Թուրքական արտադրության առաջին կործանիչն իր առաջին թռիչքը կիրականացնի 2023 թվականին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական արտադրության առաջին կործանիչն իր առաջին թռիչքը կիրականացնի 2023 թվականին, երբ կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդատիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնը (TUSAŞ): Նշվում է, որ ներկա դրությամբ արդեն իսկ ավարտվել են կործանիչի նախագծման և տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքները, որոնք տևել են 2.5 տարի:
Նախատեսված է Թուրքիայի զինված ուժերը սեփական արտադրության առաջին կործանիչով համալրելու ողջ գործընթացն ավարտել 2030-ական թվականներին: Թուրքական արտադրության կործանիչը կփոխարինի ներկայումս երկրի զինված ուժերի կազմում գտնվող F-16 կործանիչներին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը հաղորդվել էր, թե Թուրքիայի պաշտպանության նախարարությունն առաջիկա մի քանի տարիներին սեփական արտադրության նոր TF-X կործանիչի ստեղծման ու գնման վրա ծախսելու է 31-33 միլիարդ դոլար:
Նախնական գնահատմամբ՝ նոր մարտական ինքնաթիռի 8 թռիչքային նախատիպերի ստեղծումն Անկարայի համար արժենալու է մոտ 10 միլիարդ դոլար: TF-X-ի փորձարկումներից և սպառազինության մեջ ընդունվելուց հետո կարող է գնվել 200 միավոր այդպիսի ինքնաթիռ:
Յուրաքանչյուր ինքնաթիռի արժեքը կազմում է մոտ 100 միլիոն դոլար: Դրանով իսկ այդ նախագծի վրա Թուրքիայի համատեղ ծախսերը կազմելու են 31-33 միլիարդ դոլար: