Ապագա վարչապետի կուսակցական պատկանելությունը մեզ համար կարևոր չի. Գործատուների միության նախագահ
«Ապագա վարչապետի կուսակցական պատկանելությունը մեզ համար կարևոր չի: Տարիների ընթացքում տնտեսությունը թուլացել է, ինչքան առաջադեմ ընկերություններ թուլացան, կամ շատ թույլերը փակվեցին, ձեռնարկությունները շատ քիչ շրջանառություն ունեն, կամ պատվերներով բեռնված չեն, իրենք չեն էլ ձգտում արտահանման համար լավագույն մենեջմենթի, միջազգային սերտիֆիկացման ճանապարհով գնալ: Գործատուները խուսափում էին արդեն վարկեր վերցնել, որովհետև բացի բանկային խնդիրներից, տնտեսության նկատմամբ կար անորոշություն: Այն որոշումները, որ կառավարությունը ներկայացնում էր տարբեր կազմակերպությունների վարկավորելու կամ ԱԱՀ հետաձգման թույլտվությունների վերաբերյալ, դրանք ավելի շատ լինում էին որոշակի շրջանակի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյան հրաժարականի մասին:
Թե ի՞նչ են սպասում ապագա ՀՀ վարչապետից, Մակարյանը պատասխանեց, որ ակնկալում են, որ գա մեկը, ով այս դասերի վրա կփորձի ավելի թափանցիկ աշխատել և կփորձի դիվանագիտական առումով մանևրել որոշակի իրավիճակների մեջ: Ըստ նրա՝ ՄՄ-ին անդամակցելու տեմպերը պետք է դանդաղեցվեն, մինչև սեպտեմբեր-հկտեմբեր այդ խնդիրը պետք է որոշակի ձգձգել և փորձել հասկանալ ընդհանուր իրավիճակները:
«Ամենակարևորը՝ ակնկալում ենք, որ փորձի բոլորի համար հավասար պայմաններ ապահովել: Այստեղ փոքր բիզնես, խոշոր բիզնես, անհավասար մրցակցություն, բոլորը շաղախվել և քաոսային վիճակ է ստեղծվել: Ըստ տարիների դիտարկելիս՝ անհավասար մրցկացությունը չպակասեց, կոռուպցիան ավելացավ, աղքատությունն ավելացավ, միգրացիան ավելացավ, բիզնեսները փակվեցին, գործազրկությունն ավելացավ, ձեռնարկությունների արդյունավետությունն ընկավ, փոքր բիզնեսն իր գրպանի փողերը ծախսեց, վերջացրեց, էլ գումար չունի և այլն: Կարևոր է, որ կարողանա կառավարության կաբինետը լիարժեք աշխատացնել»,- ասաց Գ.Մակարյանը՝ նշելով, որ շատ քիչ նախարարությունների և նախարարների գործունեությունը միջին և բարձր կարելի է գնահատել, մի քանիսը միջինից ցածր են, մյուսները՝ անբավարար. «Վարչապետը, որպես մենեջեր պետք է յուրաքանչյուր նախարարության կարողանա ճիշտ աշխատեցնել: Որոշ նախարարութուններում բացարձակապես առաջընթաց, նոր գաղափարներ չկան: Եթե ամեն մի նախարար կամ նախարարություն ամիսը մեկ 1 գաղափար ներկայացնի, տարին կկազմի 12, իսկ 17 նախարարություն միասին կկազմի 200 տարբեր հետաքրքիր առաջարկներ, որից եթե նույնիսկ 10% կատարվի, մենք տարեկան 20 գեղեցիկ գաղափար կիրականացնենք և կդառնանք ավելի ժամանակակից պետություն՝ ավելի ժամանակակից կառավարման մոդելով, ոչ թե լճացած նախարարություներ ու հարյուրավոր կոմիտեներ, որ չգիտես թե ինչով են զբաղվում»: