
Բրազիլիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պաշտոնապես հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպան Ֆեդերիկա Մեյերին, որի գործառույթներն այժմ կատարելու է գործերի ժամանակավոր հավատարմատարը: Այդ մասին հայտնում է բրազիլական Globo կայքը:
Թել Ավիվում Բրազիլիայի դեսպանատան ղեկավարումը և մյուս գործառույթները կստանձնի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆաբիու Ֆարիասը: Այդպիսով, ինչպես նշում է կայքը, Բրազիլիան որոշել է իջեցնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Երկիրն առայժմ մտադիր չէ նոր դեսպան նշանակել:
Բրազիլիայի արտգործնախարարությունն, արձագանքելով Մեյերին պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) հայտարարելու վերաբերյալ Իսրայելի ԱԳՆ որոշմանը, դեռ երեք ամիս առաջ էր հետ կանչել իր դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այն ժամանակ այդ որոշումը, ինչպես նշում էր բրազիլական կողմը, չէր ազդում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակին: Մայիսի 24-ին Մեյերը վերադարձել էր Իսրայել, սակայն հիմա կտեղափոխվի Ժնև՝ նոր աշխատանքի։
Երկրների միջև հարաբերությունները վատթարացել են Գազայի հատվածում ծավալվող իրադարձությունները Պաղեստինի ժողովրդի դեմ ցեղասպանություն որակելու մասին Բրազիլիայի նախագահի հայտարարությունից հետո: Իսրայելը կտրուկ արձագանքեց այդ հայտարարությանը: Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշեց, որ Բրազիլիայի նախագահը «հատել է կարմիր գիծը»։