
«Ալիևի նպատակն է՝ մտնել Երևան. Թրամփը զորք չի ուղարկելու, ՀՀ սահմանները չի պաշտպանելու». Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումն ու դրան հաջորդած գործընթացներն ԱՄՆ տեսանկյունից երկու կարևոր շեշտադրմամբ է մեկնաբանում:
«Թրամփը մեռնում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար, անընդհատ խոսում է այդ մասին: Նա նաև նախանձում է, որ նախագահ Օբաման ստացել է, և ասում է՝ Օբաման ինչո՞ւ է ստացել, արժանի չէ, ես արժանի եմ, այսքան խաղաղություն եմ բերել: Դա նրա անձնական հարցն է: Իսկ երկրորդ հարցն ԱՄՆ համար աշխարհաքաղաքական է, որովհետև Կովկասյան տարածաշրջանն ամերիկյան ազդեցության ոլորտից դուրս է, բայց հարյուրամյակներ ի վեր ՌԴ ազդեցության գոտու մեջ է, և այս ստորագրված հուշագրով ԱՄՆ-ը ներթափանցում է Կովկաս և ունենում ազդեցիկ ներկայություն: Մի կողմից՝ Ռուսաստանին է հեռացնում այդ շրջանից, մյուս կողմից էլ՝ արգելափակում Իրանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Փաշինյանը, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է առանց փողի փողոցները ման գալով, հիմա միանգամից հայտնվեց Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի կողքին, ինչն իր համար մեծ պատիվ է՝ անկախ արդյունքից: Փաշինյանը չհարգեց իր նախկին հայտարարությունները, որ երրորդ կողմ չլինի. Երրորդ կողմ կար, և այն բավականին ազդեցիկ դեր խաղաց այս հանդիպմանը: Ալիևն էլ, Փաշինյանն էլ ուզում էին լինել Վաշինգտոնում: Ալիևն այս այցելությունն օգտագործեց, որ ՌԴ-ին ասի՝ ձեր կարիքը չունենք, ավելի գոհ ենք, որ Արևմուտքի հետ ենք»,- շեշտեց Հարութ Սասունյանը:
Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, նա նկատեց՝ Թրամփը կարող է ստանալ իր Նոբելյան մրցանակը, Ադրբեջանը ստանում է միջանցք, իսկ Փաշինյանը՝ ոչինչ. «Ադրբեջանն ստացավ ԵԱՀԿ ՄԽ լուծարում, 907 բանաձևի չեղարկում, որի հետևանքը շատ վատն է լինելու Հայաստանի համար, քանի որ այդ արգելքի վերացումից հետո Ադրբեջանը կարող է միլիարդավոր դոլարների ամենաարդիական զենքերն ու հրթիռները գնել ԱՄՆ-ից՝ առանց որևէ խոչընդոտի: Շատ արագ, զգացական ձևով սկսել են ասել՝ խաղաղություն եղավ, բայց ոչինչ չի եղել: Նույնիսկ, երբ եկան Սպիտակ տուն, որ մեծ պատիվ էր Ալիևի և Փաշինյանի համար, նույնիսկ այդ պարագայում Ալիևը համարձակվեց մերժել ստորագրել խաղաղության պայմանագիրը, այլ միայն նախաստորագրեցին այն: Խաղաղություն չկա: Այն, ինչ նախաստորագրում են, ոչ մի իրավական հետևանք չունի, թղթի կտոր է: Որևէ մեկը, որ խաղաղության մասին է խոսում, կա՛մ տգետ է, անտեղյակ է իրողությունից, կա՛մ փորձում է խաբել ժողովրդին, ինչը որ իշխանությունները հաճախ անում են»:
Դիտարկմանը՝ ասում է՝ Փաշինյանը ոչինչ չստացավ, բայց կարծիքներ կան, որ նա ստացավ մի թուղթ, որի բովանդակությունից անկախ՝ նա այն կօգտագործի ընտրություններին, որ ցույց տա, թե խաղաղություն է բերել, նա այսպես արձագանքեց. «Ճիշտ եք, Փաշինյանի գլխավոր նպատակը դա է, որ 2026-ի հունիսին այդ թղթի կտորը ցույց տա, ասի՝ խաղաղություն եմ բերել, բայց ինքն էլ չի հավատում դրան: Փաշինյանն ինքն էլ գիտի, որ այդ խաղաղության պայմանագիրն անարժեք մի թղթի կտոր է, որովհետև Ալիևի համար որևէ արժեք չունի այն, որևէ ժամանակ, որ նա ուզենա հարձակվել Հայաստանի վրա՝ անկախ նրանից՝ այդ թուղթը ստորագրե՞լ է, թե՞ ոչ, նա հարձակվելու է՝ իր շահերից ելնելով: Ալիևը հաճախ ասում է՝ ով ինչ ուզում է՝ ասի, ես անելու եմ այն, ինչ ուզում եմ»:
Հարութ Սասունյանը սպասելիքներ չունի, որ ԱՄՆ-ը կզսպի Ալիևին. «Շատ հստակ ասել են, որ սա ռազմական կամ քաղաքական համաձայնագիր չէ: Եթե ադրբեջանցիները հարձակվեն ավելի հյուսիս, ավելի հարավ, դա ԱՄՆ-ի գործը չէ: ԱՄՆ-ը ի՞նչ է անելու. Թրամփը կարող է ասել, որ՝ վատ է, համաձայնությունը չեք հարգում, բայց Ալիևն անելու է այն, ինչ ուզում է, լավ իմանալով, որ Թրամփը խոսելուց անդին ոչինչ չի անելու՝ ոչ մի զորք չի ուղարկելու, ՀՀ սահմանները չի պաշտպանելու: Դա ՀՀ վարչապետի, կառավարության պարտավորությունն է: Եթե Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սահմաններն ու իրավունքները, ո՞նց կարելի է ակնկալել, որ Եվրոպան, ԱՄՆ-ը, ՌԴ-ն կամ Չինաստանն իրենք գան և պաշտպանեն ՀՀ շահերը»:
Ըստ նրա՝ Փաշինյանի միակ հույսն այն է, որ մինչև 2026թ. հունիս Ալիևը չի հարձակվի ՀՀ-ի վրա և իր կեղծիքը չի բացահայտվի. «Զիջումների շարքը դեռ երկար է, զիջումները դեռ չեն ավարտվել: Այդ ստորագրված հռչակագրում նշված է, որ երկու երկրներն իրար ներքին հարցերի խառնվելու իրավունք չունեն, բայց նույն օրն Ալիևն ասաց, որ Հայաստանը պարտավոր է Սահմանադրությունը փոխել: Ալիևն արդեն սկսեց խախտել այդ հռչակագրի դրույթները: Ալիևն ինքն է որոշում՝ Հայաստանը զենք և բանակ ունենալու իրավունք ունի՞, թե՞ ոչ, ասում է՝ չպետք է ունենա: Այսինքն՝ բանակի կարիք էլ չունի, որպեսզի երբ ադրբեջանցիները հարձակվեն՝ առանց կրակելու մտնեն Երևան, այսինքն՝ մեքենաներ նստեն և հասնեն Երևան, դա է Ալիևի նպատակը: Այս գործընթացը կարող է ավելի սրել պատերազմի հավանականությունը, որովհետև երբ ԱՄՆ-ը գալիս, խառնվում է ՀՀ ներքին հարցերին, ճանապարհը ղեկավարում է 99 տարով… Դա ևս կոպիտ խախտում էր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում