Ողջունում են «Ժառանգությանը», բայց ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի քննարկել
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ` նշելով, որ «այժմ օրախնդիր է դարձել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձևաչափը վերափոխելու միջկուսակցական միասնական ճակատի»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումն արդեն իսկ խոսում է միջկուսակցական ֆորմատի համագործակցության մասին: Իսկ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, թե որևէ խնդիր այս հարցում չի տեսնում: Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք` արդյոք ԲՀԿ-ն պատրա՞ստ է միջկուսակցական համագործակցության: Ի պատասխան` ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե իրենք նման ֆորմատով, ըստ էության, աշխատել են, երբ հանդիպումներ են անցկացրել կուսակցությունների ղեկավարների հետ:
«Մենք որևէ խնդիր չենք տեսնում այդտեղ: Առաջիկայում քառյակի նիստ ունենք. ու կարծում եմ, որ այդ հարցը կքննարկենք ավելի մանրամասն: Բայց առանձնապես որևէ խնդիր չենք տեսնում, մենք, ըստ էության, գրեթե հենց նման ֆորմատով ենք աշխատել, որովհետև շփումը չի սահմանափակվել միայն պատգամավորներով: Պարոն Ծառուկյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն արդեն վկայում էր միջկուսակցական մակարդակով շփումների մասին, դրանք դուրս էին խմբակցությունից, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավոր չէ, ու նրանց շփումը հենց դա էր ենթադրում»,- նշեց Ս. Մարգարյանը:
Ստեփան Մարգարյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք միջկուսակցական ֆորմատն ավելի կամրապնդի իրենց համագործակցությունը, թե՞ ոչ` նշելով, որ այդ ընթացքում չի եղել մի հարց, որը խորհրդարանական քառյակի համար լուծելի չլինի: «Բայց «Ժառանգությունը» մեր գործընկերն է և պնդում է, որ պետք է միջկուսակցական համագործակցություն, ու մենք առաջիկայում քառյակի նիստում կանդրադառնանք այդ հարցին ավելի մանրամասն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության հայտարարության այն հատվածին, որ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլի համար առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրակարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված` կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ, Ստեփան Մարգարյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ հարցում իր պատրաստակամության մասին:
«Մենք որևէ խնդիր չունենք, պատրաստ ենք, պարզապես մինչ օրս հանդիպման չկայանալու պատճառը ժամանակի խնդիրն է: Քառյակի մյուս ուժերի համար էլ հարցը պահն է, ժամանակը, օրը, թե չէ այլ խնդիր չկա, միակ խնդիրը` երբ անելու խնդիրն է, սկզբունքորեն դեմ որևէ մեկը չի արտահայտվել»,- նշեց նա:
Մեր հարցին, թե արդյոք պլանավորո՞ւմ են մինչև նոր վարչապետի նշանակումը կազմակերպել այդ հանդիպումը, Ս. Մարգարյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ այդ հարցը պետք է քառյակը որոշի: «Իսկ եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, ես անձամբ կարծում եմ, ենթադրում եմ, որ հանդիպումը մինչև վարչապետի նշանակումը կլինի: Համենայնդեպս, չեմ տեսնում մի բան, որը կխանգարեր այդ հանդիպման կայացմանը»,- նշեց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդները պետք է անհապաղ հանդիպեն` քննարկելու հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու փուլի մանրամասները:
Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ԲՀԿ-ն ևս ղեկավարների հանդիպումը դիտարկում է այս` Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու գործընթացը սկսելու տեսանկյունից: «Ցանկացած հանդիպումից առաջ, խորհրդարանական քառյակի հանդիպումից առաջ էլ մշակվում է օրակարգ, թե ինչի շուրջ է ծավալվելու քննարկումը: Ղեկավարների հանդիպման ժամանակ էլ կմշակվի օրակարգ: Հիմա ես «եթե»-ներով չեմ կարող խոսել»,- պատասխանեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ իրենց օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարց դրված չէ. «Մենք այսօր մեր օրակարգում նման հարց չունենք»:
Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀԱԿ-ը համաձա՞յն է համագործակցության ներխորհրդարանական սահմաններն ընդլայնել մինչև միջկուսակցական ֆորմատով համագործակցության:
Ի պատասխան` Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե ինքը որևէ խնդիր այս հարցում չի տեսնում, ապա նշեց. «Մենք քառյակի շրջանակներում արդյունավետ համագործակցություն ենք տանում, և որևէ խնդիր չկա, որ քառյակը հանգի այն պայմանավորվածություններին, որոնք նպատակահարմար է համարում: Որևէ խնդիր չեմ տեսնում, որ մեր գործընկեր «Ժառանգությունը» հարց բարձրացնի, և մենք այն չքննարկենք, համապատասխան լուծումների չհանգենք: Որևէ հարց ու խնդիր չկա, որը քառյակի համար քննարկելի չդառնա»:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության հայտարարության այն հատվածին, որ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլի համար առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրակարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված` կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ, այստեղ ՀԱԿ-ի և «Ժառանգության» կարծիքները համընկնում են:
Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց, որ այն օրը, երբ պարզ դարձավ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, ՀԱԿ-ը տարածեց հաղորդագրություն` երկրորդ փուլի, այն է` Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու գործընթացի մասին:
«Անմիջապես հրաժարականից հետո Կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ առաջին փուլն ավարտվել է, և քանի որ կուսակցություններն էլ շահագրգռված են հասնել ամբողջական իշխանափոխության, հիմա ժամանակն է սկսել այդ գործընթացը: Ես ուրախ եմ, որ նույն կերպ մտածում է նաև «Ժառանգությունը»»,- ասաց նա:
Ի պատասխան մեր հարցին, թե` արդյոք համակարծի՞ք եք «Ժառանգության» հետ այն հարցում, որ երկրորդ փուլի գործընթացները պետք է քննարկեն չորս կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ անդամն ասաց, թե իրենք միշտ հայտնել են իրենց պատրաստակամությունն` այդ հարցը քննարկել ցանկացած ֆորմատով: