Արմեն Խարազյան. «Հայաստանն ինքն է իրեն հանձնել Ռուսաստանին»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դրդապատճառներն արտաքին ազդակները չեն: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ընդհանրապես չի զբաղվում Հայաստանում վարչապետներ փոխելով, դրա կարիքը չկա:

«Թերևս, ՀՀ-ում կարծիք կա, որ Ռուսաստանից են ազդակներ եղել: Չեմ կարող ասել, բայց ինձ մոտ երբեք այն տպավորությունը չի եղել, որ Տիգրան Սարգսյանն արևմտամետ ինչ-որ հակումներ է ունեցել՝ որպես վարչապետ: Նրա վարչապետության օրոք ՀՀ-ն շարունակել է ընթանալ նախագահի հաստատված քաղաքական կուրսով: Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանն ունեցել է առանձին ինչ-որ քաղաքական կուրս: Եվ Ռուսաստանի համար չեմ տեսնում, թե ինչ արժեք պետք է ներկայացնի ՀՀ վարչապետ փոխելը»,- ասաց Ա.Խարազյանը:

Ըստ նրա, խնդիրը ներքին է և բաղկացած է 3 բաղադրիչներից՝ իշխանական ներքին խմորումներ, իշխանության արձագանք, որոշ հայաստանյան զարգացումների և անձնական վարկանիշի անկում: Ա.Խարազյանի դիտարկմամբ՝ վարչապետի անձը վերջերս բավականին բաց էր տարբեր տեսակի քննադատությունների համար, հատկապես նրա օֆշորային գործարքների ու կոռուպցիոն խնդիրների հետ կապված, ինչը բերում է որոշ վարկաբեկման. «Առանց հեռու գնացող եզրակացությունների, թե նա իրո՞ք ներգրավված է այդ գործարքներում, պարզապես հանրային մակարդակով տեղի ունեցող քննարկումը և այդքան սպեցիֆիկ կոնտեքստներով արդեն օգտակար չէ որևէ քաղաքական գործչի համար»:

Ա.Խարազյանը նկատեց, որ Տիգրան Սարգսյանն արդեն 6 տարի պաշտոնավարում էր, ինչը Հայաստանի նման երկրի համար քիչ չէ: Նրա կարծիքով՝ չկա որևէ պատճառ, որ այս իրադարձությունը որպես շրջադարձային փուլ գնահատվի:

Կարդացեք նաև

«Այո, վարչապետի փոփոխությունը բերում է անձերի փոփոխության, սակայն չեմ կարծում, որ դա կբերի Հայաստանի տնտեսական կուրսի փոփոխության: Եվ չեմ կարծում, որ վարչապետն ինքը եվրոպական ինտեգրման կողմնակիցն էր: Ես նրա հետ աշխատել եմ, բայց այդ տպավորությունը չեմ ստացել: Խոսքով նա տարբեր առիթներ է ունեցել հաճախակի իր հավատարմությունն ու նվիրվածությունը հայտնելու եվրոպական արժեքներին, և ճամփորդելիս միշտ էլ հաճույքով է ճամփորդել, բայց իր գործը՝ իբրև վարչապետ, որևէ կերպ չի երկրորդում իր խոսքին: Ես չեմ տեսնում իր վարչապետության շրջանում ձեռնարկված որևէ քայլ, որը կհաստատեր, որ նա եվրոպամետ էր և ձգտում էր եվրաինտեգրման: Հակառակը՝ նա խիստ զգայուն էր Մոսկվայից եկող ազդակների նկատմամբ և շատ հաճախ աշխատում էր այդ ազդակների ազդեցության տակ: Միշտ նրա խոսքի և գործի միջև մեծ անդունդ է եղել»,- նշեց Ա.Խարազյանը:

Մեր դիտարկմանը, որ վերջերս Տիգրան Սարգսյանը Բրյուսելում խոսել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու մասին, Ա. Խարազյանը պատասխանեց. «Բայց ստորագրե՞ց: Ո՛չ: Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի ստորագրման հարցը Եվրոպայում բարձրացավ միայն Ուկրաինայի իրադարձությունների ազդեցության տակ:

Այն, հավանաբար, միայն Ուկրաինային և այն երկրներին կառաջադրվի, որոնք այդքան զրկանքներ կրեցին կամ կկրեն: Քաղաքական ու տնտեսական բաղադրիչների անջատմամբ այս համաձայնագրի ներկայացումն Ուկրաինային պատասխան է այդ երկրի դրսևորած վճռականությանը՝ շարունակել գնալ եվրաինտեգրման ուղղությամբ, անկախ նրանից, թե Ռուսաստանն ինչքան ճնշում կգործադրի նրա վրա: Հայաստանը պատրաստ չէ այդպիսի ճնշումների, բայց ցանկանում է հնարավորինս ստանալ Եվրոպայից այն, ինչ կարելի է ստանալ՝ առանց եվրաինտեգրմանը համարժեք չափանիշների շրջանակներում գործունեություն ծավալելու»:

Նա նաև նկատեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում որևէ կշիռ այսօր չունի, Մոլդովան, որ նույնիսկ լոբբիստական աշխատանք չի իրականացնում ԱՄՆ-ում, ավելի շատ աջակցություն է ստանում, քան Հայաստանը, որ լոբբիզմի վրա զգալի գումար ու ջանք է ծախսում. «Այստեղ Հայաստանին չեն էլ հիշում: Բայց Հայաստանին ԱՄՆ-ը կամ Արևմուտքը չեն հանձնել Ռուսաստանին, այլ Հայաստանն ինքն է իրեն հանձնել Ռուսաստանին»:

Տեսանյութեր

Լրահոս