբեկ բողոքի վարույթի ընդունումը մերժելով տրամաբանական տարրական կանոնների անտեսմամբ կայացված որոշմամբ: Իհարկե, այս դեպքում մի քիչ կոշտ է «խուսափում» ձևակերպումը, քանի որ իրականում այս գործիքակազմով հնարավոր է դառնում ուժի մեջ թողնել ստորադաս ատյանի «ցանկալի» դատական ակտը՝ ընդամենը մերկապարանոց հայտարարություն անելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները բավարար չլինելու մասին:

Սահմանադրական դատարանն այս որոշմամբ նաև հստակ ու վտանգավոր ուղերձ տվեց իրավաբանական հանրությանը,  որ չի պատրաստվում կաշկանդել Վճռաբեկ դատարանին իրավունքի այլասերման հարցում` պայմանով, որ իրենց տեղն էլ չմոռանան և գիտակցեն, որ մենակ չեն բարձրագույն դատական ատյան համարվելու հարցում, և պետք եղած ժամանակ իրենք էլ, բացի Սահմանադրական դատարան լինելուց, կարող են մանր-մունր վճռաբեկություն անել:

Իհարկե, սահմանադրական դիմումի քննության արդյունքում պարզվեց, որ դասախոսական աշխատանքը և գիտամանկավարժական գործունեությունը դեռևս երաշխիք  չեն, որ անձն ունակ է արդարադատություն իրականացնելու, իսկ վերաքննիչ դատարանի դատավորներն էլ երևի պետք է ընդունեն այն իրողությունը, որ մասնագիտական արժանապատվությունն անտեսելը հակասահմանադրական է, և պետք չի հույսը դնել Վճռաբեկ դատարանի վրա, որովհետև իրավական քաոս ստեղծած դատավորները, անկախ քաղաքական իշխանության հետ մտերմության աստիճանից, պետք է ընդունեն, որ սխալը տգիտության կամ կոռուպցիայի արդյունք է` համապատասխան իրավական հետևանքներով:

Վճռաբեկ դատարանի գործունեության հետ կապված այս հարցերը բարձրացվել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ, և նույնիսկ վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելու հարցում խտրականությունը բացառելու համար պարտադիր պայման դարձավ վճռաբեկ բողոքը նաև էլեկտրոնային կրիչով ներկայացնելը, որպեսզի դրանք հրապարակվեն, և բոլորին տեսանելի լինի, թե որ վճռաբեկ բողոքներն են վարույթ ընդունվել և որ բողոքների վարույթ ընդունելն է մերժվել:

Սակայն  2018թ.-ից առ այսօր արդարադատության ստանդարտների վերաբերյալ ճամարտակողները չեն էլ փորձել կիրառել թափանցիկության պարզ ու արդյունավետ գործիքը և «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրել ներկայացված վճռաբեկ բողոքները՝ հնարավորություն տալով հանրությանը գնահատել և բացառել նաև կոռուպցիոն ռիսկերը:

Ենթադրվում է, որ ՍԴ որոշումները կարդում են նաև արդարադատության նախարարությունում և պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով իրավունքի վերաբերյալ մոտեցումներին:

Թերևս ժամանակն է, որ օրենսդրական մակարդակով լուծվի Վճռաբեկ դատարանի կողմից իր սահմանադրական առաքելության իրականացման հարցը կամայականության դաշտից իրավական հարթություն բերելու հարցը, որովհետև հնարավոր չէ բոլոր դատական գործերով նույն պատճառաբանությունը գրել և ասել, որ դա բավարար չէ: «Պատճառաբանություն» կոչվող եզրույթը ենթադրում է հիմնավորում, գոնե Վճռաբեկ դատարանի պալատների գիտնական դատավորները պետք է այդ մասին իմանային իրենց դասախոսական գործունեությունից:

Օրենսդրական մակարդակում պետք է լուծել նաև Սահմանադրական դատարանի կողմից այլ դատական ատյանների գործառույթը յուրացնելու հարցը, որովհետև արդեն ակնհայտ է, որ նախկինում ընդունված մի քանի իրարամերժ աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն կարողանում է մանիպուլացնել ցանկացած դիմումի քննության ընդունում կամ մերժում:

Իսկ ո՞վ է կառուցապատողը, և ո՞րն է պետական մարմինների լռության գինը

Եվ վերջում. իսկ ո՞վ է մարդու՝ սեփականություն հանդիսացող հողի վրա շինթույլտվություն ստացած կառուցապատողը, և ինչո՞ւ են Հայկ Մարությանի կատարած աղաղակող ապօրինության տակ «ստորագրել» նրան հաջորդող բոլոր քաղաքապետները:

Իսկ միգուցե «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանը, ով Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5 տուն (հողամաս) հասցեում  12 հարկանի շենք կառուցելու շինարարական թույլտվություն է ստացել, շինարարությունն ավարտին հասցնելու, ստացածը պահելու համար հաճախակի մասնակցո՞ւմ է կոնկրետ ճաշկերույթների, որոնց չի կարող չմասնակցել, կամ նվիրատվություննե՞ր է անում կոնկրետ հիմնադրամների, ու դա էլ շնորհակալությո՞ւնն է: Դժվար է ասել, ինչպես դժվար է բացատրել թե՛ քաղաքապետարանի ու նրա պաշտոնյաների, և թե՛ Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանների՝ առնվազն տարօրինակ վարքագիծը:

Տեսանյութեր

Լրահոս