Տիգրան Սարգսյանը խիստ զգայուն էր Մոսկվայից եկող ազդակների նկատմամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դրդապատճառներն արտաքին ազդակները չեն: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ընդհանրապես չի զբաղվում Հայաստանոմ վարչապետեր փոխելով, դրա կարիքը չկա:
«Թերևս ՀՀ-ում կարծիք կա, որ Ռուսաստանից են ազդակներ եղել: Չեմ կարող ասել, բայց ինձ մոտ երբեք այն տպավորությունը չի եղել, որ Տիգրան Սարգսյանն արևմտամետ ինչ-որ հակումներ է ունեցել՝ որպես վարչապետ: Նրա վարչապետության օրոք ՀՀ-ն շարունակել է ընթանալ նախագահի հաստատված քաղաքական կուրսով: Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանն ունեցել է առանձին ինչ-որ քաղաքական կուրս: Եվ Ռուսաստանի համար չեմ տեսնում, թե ինչ արժեք պետք է ներկայացնի ՀՀ վարչապետ փոխելը»,- ասաց Ա.Խարազյանը:
Ա.Խարազյանը նկատեց, որ Տիգրան Սարգսյանն արդեն 6 տարի պաշտոնավարում էր, ինչը Հայաստանի նման երկրի համար քիչ չէ: Նրա կարծիքով՝ չկա որևէ պատճառ, որ այս իրադարձությունը որպես շրջադարձային փուլ գնահատվի:
«Այո, վարչապետի փոփոխությունը բերում է անձերի փոփոխության, սակայն չեմ կարծում, որ դա կբերի Հայաստանի տնտեսական կուրսի փոփոխության: Եվ, չեմ կարծում, որ վարչապետն ինքը եվրոպական ինտեգրման կողմնակիցն էր: Ես նրա հետ աշխատել եմ, բայց այդ տպավորությունը չեմ ստացել: Խոսքով նա տարբեր առիթներ է ունեցել հաճախակի իր հավատարմությունն ու նվիրվածությունը հայտնելու եվրոպական արժեքներին, և ճամփորդելիս միշտ էլ հաճույքով է ճամփորդել, բայց իր գործը՝ իբրև վարչապետ որևէ կերպ չի երկրորդում իր խոսքին: Ես չեմ տեսնում իր վարչապետության շրջանում ձեռնարկված որևէ քայլ, որը կհաստատեր, որ նա եվրոպամետ էր և ձգտում էր եվրաինտեգրման: Հակառակը՝ նա խիստ զգայուն էր Մոսկվայից եկող ազդակների նկատմամբ և շատ հաճախ աշխատում էր այդ ազդակների ազդեցության տակ: Միշտ նրա խոսքի և գործի միջև մեծ անդունդ է եղել»,- նշեց Ա.Խարազյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: