
ՀԷՑ խլած Կառավարությունն իր ենթակայությամբ գործող ԲԷՑ-ի համար փող է հայթայթում՝ կրճատելով Ատոմակայանի համար նախատեսված գումարները

Ազգային բարերար Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) խլած ՀՀ իշխանությունը սեփական ենթակայությանը պատկանող Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը կառավարելու հարցում բախվել է այնպիսի խնդիրների, որ ստիպված է 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի (ԲԷՑ) ենթակառուցվածքներում ներդրումներ անելու համար փող հայթայթել «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի աշխատանքների կազմակերպման համար նախատեսված գումարներից։
Պարզվում է՝ ՀՀ Կառավարությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման համար նախատեսված բյուջետային վարկից կրճատել է 1 միլիարդ 035 միլիոն դրամ, որպեսզի այդ գումարը տրվի ԲԷՑ-ին։
Ընդգծենք, որ այս որոշման դեմ Ֆինանսների նախարարությունն առարկություն է ներկայացրել՝ նշելով, որ հարցական է մնում՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ում ներդրումներ անելու համար նախատեսված գումարից 1 միլիարդ 035 միլիոն դրամով նվազեցումն ինչպե՞ս է ազդելու «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի աշխատանքների վրա։
ԲԷՑ-ի համար փող ուզող գերատեսչությունը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Ֆիննախի առարկությունը չի ընդունել՝ պնդելով՝ ատոմակայանի աշխատանքի համար փող կա՝ նախատեսված է 63 միլիարդ դրամ վարկ հատկացնել։