Բաժիններ՝

ԱՄՆ-ում ալկոհոլի օգտագործումը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ

Ալկոհոլ օգտագործող չափահաս ամերիկացիների թիվը նվազել է մինչև 54%. ամերիկացիներից շատերը ոգելից խմիչքների նույնիսկ չափավոր օգտագործումը համարում են վնասակար։ Այս մասին են վկայում Gallup ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները։

Սա ամենացածր ցուցանիշն է նմանատիպ հարցումների անցկացման պատմության մեջ, այսինքն՝ 1939 թվականից ի վեր։

Նախորդ ամենացածր ցուցանիշը գրանցվել է 1958 թվականին՝ 55% մակարդակով, իսկ առավելագույնը դիտվել է 1974-81 թվականներին՝ 68-71% մակարդակով։

2023 թ. համեմատությամբ ամերիկացիների բաժինը, որոնք միայն երբեմն են ոգելից խմիչք օգտագործում, կրճատվել է առանց բացառության բոլոր ռասայական, տարիքային, գենդերային և այլ ենթախմբերում։ Ամենակտրուկ անկումը՝ 19 տոկոսային կետով, գրանցվել է Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում։ Համեմատության համար նշենք, որ դեմոկրատները սկսել են ավելի քիչ խմել ընդամենը 3 տոկոսային կետով։

Ոգելից խմիչք օգտագործող կանանց թիվը վերջին երկու տարվա ընթացքում նվազել է 11 տոկոսային կետով, մինչդեռ տղամարդկանց թիվը՝ ընդամենը 5 տոկոսային կետով։ Ընդ որում, 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 62% ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։

Հարցման հեղինակներն ամերիկացիների շրջանում ալկոհոլի տարածվածության նվազումը կապում են այն ուսումնասիրությունների հրապարակման հետ, որոնք ցույց են տալիս, որ ոգելից խմիչքի նույնիսկ չափավոր օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա։ Ավելի վաղ կարծում էին, որ ոչ մեծ չափաբաժիններով ալկոհոլը կարող է օգտակար լինել։

Ոգելից խմիչքների ամենատարածված տեսակը մնում է գարեջուրը. այն ամենից հաճախ օգտագործում է հարցվածների 38%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս