Սերժ Սարգսյանը կհանձնի իշխանությունն ամբողջությա՞մբ, թե՞ կհաղթի այս պարտիան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Ավելի կոնկրետ` պաշտոնանկ արվեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ինչը ներկայացվեց՝ որպես հրաժարականի ներկայացում սեփական ցանկությամբ: Երեկոյան հրաժարական ներկայացնող վարչապետն առավոտյան չի պաշտպանում նախօրեին հակասահմանադրական ճանաչված օրենքը և չի հոխորտում իր քաղաքական հակառակորդների վրա. դա անիմաստ է ոչ միայն՝ մարդկայնորեն, այլ առաջին հերթին՝ քաղաքականապես:

Դրակա՞ն է Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը, թե՞ բացասական: Գնահատականներում սուբյեկտիվությունից խուսափելու համար անհրաժեշտ է չմոռանալ հարաբերականության մասին, ինչից բխում է, որ տեղի ունեցածը կարող է հավասարապես թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքներ ունենալ:

Անշուշտ, դրական է, որ երբևէ Հայաստանի տնտեսության ամենաբացասական ցուցանիշներն արձանագրած և այդ հարցում գոնե փոքր-ինչ սեփական սխալները չխոստովանող ու ամեն ձախողումից հետո իր ճշմարտացիության պնդումները կուտակային համառությամբ ավելացնող վարչապետը հեռանում է այդ պաշտոնից:
Այսինքն՝ Հայաստանում երեկ տեղի է ունեցել իրադարձություն, որը առաջին ընկալմամբ դրական պետք է համարել:

Կրկնում ենք՝ հարաբերականորեն: Որովհետև բացարձակ իմաստով Սարգսյանի հրաժարականը դրական գնահատելու համար սպետք է սպասել, թե ո՞վ կլինի հաջորդ վարչապետը, ի՞նչ ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ կնշանակվի նա, և ի՞նչ տրամաբանություն կդրվի նոր կառավարության գործունեության հիմքում: Մինչ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա՝ բացասականի սպասումը նույնքան է, որքան դրականի: Քանի որ, եթե վարչապետ նշանակվի, այսպես ասենք, «քառյակային» կամ քոչարյանական շրջանակից որևէ մեկը՝ անկախ անուն-ազգանունից, ապա դրականի մասին պետք է մոռանալ:

Ոչ թե նոր վարչապետի անձի, այլ նրա նշանակման տրամաբանության պատճառով: Քոչարյանական շրջանակի վարչապետը կնշանակի՝ ևս մեկ քայլ Հայաստանի ինքնիշխանության կորստի ճանապարհին, կարձանագրի արդեն նաև ներքին հարցերում Սերժ Սարգսյանի սուվերենության վերջնական կորուստը: Քոչարյանական վարչապետը կնշանակի՝ Մոսկվայից նշանակված վարչապետ, ինչին վերջին շրջանում բազմիցս անդրադարձել ենք: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն, անկախ ամեն ինչից, նոր վարչապետի թեկնածությունը համաձայնեցնելու է Մոսկվայի հետ, ինչպես վարվել են Հայաստանի բոլոր իշխանություններն ու բոլոր նախագահները:

Սակայն համաձայնեցնելն այլ է, Մոսկվայի ցուցումով նշանակելը՝ միանգամայն այլ: Քանի որ, եթե, այնուամենայնիվ, վարչապետ նշանակվի ռուսական ցուցումով, իսկ այդ դեպքում այն կլինի քոչարյանական կամ «քառյակային» շրջանակից, ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականը կարելի կլինի համարել՝ որպես Սերժ Սարգսյանի կողմից իշխանության հանձնման առաջին քայլ:

Իսկ եթե Սերժ Սարգսյանը կարողանա դիմադրել ռուսական ճնշմանը և բավարարվի նոր վարչապետի թեկնածությունը գոնե համաձայնեցնելով, ու արդյունքում՝ վարչապետ դառնա նաև ռուսական ուղղվածության ներքին խաղացողների համար համեմատաբար ընդունելի թեկնածու, որպես դրա հետևանք էլ՝ ասենք, «Բարգավաճ Հայաստանը» կամ ՀՅԴ-ն մաս կազմեն նոր կառավարությանը, ապա կարելի կլինի արձանագրել, որ Սերժ Սարգսյանը եթե ոչ՝ երկարաժամկետ, ապա՝ միջին ժամկետային հեռանկարում հաղթեց այս պարտիան:

Դրանով է պայմանավորված լինելու «հրաշալի քառյակի» հետագա գործունեությունը, ինչպես որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն էր, բնականաբար, գոնե ինչ-որ չափով կապված քառյակի՝ այս շրջանին նախորդած գործունեությամբ: Հիմնական հարցն այն է՝ արդյո՞ք քառյակը կշարունակի հանրահավաքային պայքարը, թե՞ ոչ: Անկախ նոր վարչապետի անձից՝ այդ պայքարն ընդամենը մեկ պահանջի շուրջ կարող է տեղի ունենալ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կգնա դրան:

Տեղեկություններ են հրապարակվել, որ արտերկրից վերադառնալուց հետո Գ.Ծառուկյանը հանդիպելու է Ս.Սարգսյանին: Դա արդեն իսկ մեծ չափով տալիս է վերը բերված հարցի պատասխանը՝ ոչ: Քանի որ ոչ միայն՝ մարդկայնորեն, այլ նաև քաղաքականապես անտրամաբանական է, որ քաղաքական ուժերից մեկի ղեկավարը հանդիպի գործող նախագահին ու մի քանի օր անց դուրս գա փողոց՝ նրա հրաժարականի պահանջով:

Թեև դա քաղաքական երևույթների պարզունակ դետալացում է: Քանի որ հասկանալի է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել-չպահանջելը որոշվելու է ոչ թե Ծառուկյանի ցանկությամբ կամ համարձակությամբ, այլ Մոսկվայի, կամ Մոսկվայի ցանկությամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից փոխանցված ցուցումով: «Ничего личного»,- ինչպես ամերիկյան քաղաքական սլենգում ընդունվածը թարգմանաբար ասում են ռուսները: Այստեղ անձերի ցանկությունը գուցե ամենափոքր ազդեցությունն ունի որոշումների վրա:

Սա անցած տարվա սեպտեմբերի 3-ից ու դեկտեմբերի 2-ից հետո Հայաստանում գործող քաղաքական տրամաբանությունն է: Տրամաբանություն, որի ֆորմալ հիմքը դրվել է Սերժ Սարգսյանի ստորագրություններով, իսկ քաղաքական նախադրյալները՝ Հայաստանի «արմատական» ուժերի գործունեությամբ: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և նրանց սպասարկող քաղաքական համակարգերը հասցրեցին նրան, որ Սերժ Սարգսյանը կամ պետք է  հանձներ Հայաստանը, կամ իշխանությունը հանձներ նրանց, ովքեր Հայաստանը կհանձնեին ավելի հիմնավորապես ու անշրջելի:  Սերժ Սարգսյանը, ինչպես և կարելի էր սպասել, ընտրեց առաջին տարբերակը: Ոչ թե Հայաստանի հանձնումը համեմատաբար շրջելի դարձնելու, այլ անխուսափելի գործընթացում գոնե իշխանությունը պահպանելու համար: Դրա հետևանքները մենք տեսնում ենք այսօր:

Վերադառնալով նոր վարչապետի հնարավոր թեկնածուներին, նշենք, որ շրջանառվող անունների թվում ամենահավանականներից մեկը համարվող՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նշանակումը ստեղծված իրավիճակի, թերևս, ամենաօպտիմալ ելքը կարող է լինել: Օհանյանը Սերժ Սարգսյանի համար ամենավստահելի և ամենաանվտանգ թեկնածուն է ներքին դիմակայության և պալատական հեղաշրջումը կանխելու առումով, նա միաժամանակ կարող է ընդունելի լինել Ռուսաստանի համար:

Սեյրան Օհանյանը ևս ռուսական ուղեծրի գործիչ է, ինչպես Հայաստանում գրեթե բոլորը, այդ թվում՝ իրենց ոչ իշխանական ուժեր հորջորջողների մեծ մասի ներկայացուցիչները: Բայց Սեյրան Օհանյանի դեպքում ռուսական ազդեցությունը, եթե կարելի է այդպես ասել, օբյեկտիվ իրողություն է՝ պայմանավորված հայ-ռուսական ռազմական հարաբերություններով և նրա զբաղեցրած պաշտոններով: Ի տարբերություն քաղաքական դաշտի, բառի բուն իմաստով, ռուսական գործիչների, որոնց ազդեցությունը ոչ թե օբյեկտիվ անհրաժեշտություն է, այլ մերձկրեմլյան «տուսովչիկների» ուղղակի ցուցումներով պայմանավորված ազդեցություն՝ դրանից բխող բոլոր վտանգավոր ու անցանկալի հետևանքներով:

Մյուս կողմից՝ լինելով ռուսական ռազմական ղեկավարության կողմից ընդունված գործիչ, Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները հասցրել է հնարավոր առավելագույնի, ինչը, բնականաբար, չափազանց կարևոր հանգամանք է՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով:

Այսպիսով, առաջիկա 10-20 օրերին հայտնի է դառնալու ոչ միայն ու ոչ այնքան՝ նոր վարչապետի անունը, որքան՝ Սերժ Սարգսյանի իշխանության ու նախագահի պաշտոնում նրա սուվերենության աստիճանը: Կկարողանա՞ արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելու մանդատը Ռուսաստանին հանձնած Սերժ Սարգսյանը պահպանել ինքնուրույնությունը գոնե ներքին կադրային հարցերում: Սա է Հայաստանի Հանրապետության համար առաջին հարցն այսօր: Այդ հարցի պատասխանն է կրելու Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետը:

Հ.Գ. Վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների ցանկում, ինչպես և պետք էր սպասել, շրջանառվում է նաև Ռոբերտ Քոչարյանի անունը: Նրա մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօր հայտարարել է, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Իհարկե, անգամ այդ հայտարարությունից հետո ամբողջությամբ պետք չէ բացառել Քոչարյանի նշանակումը վարչապետի պաշտոնում:

Դրա համար կա ամբողջ 10-20 օր ժամանակ, և գուցե այդ օրերից մեկում «խոսակցությունները դառնան իրականությանը համապատասխանող»: Բայց եթե դա տեղի ունենա՝ Քոչարյանը նշանակվի վարչապետ, ապա դա կամ կնշանակի, որ Սերժ Սարգսյանը հանձնում է իշխանությունն ամբողջությամբ, կամ հանձնում է՝ 2018 թվականին վերադառնալու հաշվարկով: Առաջին դեպքում՝ Քոչարյանի հետ երբեմնի պայմանավորվածությունների խախտմամբ, երկրորդ դեպքում՝ այդ պայմանավորվածությունների պահպանման տրամաբանությամբ: Ասվածը վերաբերում է ոչ միայն անձամբ Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև նրա հովանավորյալ որևէ գործչի վարչապետ նշանակելու պարագային:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս